ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 27 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
14:03
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային հակահարվածը, որ հոգեբանական բեկում առաջացրեց զորքի եւ բնակչության մոտ եւ հետագա օրերին վերաճեց հակահարձակման, նախաձեռնեց եւ իրականացրեց երեւանյան զորախմբի փոխհրամանատար գնդ. Դանիել Բեկ–Փիրումյանը՝ Մ. Սիլիկյանի աջակցությամբ։
Սարդարապատի ճակատամարտից 54 տարի անց, 1972թ. սեպտ. 3—ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա—ի հատուկ կոնդակով «Մայիսի 22—ը» մտցվեց Հայ առաքելական սբ. եկեղեցու օրացույցի մեջ՝ որպես «Սարդարապատի հերոսամարտում զոհվածների հիշատակը ոգեկոչելու օր»։ Կոնդակով հրահանգվում էր, այսուհետեւ ամեն տարի՝ այդ օրը, հայկական բոլոր եկեղեցիներում կատարել «հոգեհանգստյան հանդիսավոր պաշտոններ եւ պանծացնել նրանց զոհաբերումը՝ վասն հավատո եւ վասն հայրենյաց»։
—Մայիսի 24 — Թուրքերը ձեռնարկեցին հարձակում, բայց կրելով զգալի կորուստներ հայկական հրետանու (20 հրանոթ) դիպուկ կրակից, ետ շպրտվեցին ելման դիրքերը. կողմերի դրությունը մնաց անփոփոխ։
Թաքցնելու համար մայիսի 22—ի եւ 24—ի ծանր պարտությունները եւ արդարացնելու համար դրանց հետեւանքով ունեցած մեծ կորուստները, թուրքական հրամանատարությունը հնարեց Աղին կայարանում թուրքական զինվորական գնացքաշարի խորտակման կեղծ պատմություն եւ այն տարածեց մամուլի միջոցով։
—Մայիսի 25 — Սարդարապատի ջոկատն անցավ հարձակման Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակորդի դեմ։ Գեներալ Սիլիկյանի N4 հրամանով ստեղծված ԱՋ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (գնդ. Կազիմիրսկի) գրոհային զորասյունը (հրամ. շտաբս—կապիտան Սարգսյանց) հարձակվում էր երկաթգծից հյուսիս՝ հիմնականում Թյուլքի Թափա բարձունքի ուղղությամբ։ Երկաթգծից հարավ հարձակվող ՁԱԽ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (հրամ. գնդ. Պերեկրյոտով) գլխավոր նպատակակետը հենց Արաքս կայարանն էր։ Ամբողջ օրը եւ գիշերը տեւած մարտի ընթացքում, հայկական ուժերը՝ չնայած կորուստներին, այդպես էլ չկարողացան կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Փոխարենը պարզվեց, որ Արաքս կայարանը զբաղեցված է թշնամու ուժեղ խմբավորումով, հայկական հետախուզությունը մինչ այդ զեկուցել էր, որ թուրքերի հիմնական ուժերը կանգնած են Ղարաբուրուն կայարանում եւ Ն. Թալինում։
—Մայիսի 26 — Լուսաբացին թիկունքից առաջ քաշվեցին 5—րդ հարվածային գնդի մնացած 6 վաշտերը. Սիլիկյանը որոշեց երկու զորասյուների միաժամանակյա հարձակումով ետ շպրտել թշնամուն դեպի Ալեքսանդրապոլ։ Այդ նպատակով նրա կողմից տրված N5 հրամանով նախատեսվում էր՝
—գնդ. Կագիմիրսկու ԱՋ ԶՈՐԱՍՅԱՆԸ (5—րդ գնդի 2 վաշտեր, Հատուկ հեծյալ գնդից կես 100—յակ, կամավորական հեծելախումբ— 25 սուր եւ 2—րդ մարտկոցի 2 հր.)՝ լուսաբացին հարձակվել Արաքս կայարան — Ն. Թալին — Մաստարա — Մուսուղլի — Ալեքսանդրապոլ երթուղով։
–գնդ. Պերեկրյոստովի ՁԱԽ ԶՈՐԱՍՅԱՆԸ (Պարտիզանական գնդի 2 գումարտակ, Պարետային վաշտ, Հատուկ հեծյալ գնդի 2 հեծելավաշտ եւ 2—րդ մարտկոցի 2 հր.)՝ հարձակվել Արաքս կայարան — Ղարաբուրուն կայարան — այնուհետեւ երկաթգծի երկայնքով։
–5—րդ գնդի 2 վաշտեր եւ Թռուցիկ Հովսեփի խումբը (40 սուր) պետք է Ղարաբուքյանդ լեռից շարժվեին դեպի արեւմուտք՝ Բագարան քաղաքի ավերակների ուղղությամբ եւ այնուհետեւ Ախուրյան գետով ղեպի հյուսիս՝ պաշտպանելով ամբողջ ջոկատի ձախ թեւը։
Հայկական հարձակումից առաջ, մայիսի 25—26—ի գիշերը թուրքերը զգալիորեն ուժեղացրին Արաքս կայարան — 440 բ. 6 վերստանոց (6,5 կմ) ճակատը։ Կողմերը անմիջական շփման մեջ էին միմյանց հետ. նրանց միջեւ տարածությունը կազմում էր 800 քայլ։
—Մայիսի 26—ի առավոտյան, 5—րդ գնդի 1—ին գումարտակն իր հրամանատարի՝ շտաբս—կապիտան Վարդան Ջաղինյանցի հրամանով, ինքնագլուխ կերպով անհաջող հարձակում ձեռնարկեց 440 բարձունքի (Չիմնի Ղըռ) վրա եւ տալով մեծ կորուստներ (56 սպանված եւ վիրավոր, սպանվեց նաեւ Վ.Ջաղինյանցը)՝ ետ քաշվեց ելման դիրքերը։
Ռազմաճակատի մյուս հատվածներում ակտիվ գործողություններ տեղի չունեցան. միայն Պարտիզանական գունդը գնդացիրներով գնդակոծեց Արաքս կայարանը։
—Մայիսի 25—ի ճակատային անհաջող գրոհը Սիլիկյանին ստիպեց մայիսի 26—27—ի գիշերը ստեղծել մանեւրող ռեզերվ՝ հայկական աջ թեւից թուրքերի թիկունքը նետելու նպատակով։ Այդ խիստ պատասխանատու առաջադրանքը պետք է իրականացներ ԽԶՆԱՈՒԶԻ ՋՈԿԱՏԸ (Երզնկայի գունդ եւ Խնուսի գնդից կես վաշտ՝ 59 հոգի — ընդամենը 800 սվին եւ սուր, հրամ. կապիտան Կարապետ Հասան—Փաշայան)։
—Սարդարապատի կայարանում մայիսի 26—27—ի գիշերը ստեղծվեց նաեւ ընդհանուր ռեզերվ. Աջ զորասյանը Վ. Կուլիբեկլուից մոտեցվեց Իգդիրի գնդի 1 գումարտակ եւ 5—րդ մարտկոցի 2 հր., իսկ Ձախ զորասյանը՝ Պարտիզանական գնդի 2 վաշտեր։ Նախապես մշակված հարձակման պլանի համաձայն, ինչպես նաեւ 5—րդ գնդի հրամ. գնդ. Պավել Բեկ–Փիրումյանի խնդրանքով, Սիլիկյանը Խզնաուզի ջոկատին հրամայում է մայիսի 27—ի լուսաբացին անցնել հարձակման եւ Ղզըլ լեռան (427բ.) ու 354 բ—ի վրայով թիկունքից հարվածել հակառակորդին՝ Արաքս կայարան — 440 բ. հատվածում։ Միաժամանակ հայկական ծայր աջ թեւում կանգնած ԿՈՇԻ ՋՈԿԱՏԸ (Մակվի գնդի 1 գումարտակ եւ Ղարաքիլիսայի գնդի 1 վաշտ) պետք է շարժվեր դեպի Մաստարա կիսակայարան՝ շատ ավելի խորը կերպով շրջանցելով թշնամու ձախ թեւը եւ դուրս գալով նրա թիկունքը։ Պանդուխտի հեծյալ խումբը (150—200 սուր) պետք է կապ պահպաներ աջից շրջանց զորաշարժն իրականացնող 2 գորսյուների (Խզնաուզի եւ Կոշի) հետ եւ նույնպես հարվածեր թուրքերի ձախ թեւին՝ ձգտելով դուրս գալ նրա թիկունքը։
Սարդարապատի ջոկատի շտաբի պետ՝ ազգությամբ գերմանացի, կապիտան Ալեքսանդր Շնեուրը իր հիշողություններում համառոտ կերպով հետեւյալ կերպ է ներկայացնում հայկական հարձակման պլանը. «Կարճ ասած՝ կռվի հատակագիծը հետեւյալն էր. Սարդարապատի ջոկատն իր հարձակումով թուրքերին գամում է իրենց դիրքերին, հնարավորություն տալով Խիզնաուրի ջոկատին դուրս գալու նրանց խորը թիկունքը եւ այնտեղ կռիվ սկսել թիկունքային ճամբարների վրա։ Այդ ժամանակ Սարդարապատի ջոկատի մասերը պիտի անցնեն ընդհանուր հարձակումի՝ ճակատից»։
Երեւանում տպագրվեց եւ տարածվեց ՀՀԴ—ի, Հայ ժողովրդական կուսակցության, Սոցիալիստ—հեդափոխական կուսակցության, մենշեւիկյան եւ բոլշեւիկյան կուսակցությունների միացյալ թռուցիկը, որով կոչ էր արվում «... բոլոր հայերին առանց հապաղելու համախմբվել զինվորական մարմինների շուրջը եւ մեկ մարդու պես, խիտ շարքերով կանգնել թշնամու դեմ»։
—Մայիսի 27 — Առավոտյան ժ. 9։00—ին հրետանային նախապատրաստությամբ սկսվեց հայկական զորքերի վճռական եւ բախտորոշ հարձակումը Սարդարապատի ճակատում. գերազանց կերպով մշակվեցին թուրքական դիրքերը, հատկապես՝ 440 եւ 449 բարձունքներում։ Մայիսի 26—27—ի գիշերը ստեղծված Խզնաուզի ջոկատը (Երզնկայի գունդ), հաջողությամբ սկսեց շրջանցել թուրքական պաշտպանության ձախ թեւը։ Սկզբում հարձակվելով դեպի արեւմուտք, Խզնաուզի ջոկատն այնուհետեւ կտրուկ թեքվեց հարավ՝ դուրս գալով թուրքական պաշտպանության բանալին հանդիսացող 440 եւ 449 բարձունքների թիկունքը։ Այդ փայլուն գորաշարժը հետեւյալ կերպ է ներկայացնում արդեն հիշատակված Ալ. Շնեուրը. «Ցերեկվա ժամը 1—ի մոտ փոշու ամպը անցավ թրքական թեւի թիկունքը, իսկ ժամը 2—ին թուրքերի թիկունքում որոտաց հրետանին։
...Շղթաները ոտքի ելան եւ «ուռա» կանչելով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետեւ նրանց թիկունքը անցած ջոկատը կրակ էր բացել թուրքերի պաշարակիր սայլերի եւ թիկունքի վրա։ Մի պահ եւ թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով իրենց ամբողջ ռազմամթերքը, պաշարակիր սայլերը, իրենց վիրավորները եւ սպանվածները»։
Մարտավարական այս կարեւոր հաղթանակից հետո հարձակման անցան Սարդարապատի ջոկատի 2 զորասյուները։ Ձախ զորասյունը (գնդ. Պերեկրյոստով) հարձակվելով երկաթգծի երկայնքով՝ գրավեց Արաքս կայարանը, իսկ երեկոյան կողմ՝ նաեւ Մաստարա կիսակայարանը, որտեղ եւ կանգ առավ։
Աջ զորասյունը (գնդ. Կազիմիրսկի)՝ իրեն միացած Երզնկայի գնդի հետ միասին, թեժ կռվից հետո գրավեց Թյուլքի Թափա (449) եւ Չիմնի Ղըռ (440) բարձունքները, իսկ երեկոյան կողմ՝ նաեւ Մախտուկ գյուղը։ Պանդուխտի հեծյալ խումբը, որը հարձակման էր անցել Ն.Կալակուտից հարավ՝ Խզնաուզի ջոկատի հետ միասին, հաղթահարելով թուրքական հեծելազորի դիմադրությունը եւ ընթացքից ջախջախելով թուրքական 108—րդ գնդի շտաբը՝ խոր ճեղքում իրականացրեց դեպի հյուսիս—արեւմուտք։ Մայիսի 27—28—ին, ճզմելով հակառակորդի մանր ջոկատները՝ այն սրընթաց ռազմարշավով՝ Ղրմզլուի, Գյոզլուի եւ Թալինի վրայով հասավ մինչեւ Սոգթլու, ուր նրա շուրջը համախմբվեց 1000 հոգանոց ջոկատ։ Հակառակորդից գրավվեց 1 հրանոթ, վերցվեցին զգալի թվով գերիներ։
Այսպիսով, մայիսի 27—ի մարտի ընթացքում թուրքերը չդիմանալով հայկական զորքերի թեւային եւ ճակատային՝ խելամտորեն փոխհամաձայնեցված ուժեղ հարվածներին, դիմեցին խուճապահար փախուստի՝ նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան — Ղարաբուրուն լեռ գիծը։ Թուրքերից գրավվեց զգալի ռազմավար, նրա գումակները հապճեպորեն ետ քաշվեցին դեպի Ախուրյանի արեւմտյան ափ։ Թշնամու գլխակորույս փախուստի հետեւանքով անմիջական շփումը նրա եւ հետապնդողների միջեւ խզվեց։ Գերլարվածությունից գրեթե ուժասպառ՝ Սարդարապատի ջոկատին հրամայվեց կանգ առնել եւ ամրանալ Մաստարա կիսակայարանի բարձունքներում։
Հարձակվող սարդարապատյան խմբավորման ծայր ձախ թեւում գործող փոքր ջոկատը (5—րդ գնդի 2 հրաձգային վաշտեր, Թռուցիկ Հովսեփի հեծյալ խումբ), հարվածեց Արաքսի եւ Ախուրյանի գետախառնուրդի՝ Բագարանի ավերակների ուղղությամբ եւ այնուհետեւ շարունակեց հարձակումը Ախուրյանի ձախ ափի երկայնքով՝ դեպի հյուսիս։
Օրվա ընթացքում Մարգարայի մոտ ետ մղվեց Արաքսը գետանցել փորձող քրդական 100 հոգանոց մի հրոսակախումբ։
Մայիսի 27—ի վճռական հաղթանակի գործում մեծ դեր խաղաց ոչ միայն հայկական հրամանատարության կողմից փայլուն կերպով մտահղացված եւ կազմված հարձակման պլանը, այլ նաեւ հայկական զորքերի ցուցաբերած զանգվածային խիզախությունը։ Այդ օրը առանձին հայ զինվորներ ու սպաներ հերոսության բազմաթիվ ու անկրկնելի օրինակներ տվեցին։ Նկարագրելով հարձակման ընթացքը՝ 5—րդ գնդի 3—րդ գումարտակի 10—րդ վաշտի դասակներից մեկի հրամանատար Մարտին Մարտիրոսյանը հետեւյալ կերպ է ներկայացնում իրենց ստորոբաժանման գնդացրորդի սխրանքը. «Բոլոր վաշտերը իրենց ձեռքի գնդացիրներով դուրս թռան խրամատներից, գնդացրորդ Տիգրան Սարումյանը կրակ մաղելով քայլում էր դասակիս առջեւից, թույլ չտալով, որ թշնամին բարձրացնի գլուխը։ Մենք նրան հազիվ էինք հասնում։
...Թշնամին խուսափեց սվինամարտից, գլուխն առավ ու փախավ՝ թողնելով իր բազում սպանվածներին եւ վիրավորներին։ Գնդացրորդ Սարումյանը, թշնամու աջ թեւի ժայռերի արանքից դուրս էր եկել բարձունքի կատարը եւ փամփշտահերթերի տակ էր պահում թշնամուն։
...Սակայն երբ հաղթանակը լրիվ ապահովված էր, երբ, ազդանշանի համաձայն, վաշտերը համախմբվում էին իրենց հրամանատարների շուրջը, հանկարծ իմ զինվորները վազեցին դեպի Սարումյանը։ Նա վիրավորվել էր պատահական գնդակից եւ գնդացրի կողքին ցավից գալարվում էր։
—Տիգրան,— ասացի,— քեզ ի՞նչ պատահեց։
Տիգրանը գլուխը բարձրացրեց, նայեց շուրջը եւ բացականչեց.
—Թող ապրի...Հայաստանը։
Նա ընկավ իր գնդացրի վրա եւ անշնչացավ։ Գլխարկներս հանած, ծնկի իջանք, բարձրացրինք նրան եւ տարանք գնդի շտաբ»։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024