ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ստացվում. «Ես նման բան չէի ասի, այդպիսի իրավիճակ չկա»,—ասաց ոստիկանապետը։
Գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվել, որովհետեւ ոստիկանապետը քի՞չ է շփվում լրագրողների հետ։ «Որովհետեւ որոշ օգտատերեր ինձ քննադատում են,–պարզաբանեց Վ. Օսիպյանը,–թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին։ Գուցե օգտատերերը ճիշտ են, եւ ես ավելի շատ կաշխատեմ, քան ասուլիսներ կտամ»։
Լրագրողները Վ. Օսիպյանին հարցրեցին, թե ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 20—ի մեծածավալ գործողությունը՝ «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների բնակարաններում խուզարկությունների հետ կապված։ «Օպերատիվ տեղեկություններով»,–ասաց նա։
Մասնավորապես՝ ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը։ «Դրանք ենթակա չեն հրապարակման»,–սա էր պատասխանը։ Միաժամանակ Օսիպյանը հավելեց, թե՝ «նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ—ում պետք է ենթարկվի օրենքին»։
Արդյո՞ք այսչափ ստուգումները ու ուղղությունները քաղաքական նոր իրողություններով են պայմանավորված։ Գլխավոր ոստիկանապետը պարզաբանեց, որ իրենց այս գործառույթների իրականացումը պայմանավորված չէ այս կամ այն անձանց ով լինելով, այլ պարզապես իրենք ստուգումներ են կատարում այնտեղ, որտեղ կան չարաշահումներ։ Եվ ընդհանրապես, թե ոստիկանությունը եւ թե ԱԱԾ—ն առաջնորդվում են Սահմանադրությամբ, օրենքներով, որոշումներով, օպերատիվ տեղեկություններով։
|