ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 17 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Անկախ պետականության կերտման պատմական անհրաժեշտությունը (1918թ. մայիս)/
10:41
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Անկախ պետականության կերտման պատմական անհրաժեշտությունը (1918թ. մայիս)/

Փորձենք հակիրճ ներկայացնել այդ նիստում թուրքական վերջնագիրը ընդունելու կամ մերժելու հայ քաղաքական կուսակցությունների խմբակցությունների իրարամերժ տեսակետները եւ նրանց պատճառաբանություններն ու հիմնավորումները։
Հայ ժողովրդական կուսակցությունը կողմ էր արտահայտվել՝ հրապարակելով հետեւյալ բանաձեւը.
I. Երեւանի եւ Գանձակի նահանգի՝ թուրքական գրավումից ազատ մնացած շրջանները ներկայումս կտրված են դրսի աշխարհից. մի կողմից շրջապատված են թուրքական զորքերով, մյուս կողմից՝ զինված ադրբեջանցիներով։
II. Հայկական զորքը, ինչպես պաշտոնապես տեղեկացնում է կորպուսի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկյանը, մեծ մասամբ կազմալուծված է։
III. Հայկական զորամասը Երեւանի նահանգում դեռ շարունակում է կռվել թուրքերի դեմ, բայց այն եւս անկարող է երկար դիմադրել՝ ռազմամթերքի ու պարենի խիստ պակասության պատճառով։
IV. Հայ ժողովրդի մեջ նկատվում է հուսալքվածություն եւ կռվելու տրամադրության բացակայություն, եւ նույնիսկ ցանկության դեպքում անկարող է կռվել թուրքական կանոնավոր զորքերի դեմ մանավանդ ռազմամթերքի եւ պարենի սղության պայմաններում։
V. Անհեռանկար կռիվները ավերիչ հետեւանքներ են թողել հայ ժողովրդի կյանքի վրա. նա ոչ միայն քայքայվում է տնտեսապես, այլեւ ֆիզիկապես, համատարած գաղթը սպառնում է կորստաբեր հետեւանքներ ունենալ։
VI. Խաղաղություն կնքելու՝ թուրք կառավարության առաջարկած վերջնագիրը թեեւ շատ ծանր է եւ գրավական չէ, թե անպայման պատերազմը իսպառ վերջ կունենա, բայց չընդունելու դեպքում հետեւանքը պարզ է. զենքի ուժով նվաճելուց հետո մնացյալ հայկական շրջաններում հայ ժողովրդի հետ կվարվի հաղթողի իրավունքով, իսկ ընդունելու դեպքում չի կորցնում այն հույսը, որ եթե ոչ մշտապես, գոնե ժամանակավորապես կդադարեն ռազմական գործողությունները. հայ ժողովուրդը կմնա իր տեղում, գաղթը կընդհատվի, եւ ապրելու մի որեւէ հնարավորություն կստեղծվի, մինչեւ սպասելիք համաեվրոպական վեհաժողովում հայկական խնդիրը կստանա իր լուծումը։
VII. Վերջնագրի ընդունումը կարող է հայերին հնարավորություն տալ ունենալու ազգային մի փոքր տարածք, որ կլինի ապագա ազգային կյանքի սաղմը։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայ ժողովրդական կուսակցություն խմբակցությունը որոշեց ընդունել թուրքական վերջնագիրը։
Սակայն վերջնագրի նկատմամբ ճիշտ հակառակ դիրքորոշում ունեին Հայ հեղափոխական դաշնակցություն եւ մյուս քաղաքական կուսակցությունները։ 
Խորհրդի նիստում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խմբակցության անունից Խ. Կարճիկյանը վերջնագրի չընդունումը հիմնավորում է հետեւյալ պատճառաբանությամբ. վերջնագրի ընդունումը ոչ մի կերպ չի կանգնեցնի թուրքական ռազմական առաջխաղացումը եւ հայ զինվորների զինաթափման մտադրությունը. այդ է հուշում մեզ թուրքական քաղաքականության ըմբռնումը, եւ հակառակը պնդելու երաշխիքներ ու հեռանկարներ չկան, իսկ հայկական զորքերի զինաթափումը սկիզբն է լինելու հայ ժողովրդի կոտորածի։ Այսպիսով կկոտրենք նրա դիմադրական թափը։ 
Վերջնագիրը ընդունելով՝ մուսավաթից բան չենք ստանա, բայց կկորցնենք մեր ինքնապաշտպանական ուժը։ Դիմադրությունը շարունակելով՝ մուսաֆաթին կստիպենք ավելի զիջող լինել հօգուտ հայ ժողովրդի։ Ի նկատի ունենալով այն, որ վրացիները նույնպես չեն ընդունի վերջնագիրը, հավանաբար՝ ադրբեջանցիները նմանապես, որոնք շարունակ դեմ են արտահայտվել դրան։ Վերջապես, վերջնագիրը ընդունելով՝ դեռ չի նշանակում, թե կռիվը դադարում է, որովհետեւ շատ հայկական շրջաններ կարող են շարունակել կռիվը։ Վերջնագրի չընդունումը ապագա վեհաժողովում մեծ նշանակություն կունենա հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ 
Ահա այս բոլոր հանգամանքները ի նկատի ունենալով եւ օտարների միջամտության վրա առանձնակի հույս չունենալով եւ մնալով կատարյալ մենակ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը առաջարկում է չընդունել թուրքական վերջնագիրը։ Սակայն նիստի վերջում լուր ստացվեց, որ հայ պատվիրակներ Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին վերադարձել են Բաթումից եւ խնդրել են պատասխանատու քայլեր չանել եւ հարցի վերջնական լուծումը հետաձգել երեկոյան նիստում համատեղ քննարկելու եւ ընդունելու քաղաքականապես իրատեսական որոշում։
Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի երեկոյան նիստում (ժամը 5։30—7։00) օրակարգի գլխավոր հարցը դարձյալ թուրքական վերջնագիրն էր։ Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին հանգամանորեն զեկուցեցին Բաթումի դիվանագիտական բանակցությունների ընթացքի, Անդրկովկասյան հանրապետության կազմալուծման, Վրաստանի անկախացման եւ մասնավորապես Թուրքիայի կողմից պարտադրված վերջնագրից հետո երկրամասում ստեղծված ռազմաքաղաքական չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակի մասին։ Ալ. Խատիսյանը իրազեկեց. «Մենք չգիտեինք հայկական գավառների վիճակն ու մեր դիրքը։ Հետո իմացանք, որ ուլտիմատումն ուղղված է նաեւ վրացիներին, որ չէին սպասում։ Մենք նորից տեսանք Վեհիբ փաշային եւ Խալիլ բեյին (մայիսի 27—ին Գ. Պ.)։ Մեր հարցին, թե ինչո՞ւ բանակցությունների ընթացքում շարունակում եք ձեր արշավանքը, Վեհիբ փաշան պատասխանեց, որ դրանք միջոցներ են մեր պահանջները ընդունել տալու համար. գրավված են բոլոր կարեւոր ռազմական կետերը… բայց մինչեւ ուլտիմատումի վերջանալը առաջխաղացում տեղի չի ունենա։
…Խաղաղ ժողովուրդը չի կռվում, շարունակեց նա, բայց հայ զինվորները փայլուն դիմադրություն են ցույց տալիս՝ իբրեւ արժանի հակառակորդներ։ Սակայն որքան ձեր զորքերը քաջ լինեն, չեն կարողանալու մեզ հաղթել, որովհետեւ չունեք պետական ապարատ։ Եթե ուլտիմատումը չընդունեք, վերջացրեց նա, մենք կշարունակենք առաջ գնալ դեպի Թիֆլիս, Երեւան։ Սահմանների մասին խոսեք Խալիլ բեյի հետ։
Խալիլ բեյն ասաց, որ իբր թե շատ է խոսել Թալեաթի հետ, բայց անօգուտ. ուլտիմատումը պետք է ընդունել. հակառակ դեպքում ամեն ինչ կորած է։ Ճիշտ է ձեր երկիրը շատ փոքր է, բայց հայ ժողովուրդը աշխատասեր է»։
Հարկ է նշել, որ դա օսմանյան Թուրքիայի որդեգրած ավանդական ռազմաքաղաքական մարտավարությունն էր՝ մի կողմից բանակցել, իսկ մյուս կողմից՝ Անդրկովկասից տարածքներ զավթելով՝ ճնշում գործադրել դիվանագիտական բանակցային գործընթացների վրա եւ սպառնալիքով պարտադրել իրենց անարդար պահանջները վերջնագրի լեզվով։
Նիստը նախագահող Ավ. Ահարոնյանը (Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի նախագահ), դիմելով զեկուցողներ Ալ. Խատիսյանին եւ Հովհ. Քաջազնունուն, խնդրեց հայտնել իրենց վերջնական եզրակացությունը թուրքական վերջնագրի մասին։ Ալ. Խատիսյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Այս բոլոր հանգամանքները եւ մեր զինվորական դրության անհուսալիությունը այն վիճակն է ստեղծել մեզ համար, որ մենք հարկադրված ենք ընդունելու ուլտիմատումը։ Կռիվը շարունակելով՝ մենք մեր հողը կկորցնենք, իսկ ընդունելով՝ կդառնանք մի իրավական պետություն ապագայի ակնկալություններով։ Ռուսների վրա հույս չունի, Անգլիայից եւ Ֆրանսիայից օգուտ չի տեսել, միակ հույսը մնացել է Գերմանիան։ Իհարկե ուլտիմատումը կարող է չփրկել մեր տերիտորիան, միակ երաշխիքը կարող է լինել չորս պետությունների ստորագրումը։ Եթե տաճիկներին բնավ չենք հավատում, այն ժամանակ բանակցություններն ավելորդ են։ Բայց ինքը կարծում է, որ մենք ընդունելով ուլտիմատումը դառնում ենք օբյեկտ միջնորդության ապագայի հեռանկարներով։ Դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային խորհուրդը հայտարարի անկախություն, տեղափոխվի մի հայկական վայր, իհարկե ստորագրելով ուլտիմատումը։ Եթե չընդունենք, մեզ սպառնում է կոտորած»։ 
Ավ. Ահարոնյանի նաեւ այն հարցումին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ հայկական մնացած տարածքները թուրքերը չեն գրավի եւ ժողովրդին չեն կոտորի, Հ. Քաջազնունին հավելեց. «Իմ խորին համոզումով, ուրիշ ելք չկա, բացի ուլտիմատումն ընդունելը, ոչ մի գարանտիա չկա»։ Շարունակվող բուռն քննարկումների արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ թուրքական վերջնագիրը ընդունվեց։
Ուշագրավ է այդ իրավիճակի՝ Ա—Դոի գնահատականը. «Ծանր րոպէներ եւ դաժան ժամեր են գլորւում Ազգային խորհրդի ժողովներում, ժողովները յաջորդում են իրար, խօսում, վիճում, հերքում, պատճառաբանում են դժւար լուծելի հարցի շուրջը, դրւած է սեղանի վրա հայ ժողովրդի գլխատման ակտը. եւ պահանջւում է, որ այդ ակտը սրբագործւի նոյն ինքն գլխատւողի կողմից։ Կարելի է եւ չստորագրել, բայց զօրքը, հայ զօրքը, որ սկսել է հերոսական ճիգեր յայտ բերել, փառաւոր յաղթութիւններ տանել, զրկւած էր ամեն ինչից՝ հագուստից, ոտնամանից, հացից, նոյնիսկ ռազմամթերքից։ Նա կորցրել է ամեն—ամենը, թողել է Էրզրումը, Կարս, Ալէքսանդրապօլ, Ղարաքիլիսա, թողել է ամեն ինչ թշնամու ձեռքը եւ այժմ դատարկաձեռն կանգնել է թշնամու առաջ։ Եւ Երեւանի Ազգային խորհուրդը, ընդհանուր հրամանատար Նազարբէկեանը հեռագրում են.— Հաշտութիւն, հաշտութիւն։
Ժամանակը չի սպասում, դէպքերը գլորւում են գահավէժ արագութեամբ, պէտք է վերջ տալ մաշող ու սպանող դրութեանը, եւ Ազգային խորհուրդը մայիսի 28—ի երեկոեան նիստում, որը վերջանում է գիշերւայ ժամը 12 եւ կէսին, որոշում է տաճկական վերջնագիրն ընդունել, դնելով սակայն հետեւալ պայմանները.
1. Էջմիածինը թողնել Հայկական Հանրապետութեան սահմանների մէջ։
2. Գրաւելիք վայրերի հայերին զինակոչի չենթարկել։
3. Հայկական Հանրապետութիւնը ներքին կարգապահութեան եւ սահմանների պաշտպանութեան համար պիտի ունենայ զինւորական ուժ։
4. Փախստական հայերը պիտի վերադառնան իրենց բնակավայրերը»։
Նիստում որոշվեց օսմանյան Թուրքիայի հետ հաշտության դաշնագիր ստորագրելու նպատակով Բաթում գործուղել նոր պատվիրակություն՝ հետեւյալ կազմով՝ Ալ. Խատիսյան (նախագահ), Հովհ. Քաջազնունի եւ Մ. Պապաջանյան՝ նրանց տալով անսահմանապակ լիազորություններ։ Իսկ հաջորդ օրվան թողնվեց որոշելու, թե հաշտարար պատվիրակությունը Բաթումում ում անունից պետք է հանդես գա՝ Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի՞, թե՞ կառավարության։ Մայիսի 29—ի նիստում կազմվեց հանձնաժողով (Ա. Ահարոնյան, Ն. Աղբալյան, Ալ. Խատիսյան եւ Հովհ. Քաջազնունի)՝ մշակելու եւ խմբագրելու հայտարարությունը (կոչ՝ ուղղված հայ ժողովրդին)։ Նույն օրը՝ երեկոյան, հեռագիր հղվեց Հալիլին, որ Հայոց ազգային խորհրդի հաշտարար պատվիրակությունը արդեն մեկնել է Բաթում։
Մայիսի 30—ին՝ առավոտյան ժամը 12—ին, Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, Ա. Ահարոնյանը հրապարակեց Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի հետեւյալ հայտարարությունը. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծարումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար»։ Մայիսի 31—ին այն հրապարակվեց մամուլում։

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024