Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած «HART» բարեգործական կազմակերպության անդամներին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը։
Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն եւ նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին։ Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը։