Հուլիսի 30, 31—ին եւ օգոստոսի 1—ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27—28—ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է։
Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Օգոստոսի 5—ից հետո, ըստ օդերեւութաբանի, սակայն, ջերմաստիճանը կնվազի 4—5 աստիճանով։ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, օրինակ՝ 1935, 1945, 1956, 1977 եւ 1979 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40—ի շեմը։ Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է։ Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4—ը։ Այսինքն մենք 8 օր կունենանք 38—40 աստիճան տաքություն։ Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»։ Զարուհի Պետրոսյանը հատկապես բնության գիրկ մեկնել պատրաստվողներին զգուշացրեց, որ հովտային շրջանում հրդեհավտանգ է, հետեւաբար անհրաժեշտ է խիստ զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքում ամենափոքր կայծն անգամ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։ Այն մասին, որ առաջիկա օրերին Երեւանի օդի ջերմաստիճանը կհատի 40—ի շեմը, Պետրոսյանի խոսքով, «Հայպետհիդրոմետը» «Ուշադրություն» խորագրով զգուշացումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։ Ամփոփելով, Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 29—ին Երեւանում կլինի 39, ամսի 30, 31—ին եւ 1—ին՝ 39—40 աստիճան տաքություն, իսկ հաջորդ 2 օրերին՝ 38—39 աստիճան։