Երեկ կառավարության ծրագրի ընդունումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի սրահում անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների եւ ռեպրեսիաների։ «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է։ Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել։ Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,–նշել է նա։
Հարցին, թե դրանք չմուծված հարկերի՞ ճամպրուկներն են, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»։
Փաշինյանը վստահեցրել է, որ գործարարների հետ որեւէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել։ Նա ընդգծել է, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում իշխանությունը պետք է հավասարաչափ բաշխված լինի։ «Իշխանությունը հավասար բաշխելը նշանակում է անիշխանություն, որովհետեւ նույն Գերմանիայում, որը կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է, իշխանությունը հավասարաչափ բաշխված չէ, եւ Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասարաչափ բաշխված չի լինելու։ Պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն։ Մեծ Բրիտանիայում էլ իշխանությունը հավասարաչափ չի բաշխված. կա թագուհի, կա վարչապետ, կան խորհրդարանի պալատներ, եւ ոչ մեկը չի կարող ասել, որ իշխանությունն այնտեղ հավասար է բաշխված»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ եթե որեւէ մեկը խոսում է իշխանությունը հավասար բաշխելու մասին, նա խոսում է իշխանության չգոյության մասին։ «Մենք, իհարկե, թույլ չենք տա, որ երկրում լինի երկիշխանություն կամ եռիշխանություն, որովհետեւ դա անպատասխանատվություն է պետության նկատմամբ»,–ասել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ նիստի ընդմիջմանը վարչապետը պատասխանել է նաեւ այլ հարցերի, այդ թվում եւ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։
«Ելք» դաշինքը քննարկում է հետագա անելիքները, եւ ես հակված եմ, որ մենք հասնենք առավել արդյունավետ լուծումների»,—ասել է նա։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Փաշինյանը դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել. «Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Մեր վստահությունը պայմանավորված է նրանով, որ անմնացորդ ծառայելու ենք ժողովրդին»։
Անդրադառնալով ընտրություններին «Ելք» դաշինքի մասնակցելու ձեւաչափին, մասնավորապես այն հարցին, թե դաշինքն արտահերթ ընտրություններին միասնական ցուցակո՞վ է մասնակցելու, թե՞ անդամ քաղաքական ուժերն առանձին—առանձին են մասնակցելու, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ելք» դաշինքն իր հետագա անելիքները քննարկում է»։
Հարցին՝ ինքը հակված է ընտրություններին գնալու «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինքը հակված է հասնել առավել արդյունավետ լուծումների։
Անդրադառնալով գործարար շրջանակների հետ հնարավոր պայմանավորվածություններին եւ հետագա աշխատանքին՝ վարչապետը նշել է, որ լավագույն պայմանավորվածությունն օրենքն է, օրենքն ինքը պայմանավորվածություն է, եւ դրանից դուրս պայմանավորվածություն լինել չի կարող. «Դուք մտածում եք, որ որեւէ մեկը կարող է հակադարձ քա՞յլ անի։ Ես իմ ելույթում ասացի։ Իրենք գումար են շահում, բոլորն ազատվում են կոռուպցիոն բոլոր պարտականություններից։ Ես նրանց շատ մեծ գումարներ եմ նվիրել, եւ նրանք պետք է ըստ արժանվույն գնահատեն»։
Լրագրողները ՀՀ վարչապետից նաեւ հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մարտի մեկի» գործի շրջանակներում հարցաքննվի։
«Բոլոր նրանք, ում տիրապետած տեղեկությունները կարող են նպաստել գործի բացահայտմանը, պետք է հարցաքննվեն»,—շեշտել է Փաշինյանը։
Անդրադառնալով ՀՀԿ—ի տեսակետին, թե կառավարության ծրագիրը բարեմաղթանքների ծրագիր է՝ Փաշինյանն ասել է. «Ուզում էին չար ու վատ ցանկությունների ծրագի՞ր լիներ»։ Դիտարկմանը, թե ծրագրում որեւէ թիվ չկա, Փաշինյանը պատասխանել է. «Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ 1 տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ։ Ասենք՝ ի՞նչ թիվ են ուզում։ Տնտեսական աճի վերաբերյալ նախկին թվերը սովորաբար չեն արդարացել»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բազմիցս շեշտել է՝ իրենք նոր վարչապետին յոթուկես տոկոս տնտեսական աճով կառավարություն են հանձնել, Փաշինյանը պատասխանել է. «Շարմազանովը Փաշինյանին ոչ մի բան չի տվել։ Ինչ որ տվել է, տվել է ժողովուրդը, եւ ես խնդրում եմ իրավիճակի գնահատման մեթոդաբանությունը չկորցնել»։
Ինչ վերաբերում է մարդկանց կենսամակարդակի բարելավմանը, ապա Փաշինյանը վստահեցրել է, որ դա անընդհատ գործընթաց է լինելու։
«Մենք այսօր խնդիր ունենք գնահատելու մեր տնտեսության ստվերայնության ծավալները։ Ով կարող է ասել, թե մեր տնտեսությունը քանի տոկոս ստվեր ունի։ Նախորդ կառավարությունը գնահատել էր 20, միջազգային կառույցները՝ 46 տոկոս, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերում նշված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր «դզել—փչել», այլ երկրում լուրջ փոփոխություններ անել, որոնք իրենք կբերեն արդյունքներ»,—ասել է նա։
Անդրադառնալով ՀՀԿ—ի գնահատականներին, թե պատգամավորները լքում են հարազատ խմբակցությունը քաղաքական ռեպրեսիաների արդյունքում, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջեւ, բոլորդ կարող եք տեսնել»։
|