Հանրապետությունում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։
Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները։
Բոլոր քաղաքական ուժերն էլ երեկ վստահեցրել են ընտրողներին, որ նրանց քվեն ստանալու դեպքում ազնվորեն եւ հավատարմորեն կծառայեն հասարակությանն ու երկրին։
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը, որում մասնավորապես դիմել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերին.
«Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն եւ գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք։
Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների եւ սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլեւս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։
Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի եւ ծրագրերի ձեւավորմանը։ Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները։
Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միեւնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։
Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին։
Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված եւ գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան։
Հիշե՛ք, որ բոլորիցս եւ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան»։
|