Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ անդամները թուրքական դաշնագրի նախագծի բովանդակությանը ծանոթ էին դեռ Բաթումի դիվանագիտական բանակցությունների առաջին օրերից (մայիսի 11—ից)։ Հալիլը ներկայացրել էր պահանջներ ամբողջ Անդրկովկասի համար ընդհանրապես եւ Հայաստանի ու հայության համար՝ մասնավորապես։
Ըստ դրա՝ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի սահմաններից (Կարս, Բաթում, Արդահան) դուրս Թուրքիան պահանջում էր Թիֆլիսի, Քութայիսի եւ Երեւանի նահանգներից ընդարձակ տարածքներ։ Բաթումում շուրջ երկու շաբաթ տեւած դիվանագիտական բանակցությունները համաձայնության չհանգեցրին, եւ Հալիլ բեյը մայիսի 26—ին, իր առաջարկած խաղաղության եւ բարեկամության դաշնագրին կցելով այդ նոր պահանջները, այն ներկայացրեց վերջնագրի լեզվով։ Թուրքերը հայերին տարածքային նոր պահանջներ էին ներկայացնում՝ հանձնել Ալեքսանդրապոլի ամբողջ գավառը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Էջմիածին քաղաքով հանդերձ։ Թուրքիան պահանջում էր նաեւ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերը գրեթե ամբողջությամբ՝ հայությանը զրկելով ամենակենսական տարածքներից։
Եվ բնավ պատահական չէր, որ մայիսի 26—ին՝ Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի այդ ճակատագրական պահին, թուրքական պատվիրակությունը շտապեց ներկայացնել վերջնագիրը։ Իհարկե, նրանք համոզված էին, որ հայ զինվորների հերոսական դիմադրության պայմաններում չեն կարող պատերազմն արագ ավարտել։ Տվյալ պահին թուրքերին անհրաժեշտ էր օր առաջ իրենցով անել Բրեստ—Լիտովսկի հաշտության սահմաններից դուրս զավթած հայկական ընդարձակ տարածքները՝ վերջնագրի պարտադրանքով, ապա հաշտության դաշնագիր ստորագրելով՝ ապահովել իրենց թիկունքը հայկական զորքերի ռազմական հարձակումներից եւ ճանապարհ հարթել՝ շուտափույթ հասնելու Բաքու։
Ահա թե ինչու օսմանյան Թուրքիան առժամանակ պետք է հանդուրժեր մի փոքրիկ Հայաստանի գոյությունը, մինչեւ որ կլուծվեր Բաքվի հարցը։ Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ հաջորդ օրը՝ մայիսի 27—ի կեսօրին, Հալիլ բեյի եւ Վեհիբ փաշայի (թուրքական պատվիրակության անդամ, կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի հրամանատար) հրավերով Բաթումում տեղի ունեցավ հանդիպում Ալ. Խատիսյանի եւ Հովհ. Քաջազնունու հետ։ Զրույցի ժամանակ Վեհիբ փաշան հայտնեց, որ նույն օրը կգրավեն Ղարաքիլիսան եւ այնտեղ կմնան չորս օր ու կսպասեն վերջնագրի պատասխանին։ Վեհիբ փաշան ակնկալում էր վերջնագրի պատասխանը ստանալ հայկական կառավարության անունից։ «Ինքը եւ Վեհիբ փաշան,–այնուհետեւ շարունակում է Հալիլը,–շատ լավ են գիտակցում հայերի եւ Հայաստանի դրությունը, բայց նաեւ հույս ունեն, որ հաշտության դաշնագիրը ստորագրելուց հետո թուրքերն ու հայերը համաձայնության կգան տարածքների հարցում։ Հայերը թուրքերի շրջանում էլ բարեկամներ ունեն, եւ որ նրանք կօգնեն հայերին իրենց գործում»։ Նա հայ պատվիրակներին հորդորում է հաղորդել Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, որ եթե ընդունեն վերջնագիրը, ապա «Թուրքերը ոչինչ չունեն Անդրկովկասի սահմաններում Հայաստանի կազմավորման (իմա՝ պետության Գ. Պ.) դեմ, եւ որ Անդրկովկասյան դաշնությունը մոտակա ապագայի հարց է»։ Ինչպես վերը նշվեց, այդ մասին մեկ օր առաջ (մայիսի 26) Բաթումում Հալիլ բեյը առանձնազրույցի ժամանակ հայտնել էր նաեւ Մ. Պապաջանյանին։
Հայ պատվիրակների հետ հանդիպման ժամանակ Վեհիբ փաշան խոստովանում է, որ թուրք—հայկական ռազմաճակատներում (իհարկե, առանց հիշատակելու Սարդարապատի հերոսամարտը) «Հայկական զորքերը լավ են մարտնչում։ Անդրանիկը բացառիկ լավ է կատարում իր գործը. մոտ ապագայում կարող եք Եվրոպայում լավ զորք ունենալ։ Ըստ Շեֆիկ փաշայի տեղեկության՝ նա նման կռիվ չէր տեսել թուրքական ոչ մի ռազմաճակատում։ Չնայած մեր ուժերի տեխնիկական առավելություններին՝ չորս օր տեւեց։ Կովկասում դուք բռնելու եք բուլղարների տեղը։ Եվ իրենք մեծ հույս ունեն թուրք—հայկական ռազմական համաձայնագիր կնքելու»։
Ինչպես տեսնում ենք, մայիսի վերջի մի քանի օրերի ընթացքում հայ պատվիրակության նկատմամբ անբարյացակամ, անգամ թշնամական վերաբերմունքը փոխվեց «բարեկամականի»։ Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի կողմից Բաթում գործուղված (մայիսի 17) Մ. Պապաջանյանը փաստում է, որ մայիսի վերջին օրերին թուրքական պատվիրակությունը «հաշտության բանակցությունների ընթացքում ավելի լավ էին վերաբերվում մեզ»։ Նրանք հաճախ էին խոսում Կովկասում հայկական պետություն «ստեղծելու» մասին։ Նման ակնարկ արվել էր նաեւ դեռեւս 1918թ. մարտի 7—ին եւ ապրիլի 1—ին Տրապիզոնի դիվանագիտական բանակցությունների ժամանակ թուրքական պատվիրակության նախագահ Ռաուֆ բեյի կողմից։
Ստեղծված չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակում հայ պատվիրակներն այլընտրանք չունեին, եթե ոչ ընդունել աննախադեպ ծանր վերջնագիրը եւ կնքել հաշտություն ու փրկել արեւելահայությանը նոր արհավիրքներից։ Բայց եւ այնպես, առանց Թուրքիայի ռազմական եւ քաղաքական երաշխիքների այն հղի էր անկանխատեսելի բազմաթիվ ծանր հետեւանքներով։
«Այստեղ վերջնագրի հարցի հետ միասին,–գրում է Ա—Դո—ն,–առաջին անգամ ծագեց հայկական հանրապետութիւն եւ կառավարութիւն յայտարարելու խնդիրը, որի անունից էլ պիտի ընդունւէր ու ստորագրւէր վերջնագիրը»։ Սակայն կար մեծ մտավախություն, որ առանց քաղաքական ծանրակշիռ երաշխիքների՝ Հայաստանի անկախության հռչակումը կարող էր օսմանյան Թուրքիայի կողմից լուրջ սպառնալիքի տակ դնել արեւելահայության ֆիզիկական գոյությունը. դեռ թարմ էին 1915 թվականի եւ նրան հաջորդած տարիներին օսմանյան Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արեւմտյան Հայաստանում եւ այլ հայաբնակ վայրերում իրագործված հայության ցեղասպանությունը եւ հայրենազրկումը։
Արեւմտյան Հայաստանն ամբողջապես հայաթափելուց հետո կործանման վտանգն սպառնում էր արդեն Արեւելյան Հայաստանին։ Ալ. Խատիսյանին եւ Հովհ. Քաջազնունուն մնում էր վերադառնալ Թիֆլիս՝ ստեղծված իրավիճակի մասին հանգամանորեն զեկուցելու Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդին՝ Հայ հեղափոխական դաշնակցության եւ մյուս քաղաքական կուսակցությունների խմբակցությունների հետ համատեղ քննարկելու եւ ընդունելու քաղաքականապես իրատեսական որոշում։ Հայ պատվիրակների խնդրանքով Հալիլ բեյը ընդունեց վերջնագրի պատասխանի ժամկետը երկու օրով երկարաձգելու (մինչեւ մայիսի 30—ի երեկո՝ ժամը 8—ը) առաջարկը։ Մայիսի 28—ի կեսօրին՝ ժամը 2—ին, նրանք Բաթումից վերադարձան Թիֆլիս։
Դրանից երկու օր առաջ՝ մայիս 26—ի երեկոյան, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտեների համատեղ արտակարգ նիստում բուռն վիճաբանություններից հետո ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել էր բանաձեւ, որով առաջարկվել էր Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդին օժտել կառավարական գործառույթներ. «Ի նկատի առնելով այն, որ Անդրկովկասի սեյմի ինքնացրումից եւ Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո լուծվելու է եւ անդրկովկասյան կառավարությունը, եւ հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին, ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաներ՝ օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երեւույթների եւ գործերի նկատմամբ»։ Ս. Վրացյանի գնահատմամբ. «Դաշնակցական ժողովը շատ ճիշտ էր գնահատել վայրկեանի էութիւնն ու նախատեսել անելիքը. Յետագայ դէպքերը նոյն ուղղութեամբ էլ զարգացան»։
Մայիսի 28—ի կեսօրին Թիֆլիսում Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին իրազեկվեցին, որ առավոտյան հրավիրված Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի անտարակույս ամենածանր ու պատասխանատու նիստում քննարկման է դրվել թուրքական վերջնագիրը ընդունելու կամ մերժելու հարցը։ Երկար ու բուռն վիճաբանություններից հետո այն մերժվել է։
Շարունակելի
Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
|