Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի այցն Արցախ՝ հոբելյանական են համարում Ստեփանակերտում։ «Իմ լավագույն բարեկամ, ճանաչված գրող, հրապարակախոս նավագնաց, Արցախի հերոս Չորի Բալայանն էր գլխավոր «մեղավորը», որ ես սիրահարվեցի հայ ժողովրդին, արցախահայությանը եւ ուղիղ երկու տասնամյակ առաջ ոտք դրի այս հինավուրց հողի վրա։ Այն ժամանակ ծանր, մղձավանջային օրեր էր ապրում Արցախը, որին չորս կողմից շրջափակել էր Ադրբեջանը ու հազվագյուտ մարդկանց էր վիճակված ուղղաթիռով վայրէջք կատարել արցախյան որեւէ բնակավայրում։ Ամենուր վխտում էին ադրբեջանական օմոնականներն ու սաֆոնովյան պատժիչ ջոկատները, եւ հայերը դատապարտված էին հալածանքների ու բռնատեղահանման։ Ես զգացի, թե ինչպիսի հզոր կամք ունեն արցախցիները, եւ չէի կասկածում, որ անկախ ամենածանր փորձություններից, պայքարելու են մինչեւ վերջ։ Այսօր հպարտ եմ, որ իրենց արյամբ ազատագրված սեփական երկրի տերն են»,–ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Ք. Քոքսը։ Նրա հետ ժամանած 30–հոգանոց պատվիրակության անդամների կազմում, որ ներգրավված են քաղաքագետներ, արվեստագետներ, բժիշկներ, դասախոսներ եւ ուսուցիչներ, իրենց այցը համարում են ուխտագնացություն՝ ԼՂՀ անկախության 20—րդ տարեդարձի նախաշեմին։ Հանդիպմանը, բնականաբար, նաեւ քաղաքական հարցեր շոշափեցին եւ, իհարկե, առաջնահերթությունների թվում, չշրջանցվեց Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա իրավիճակը։ «Արցախն ապագան տեսնում է տնտեսության զարգացման, իսկ անվտանգության՝ բանակի մարտունակության բարձրացման մեջ»,–հյուրերի հետ ունեցած հարց ու պատասխանի ժամանակ շեշտել է վարչապետը եւ հավելել, թե որ քան շատ բարեկամներ ունենա երկիրը, այնքան դյուրին կլինի անկախության միջազգայնացման խնդիրը։ Իսկ բարոնուհին վստահեցրել է, որ տարեցտարի նրանց շարքերն ավելի կստվարանան։ Ք. Քոքսը հավատացած է, որ հանձինս իր երկու թոռների, ովքեր առաջին անգամ 13 տարի առաջ են Արցախ եկել ու հիմա էլ պատվիրակության կազմում են, իր գործը շարունակողներ էլի կլինեն։ hhpress.am