ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 19 » «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» /Երեւանում մեկնարկեց Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական եռօրյա համաժողովը/
12:43
«Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» /Երեւանում մեկնարկեց Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական եռօրյա համաժողովը/

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական համաժողովը։
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, չխնայեցիք ձեր ժամանակն ու նյութական միջոցները, եկաք իրականություն դարձնելու համահայկական այս ամենամեծ հարթակի աշխատանքները»,– ասաց նա։
Հայաստան—սփյուռք 5—րդ համաժողովից անցել է ուղիղ 3 տարի եւ, նրա խոսքով՝ անցած համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, դիտողությունները համակարգվել, դասդասվել են, լրացվել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթներին համապատասխան եւ դարձել Հայաստան—սփյուռք գործակցության անցած տարիների ուղենիշ։
«Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այդ հարցադրումները, գործակցելով հոգեւոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել եւ իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ։ Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու սփյուռքի կապը հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները»,–հայտարարեց Հրանուշ Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ միասնության առհավատչյան է նաեւ այս համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1800 մարդ 71 երկրից. «Ուրախալի է, որ մասնակիցների 35%—ից ավելին կանայք են, մոտ 20%—ը կազմում են երիտասարդները։ Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90—ից ավելին՝ խմբագիրներ, լրագրողներ են»։
Սփյուռքի նախարարը նաեւ նշեց, որ համաժողովին մասնակցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետեր։ Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ—ից, ԱՄՆ—ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից։
Բացի այդ, համաժողովին մասնակցում են տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ։ Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ։
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համաժողովի օրակարգը խիստ հագեցած է, այն ներառում է հայրենիքի անվտանգության եւ պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման եւ հայապահպանության հիմնախնդիրները։
«Որքանով համաժողովը կլինի կազմակերպված, գործնական եւ արդյունավետ՝ կախված է այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրից։ Համոզված եմ, որ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով, նոր նախագծերով, գաղափարներով կհարստացնեք Հայաստան—սփյուռք գործակցությունը եւ կնպաստեք նրա հետագա զարգացմանը»,–ասաց սփյուռքի նախարարը։
Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Օրհնության խոսքով հանդես եկավ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Հայաստան—սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ։ Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ։ Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400—ից ավելի պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ։ Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ—ից (259), ԱՄՆ—ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից։ Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ։
Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները։
Համաժողովի ընթացքում տեղի կունենա 3 լիագումար նիստ, ինչպես նաեւ 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստ, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին ժամանակակից մարտահրավերների պայմաններում, տարածաշրջանային մարտահրավերներին եւ ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը եւ հայապահպանության հիմնախնդիրներին։
Համաժողովի ընթացքում նախատեսված են 2 կլոր—սեղան—քննարկումներ։ Առաջին կլոր—սեղան քննարկումը վերաբերում է Համահայկական խորհրդի ձեւավորմանը։ Երկրորդ կլոր—սեղան քննարկումը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի, ինչպես նաեւ «Էրեբունի—Երեւանի» 2800—ամյակի տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը։
Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» թեմայով։
Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները կներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները։
Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի հայտարարություն։
Մարզահամերգային համալիրում ձեւավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը։ Առանձին տաղավարներով ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները։ «Մեգերյան կարպետը» ներկայացնում է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը։ 
Առանձին տաղավարներով իր տնտեսական եւ մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը։ Գործում է նաեւ «Ազգ—բանակ» գաղափարախոսությանը նվիրված տաղավար։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ։ Սեպտեմբերի 16—ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում արդեն բացվել է «Նաիրի» երաժշտական այգի—թանգարանը, որտեղ տեղադրված է հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան։ 
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50—ամյակին։ 
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10—ամյակը։ 
Սեպտեմբերի 20—ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանի եւ սփյուռքի արվեստի նշանավոր գործիչներ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024