Երեկ մայրաքաղաքում շարունակվել են ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ցույցերը։ Նախորդ օրերին ցույցերի մասնակիցները շարունակել են արգելափակել փողոցները եւ բանուկ խաչմերուկները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։
Նախօրեին ցուցարարների մի խումբ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժել է հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր։ Փաշինյանի հետ զրույցում հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանն ասել է, որ եթեր կտրամադրվի, սակայն ժամը 19։00—ին «Ստատուս քվո» հաղորդման շրջանակում, քանի որ հանրային ռադիոն ունի ցանց, նախապես ծրագրված, որը չի կարող խախտել։ Կողմերը համաձայնության չեն հասել։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը արդարացի չի համարել Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքը, որ հանրային ռադիոն բոյկոտում է իրենց։
«Քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետեւորդները չեք լսում հանրային ռադիոյի եթերը, որովհետեւ մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը եւ լուսաբանել ենք ամեն ինչ»,– ասել է Մարկ Գրիգորյանը։
Ի դեպ, ուղիղ եթերի պահանջն արվում էր այլ ուղիղ եթերներով։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երեւանի պետական համալսարանի եւ հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ։
Կիրակի երեկոյան հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հրապարակել է իրենց գործողությունների ծրագիրը, որի հիմնական գաղափարն այն էր, որ վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ պետք է իրականացնեին ամբողջ մայրաքաղաքում, մասնավորապես կամուրջների վրա, պողոտաներում, մետրոյում արգելափակելով տրանսպորտի աշխատանքը, համընդհանուր դասադուլի եւ գործադուլի կոչ անելով։
Այդ ընթացքում ՀՀ ոստիկանությունը մի քանի հայտարարություն է տարածել, որոնցով հիշեցրել է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչեւ հավաքի դադարեցման որոշման ընդունում։ Կոչ է արվել զերծ մնալ հակաօրինական գործողություններից։
Իսկ երեկ առավոտյան գործողության մեջ դրված ծրագիրը կարծես թե ընթանում էր ըստ պլանավորածի։ Առաջին քայլը Փաշինյանի անձնական օրինակն էր, ով պառկեց ավտոբուսի առջեւ՝ թույլ չտալով նրան առաջ ընթանալ։ Կորյուն—Աբովյան խաչմերուկում երթեւեկը փակելու հեղինակներն արդեն ուսանողներն էին։ Խցանումներ, աշխատանքից ուշացող մարդիկ, տապալված դասեր եւ... մեծ թվով դժգոհող ու նեղսրտող քաղաքացիներ, վարորդներ, որոնք համաձայն չէին ի հաշիվ իրենց ազատությունների սահմանափակման ուրիշների ազատության համար պայքարի հետ։
Օրվա ընթացքում ցուցարարները դարձյալ շրջել են քաղաքի փողոցներում, մտել ուսումնական հաստատություններ՝ դասադուլի կոչերով։ Այնուհետեւ հետմիջօրեին ցուցարարները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական հանրահավաքի։
Մի քանի ելույթներից հետո Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հրավիրել է իր հետ գնալ իր աշխատավայր՝ Ազգային ժողով։
Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին՝ սադրանքների չդիմելու եւ մարդկանց բախման չտանելու, «Ելքի» ղեկավարը ցուցարարներին առաջնորդել է դեպի Բաղրամյան պողոտա։ Այստեղ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել։
Ի դեպ, երբ ցուցարարներն ու ոստիկանները կանգնած էին դեմ առ դեմ, ոստիկանները երգում էին Հայաստանի Հանրապետության հիմնը։
Փողոցի վրա տեղադրված մետաղական փշալարերը ճեղքելու փորձի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառել է հատուկ միջոցներ, որից հետո մի քանի ցուցարարներ եւ ոստիկաններ վնասվածքներ են ստացել։
Վիրավորվել էր նաեւ Փաշինյանը, ում ոստիկանական մեքենայով տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ի դեպ, պատգամավորը նշել է, որ դաստակները վնասել է փշալարին դիպչելիս, իսկ աչքի տակի կապտուկը առաջացել է ձայնային նռնակի ալիքից։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6—ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից։
Տուժած ոստիկաններից մեկին վիրահատել են։ Ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով եւ նրանց բուժման ընթացքով։
Բախումից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը։ Նշվել է, որ պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ։
Բաղրամյան պողոտա է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ծանոթացել իրավիճակին։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ապրիլի 13—ից Երեւանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու, զանգվածային անկարգությունների փաստերով հարուցվել են քրեական գործեր։
Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է ցուցարարների մոտ։ Այստեղ նրան դիմավորողների մեջ էին նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների անդամները։ Խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ եկել են այնտեղ բախումը տեսնելուց հետո, սակայն Փաշինյանին միանալու որոշում չունեն։
Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել է հերթական հանրահավաքը։ Նիկոլ Փաշինյանը մասնակիցներին կոչ է արել հաջորդ օրը եւս մասնակցել ցույցերին՝ շրջափակելու Ազգային ժողովի շենքը։
Կոչ է արել նաեւ շարունակել հասարակական կյանքը կաթվածահար անելուն միտված գործողությունները՝ դասադուլ ու գործադուլ եւ այլն։
|