Քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները եւ արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ։ Հիմնական նպատակն է՝ ձեւավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը։ Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին։
Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից, վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։ Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետեւյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան այնպես եւ այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան։ Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում։ Ի՞նչ է պետք անել այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար։ Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ—ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից եւ ընդհանրապես որեւէ տեղից չի գողանում, եւ ոչ միայն կառավարությունը, այլեւ ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերեւից ներքեւ։ Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, եւ եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն եւ կպատժվեն։
Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ եւ ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգեւատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով։ Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմաններն ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաեւ պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»։
Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, եւ այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաեւ մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով։
|