ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 30 » Բարեկամության հիմքում պատմությունն ու մշակույթն են
10:35
Բարեկամության հիմքում պատմությունն ու մշակույթն են

Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում էր

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ մեկնել է Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ։
Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։
Այնուհետեւ տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ Սաքսոնիա—Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա—Անհալթ երկրամաս՝ նշելով, թե տեղյակ է, որ նախկինում եւս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում, եւ ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։
«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի Հայաստանի եւ Սաքսոնիա—Անհալթի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, որը կարեւոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության եւ գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,–ասել է Ռայներ Հազելոֆը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ եւ պատմական երկրամասում. «Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, եւ ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես տանում հետդ»։
Նախագահը նշել է, որ 1980—ականներին, որպես խորհրդային գիտնական, մի քանի անգամ այցելել է Գերմանիա, եղել է նաեւ Մագդեբուրգում։ «Հայաստանն ու Սաքսոնիա—Անհալթ երկրամասը լավ բարեկամներ են Մեր բարեկամության ու երկխոսության աղբյուրը պատմությունն ու մշակույթն են, հուսամ, ապագայում նաեւ՝ գիտությունը։ Մենք բարձր ենք գնահատում «Մեսրոպ» կենտրոնի գոյությունն այստեղ։ Սա մեր փոքրիկ, բայց շատ կարեւոր ներկայությունն է Գերմանիայում։ Վստահ եմ, որ միասին շատ ավելին կարող ենք անել փոխգործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու համար, քանի որ դրա համար լավ հիմքեր կան»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Ավելացնելով, որ երկու ժողովուրդները աստղագիտության պատմական ակունքներում են՝ նա մասնագիտությամբ ֆիզիկոս Ռայներ Հազելոֆին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեսնելու աշխարհում առաջին աստղադիտարաններից մեկը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի։
Հանդիպմանը քննարկվել են գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ռայներ Հազելոֆը եւ երկրամասի ոլորտային նախարարները ներկայացրել են Հայաստանի հետ գործակցության ծրագրերը $ տեղեկացվել է, որ ներկայում իրականացվում են դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտները։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով։ «Կանաչ գիտության» ոլորտում Գերմանիան լավ փորձ ունի, որն օգտակար կարող է լինել մեր երկրի համար։ Հայաստանն ընդհանրապես կարող է նաեւ գիտահետազոտական ոլորտում լավ գործընկեր դառնալ»,– նշել է նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռայներ Հազելոֆի հետ այցելել է նաեւ Օտտո—ֆոն Գուերիկեի համալսարան։
Ռեկտոր Յենս Շթրաքելիանի ուղեկցությամբ նախագահը շրջել է համալսարանի սպորտային գիտահետազոտական մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանը, որտեղ ուսանողներն ու գիտաշխատողներն զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց համար սարքավորումների մշակմամբ։
Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ռայներ Հազելոֆի ներկայությամբ Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Օտտո—ֆոն Գուերիկեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։


Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա—Անհալթ երկրամասի Օտտո—ֆոն Գուերիկեի համալսարանում երեկ հանդիպել է դասախոսների եւ ուսանողների հետ։
Խոսելով երիտասարդ լինելու կարեւորության եւ առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել։ Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով։ Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել։
Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ։ Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ։ Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն։ Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով։ Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը։ Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք։
Կարեւոր է ամեն օր սովորել նոր բան։
Ժամանակը հարաբերական է եւ կախված է յուրաքանչյուրի արագությունից։
Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից։
21—րդ դարը երիտասարդների ժամանակն է։
Ինչո՞ւ է կարեւոր լինել երիտասարդ 21—րդ դարում։
21—րդ դարը տարբեր է լինելու։ Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»։ Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար։ Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձեւով։ Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են։
21—րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21—րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում։ Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ։
Որպես եզրակացություն՝ ուզում եմ ասել, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորեք, պետք է ուրախանաք եւ զարմանաք ամենօրյա բացահայտումներով։
Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21—րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում։ Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ եւ լավ կրթություն։ Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է։
Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»։
Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ մասնակիցների հարցերին։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն։
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել։ Հայաստանն ունի նոր կառավարություն եւ նոր Սահմանադրություն։ Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ։ Հիմա Հայաստանը նման է Գերմանիային։ Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիեւի հետ։ Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը։
Ուզում եմ մի կարեւոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար։ Արդյոք դա հե՞շտ է տրվելու՝ ոչ։ Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024