ԵՄ—Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում։ Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում։
«Մենք վկա եղանք ԵՄ—Հայաստան հարաբերությունների եւ հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի։ Մեծ ջանք եւ վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ընդլայնելով առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները։ Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք համաձայնագիրը եւ մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների»,–նշել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
«Նոր համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաեւ հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու տրանս եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դարձնելու առնչությամբ։ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում առաջնորդները հավանություն տվեցին «20 արդյունք 2020 թվականի համարե փաստաթղթին, որը համալրում է մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունները»,–ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։
Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետեւ՝ 2017 թվականի նոյեմբերի 24—ին Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։
Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց համաձայնագիրը այս տարվա ապրիլի 11—ին, եւ 2018 թվականի հունիսի 1—ից համաձայնագիրը մտավ պայմանական կիրարկման փուլ։ Բացի այդ, «ԵՄ—Հայաստան գործընկերության առաջնահերթությունները», որը ստորագրվել է 2018 թ. փետրվարին, սահմանում է առանցքային ոլորտներում ապագա երկկողմ եւ ֆինանսական համագործակցության ուղենիշը՝ ձեւավորված 2018թ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում հաստատված գերակայություններին համահունչ։ 2018 թ. ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։ ԵՄ—ն կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը, ինչպես նաեւ նպաստում են դիմակայուն եւ բարեկեցիկ սոցիալ—տնտեսական համակարգին։
Զեկույցում առանձնացվում են մյուս նշանակալի զարգացումները։
|