Կառավարության երեկվա նիստից առաջ լրագրողները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից փորձեցին ճշտել, թե հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։
Նախարարը պարզաբանեց, որ այս պահին ունենք ցուցանիշների որոշակի նվազում արդյունաբերության մասով, որն ավելի շատ պայմանավորված է պաշարների առկայության եւ դրա իրացման խնդիրներով։ Եվ հիմա իրենք ուսումնասիրում են խնդիրները։ Կա նաեւ վարչապետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել, որ արտահանման ուղղությամբ հնարավոր խոչընդոտները վերանան։ Մնացած ցուցանիշների մասով էլ փորձում են հասկանալ, ինչ պատճառով է նվազումը։ «Սակայն պոտենցիալը լավատեսություն է ներշնչում»,–լավատեսորեն ասաց նախարարը։
Իսկ նման նվազած ցուցանիշով հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։ Համենայնդեպս, ըստ Արծվիկ Մինասյանի, կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը, հակառակը՝ իրենք մտածում են, որ կունենան ավելի լավ միջավայր, որը կնպաստի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։
Թե ըստ կանխատեսումների՝ ինչքան տնտեսական աճ կունենանք տարեվերջին, նախարարը չասաց. «Թույլ տվեք չհրապարակել, դրանք այնքան նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն»։
Լրագրողները նուրբ թեման թողնելով անցան ներդրումներին։ Զրույցից պարզ դարձավ, որ մեծ ծավալի ներդրումներ են սպասվում։
Ովքե՞ր են ներդրողները հարցին նախարարը պատասխանեց. «Նրանց անունները չեմ հրապարակի»։
Իսկ այդ ներդրումները որ ուղղությամբ կդրվեն. արտադրությա՞ն, թե՞ էլի սպասարկման, ծառայությունների ու առեւտրի։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Ա. Մինասյանը հստակեցրեց, որ ներդրումները կլինեն արդյունաբերության, զբոսաշրջության ու բարձրարժեք ծառայությունների ոլորտներում։ Հավելեց նաեւ, որ «բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը։ Գրեթե բոլոր զարգացած երկրներից կան ցանկություն հայտնած ներդրողներ, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Չինաստանից ու Եվրոպայից»։
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի աղմուկ հանած նախագիծն ընդունվեց։ Հաշտվե՞ց այդ մտքի հետ Արծվիկ Մինասյանը։ Նա ժպտաց եւ ասաց, թե ընդունված նախագիծը ընդամենը շահառուների բեռը թեթեւացնելու ժամանակավոր լուծում է առաջարկում։ Իրենք մանրամասն վերլուծության կենթարկեն համակարգը եւ համապատասխան առաջարկ կներկայացնեն։
|