
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո
քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլավայում տեղի
ունեցավ ծաղկեպսակի մատուցման արարողություն Հայոց ցեղասպանության
զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի
կենտրոնում: Ծաղկեպսակներ մատուցվեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի
նախագահ Շտեֆան Հարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ
Գրիգորյանի և այլոց կողմից: Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը
հայտարարեց, որ նա խիստ կարևորում է Սլովակիայի կառավարության ու
պառլամենտի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող
օրենքի» գոյությունը և կրկին հայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա
/ինչպես և ցանկացած այլ անձ/ եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել
Հայոց ցեղասպանության փաստն, անմիջապես մինչև 5 տարվա ազատազրկման
կարժանանա: Պարոն Հարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի
գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը
պատժելու անհրաժեշտությունը միմյանց հետ չհակադրելու հարցում:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ
անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ
արհեստավարժ ձևակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը
հայտնեց Սլովակիաի պետությանը, սլովակ ժողովրդին և անձամբ պարոն Շտեֆան
Հարաբինին` ԵՄ-ում առաջինը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող
օրենքի ընդունման համար: Պարոն Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ-ը
համագործակցելու է սլովակ իրավաբանների հետ, պարոն Հարաբինի
գլխավորությամբ, ԵՄ մյուս երկրներին ցեղասպանությունների մերժումը
քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելու գործում:
Նա ևս հաստատեց, որ այսպիսի օրենքը ոչ թե հակասում է մարդու իրավունքներին և
առավել ևս ազատ խոսքի իրավունքին, այլ ճիշտ հակառակը ելնում է մարդու
իրավունքների պաշտպանության սկզբունքից:
Վերջում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց
ներկաներին` նշելով Սլովակիաի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Հայոց
ցեղասպանությունը հաստատող բանաձևի` 2004թ-ի նոյեմբերին, և , որը գործում է
2009թ-ի սեպտեմբերի մեկից, խիստ կարևորությունը ողջ մարդկության և
հատկապես Սլովակիայի ժողովրդի համար: Ըստ Գրիգորյանի Սլովակիան այս երկու
ակտերով հայտնվել է քաղաքակիրթ Եվրոպայի գլխամասում, և փայլուն օրինակ է
հանդիսանում քրիստոնեական քաղաքակրթությամբ հետաքրքրված ու հոգևոր
մշակույթը պահպանող երկրների համար:
1Lur.am