Երեկ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով եկող տարվա պետական բյուջեի նախագծի ընդունումը, նշել է, որ այն տարբերվում է նախորդ տարիների պետական բյուջեներից, քանի որ առաջին անգամ է ներկայացվում ծրագրային բյուջետավորմամբ ֆինանսատնտեսական փաստաթուղթ։ Նա փաստել է, որ ծրագրային բյուջետավորման գործընթացը Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը սկսել են տարիներ առաջ, որի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, հանրային ֆինանսների կառավարման առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային գործառույթ։
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Եկող տարվա պետական բյուջեն եկամուտների գծով՝ 1,490,589,766.5 մլրդ դրամ է, ծախսերը՝ 1,642,189,766.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 151,600 մլրդ դրամ։ Համայնքների բյուջեները եկամուտների գծով կազմում են 138.9 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները։
Մեր երկրի պետական պարտքը 2018 թ. տվյալներով շուրջ 6 մլրդ 953 մլն դրամ է՝ ՀՆԱ—ի 49 տոկոսը։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ—ն 4 հազար 600 դոլար է։
Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են ներդրումներին, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությանը, հարկային արտոնություններին, հարկային օրենսգրքի բարեփոխմանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը, ծառայողական մեքենաների թվի կրճատմանը եւ այլ խնդիրների։
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը եւ 2019թ. ԿԲ վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
|