ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.10.2018, 15:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10 » Որոշիչը հայ ժողովրդի ազատ կամքն է /Միացյալ Նահանգները ավելացնում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալները/
10:08
Որոշիչը հայ ժողովրդի ազատ կամքն է /Միացյալ Նահանգները ավելացնում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալները/

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիվանագիտական գործունեությունն ավարտելու առիթով հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ—ում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Նա իր ելույթում ընդգծեց, որ ՀԱԱՊ—ն այսօր դարձել է ավելի բազմանպատակ, գործարարների շահերն է պաշտպանում, խթանում է հայ— ամերիկյան հարաբերությունները։
Այնուհետեւ իր հրաժեշտի զեկույցում Միլսն ասաց, որ մեկնելուց առաջ ավելի շատ ցանկանում է խոսել այն գերակայություններից, որոնք եղել են իր պաշտոնավարման տարիների ընթացքում։
«Գերակայություններից մեկը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, երկրորդը՝ գերակայությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդումն էր։ Սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ո՛չ ես, ո՛չ Միացյալ Նահանգների դեսպանատունը չէինք կանխատեսել ապրիլ—մայիսյան իրադարձությունները, մարդիկ կարծում էին, որ Հայաստանում կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը եւ թույլ է տալիս, որ լինի կոռուպցիա, վտանգում է ժողովրդավարությունը. փոփոխության այս հանրային պահանջն օդում էր, զգացվում էր։ Մենք կարծում էինք, որ «Իմ քայլը» շարժումը կարող է փոփոխության գործակալ դառնալ։ Այժմ կա Հայաստան, որ այնքան մեծ հույսեր է ձեւավորել շատ ու շատ հայերի մոտ։ Նրանք, ովքեր ասում են, որ կա արտաքին ազդեցություն, նրանք ժխտում են հայ ժողովրդի ազատ կամքը»,–ասաց Միլսը։
Նա նշեց, որ իրենք ցանկանում են օգնել Հայատանին, որպեսզի տեղական կայուն ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն իրավական համակարգում, արդարադատության համակարգում, որպեսզի տեսնեն Հայաստան, որտեղ չկա կոռուպցիա։
Դեսպանի խոսքով՝ իրենց մյուս գերակայությունը վերաբերում է բիզնես եւ առեւտրային քաղաքականությանը, նպաստելու տնտեսական աճին Հայաստանում։
«Միացյալ Նահանգների դեսպանությունը աջակցել է տարբեր նախաձեռնությունների, եւ մենք օգնել ենք, որպեսզի հետագա գործակցության նոր հնարավորություններ լինեն տարբեր ոլորտներում։ ԱՄՆ—ից կա հետաքրքրություն Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ։ Մենք ձգտում ենք խորացնել մեր երկկողմ համագործակցությունը Առեւտրի եւ ներդրումների համաձայնագրի շրջանակում։ Այս համաձայնագրի օրինակը խոսում է մեր տնտեսական հարաբերությունների ամրության մասին»,– ասաց դեսպանը։
Միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Ռիչարդ Միլսը, պատասխանելով Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող հարցին, ասաց. «Խորհրդարանական ընտրությունների օրը Հայաստանի կառավարությունը, կուսակցությունները եւ ժողովուրդը պետք է որոշեն»։
Նա շեշտեց, որ իրենք դեսպանությունում շարունակում են ուշադիր հետեւել Հայաստանի ներքին զարգացումներին։
«Հոկտեմբերի 2—ին, ինչպես բոլորը, մենք նույնպես հետեւում էինք, եւ ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց։ Ինչպես Հայաստանի բոլոր բարեկամները, այնպես էլ ԱՄՆ—ն ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդարացի։ Դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել եւ մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում ձեւավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն եւ կայուն մեծամասնություն»,–նշեց դեսպանը։
Նա ասաց, որ տարբեր կողմերի հետ խոսակցությունների ժամանակ իր համար պարզ է դարձել, որ բոլորը ցանկանում են միմյանց հետ ընդհանուր փոխզիջումների գալ, որն իր հետ կբերի կայունություն։
Լրագրողների հարցին, թե «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի անկախության օրվան նվիրված ուղերձում նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ Արցախի հարցի լուծման համար, ի՞նչ է սա նշանակում, եւ որո՞նք են նման հայտարարության հիմքերը», Միլսը պատասխանեց. «Երկու երկրների նախագահներին ուղղված որեւէ գաղտնի, թաքնված ուղերձ չկա Թրամփի կողմից։ Մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկրներում վերջին շրջանում, անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում եւ այս տարի մայիսին այս դրամատիկ փոփոխությունները Հայաստաում։ Նախագահի ուղերձի այս խոսքերը կարծես վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, տրամադրվածություններ, որոնք կարող են օգնել եւ խթանել՝ նոր լուծումներ գտնելու, դա հույսի եւ ակնալիքի դրսեւորում է»։
Մեկ այլ հարցի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջոն Ադամսի գիրքը նվիրելով ի՞նչ ուղերձ է դրել դրանում՝ դեսպանը պատասխանեց. «Ուղերձը շատ բարդ է ու գաղտնի չէ. շատ ու շատ բաներով վարչապետն ինձ հիշեցնում է Ադամսին, որը մեր հիմնադիր հայրերից մեկն էր եւ դարձավ մեր երկրորդ նախագահը։ Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ ու ժողովրդավարություն տեսնել երկրում։ Ադամսը, լինելով հռչակագրի ստորագրողներից մեկը, իր ողջ կյանքը այնպես ապրեց, որ ժողովրդի կամքը մշտապես լսելի լինի»։
Միլսի խոսքով՝ մակագրության մեջ մեջբերել է Ադամսի խոսքերը, որ հեղափոխությունը ԱՄՆ—ում չի եղել փողոցներում, այլ եղել է մարդկանց մտքում, մարդկանց մեջ, եւ նրանք կարողացել են իրար լսել։ 
Ի դեպ, ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավելի է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից։
Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը եւ անկախ ԶԼՄ—ներին։ Այդ միջոցները նաեւ կուղղվեն վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար եւ առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար, այդ թվում նաեւ աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստանի՝ արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։
Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումներ։ Հայաստանի քաղաքական անցմանն աջակցելու համար այս ծրագրերը կօգնեն վերակառուցել բազմակուսակցական քաղաքական համակարգերը եւ կնպաստեն ազատ ու արդարացի ընտրություններին։ Աջակցությունը նաեւ ուղղվում է քաղաքացիական հասարակության հզորացմանն ու անկախ ԶԼՄ—ների հասանելիության բարելավմանը։
Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը եւ խթանելով նորարարությունը։ Աջակցություն կլինի նաեւ էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների եւ միջսահմանային առեւտրի ու ինտեգրման հարցերում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018