Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 18 » Փոխգործակցության հնարավորություններ /ՀՀ ՊՆ պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում/
09:54
Փոխգործակցության հնարավորություններ /ՀՀ ՊՆ պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում/
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Կանադա, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նոյեմբերի 15—ի ուշ երեկոյան պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։
Նախօրեի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի Սեն—Ժան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։
Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կանադացի գործընկերներին է ներկայացրել ռազմամարզական ուղղվածությամբ հայաստանյան ավագ դպրոցի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փորձը։ Երկու կրթօջախների ուղղվածության եւ սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։
Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին։