ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 5 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/
09:57
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/

Մայիսի 10—ին Ջեմալ փաշան Բաթումից մեկնելուց առաջ ցանկություն էր հայտնել Հալիլի ու Վեհիբի հետ այցելել անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության երեք ազգերի ներկայացուցիչներին։
Զ. Ավալովը այդ առնչությամբ գրում է. «Նրանք ցանկացել էին ավելի մոտիկից ծանոթանալ մեր պատվիրակների հետ։ Երեքով պինդ նստեցին բազմոցին՝ ամբողջովին գրավելով այն։ Սուրճը տրված է։ Այս կողմը՝ փոքրիկ հյուրասենյակում, ամբողջ բազմությամբ տեղավորվել են անդրկովկասյան պատվիրակները։ Ես հրավիրված եմ որպես «աշխատակից»։ Սկզբում ազատ խոսակցություն։ Այնուհետեւ մեր հյուրերը խնդրում են՝ մեր ազգային հատվածներից յուրաքանչյուրն արտահայտվի անկեղծորեն»։ Ալ. Խատիսյանը խոսք է բացում թուրքական պետության շրջանակներում Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցի լուծման մասին։ Ի դեպ, այդ հարցը դեռեւս 1918թ. ապրիլի 8—ին (21) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի օրակարգից հանվել էր թուրքերի կողմից՝ պաշտոնապես այն որակելով որպես միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։ Ջեմալ փաշան Ալ. Խատիսյանին պատասխանում է. «Հայկական հարցի մասին կարելի է խոսել շաբաթներով, բայց ես, այնուամենայնիվ, մի քանի բառ կասեմ։ …Թուրքիային անմարդկային հարված էր հասցված արտաքին ուժերի կողմից. սա բնական է, բայց բալկանյան ժողովուրդների եւ հայերի հասցրած հարվածները մահացու էին։ Ահա թե ինչու ստիպված ինքնապաշտպանության միջոցներ կիրառվեցին։ Եվ հայերի համար եկան սեւ օրեր։ …Ահա թե ինչու ես խորհուրդ եմ տալիս չբարձրաձայնել այդ հարցը եւ չդնել այն հիմա։ Թողեք ժամանակը բուժի վերքերը։ Չէ՞ որ այժմ թուրքերի եւ հայերի միջեւ վստահություն չկա, իսկ առանց դրա բանակցություններն անհնար են։ Պետք է հանել այդ հարցերը, պետք է դրանք վերացնել, եւ այդ ժամանակ մենք կկարողանանք համաձայնության գալ»։
Այնուհետեւ Ալ. Խատիսյանը թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ Ջեմալին, Հալիլին ու Վեհիբին հիշեցնում է նրանց «բարյացակամ» վերաբերմունքը 1908թ. երիտթուրքական հեղաշրջման օրերին քրիստոնյաների եւ իր հայ ընկեր Գրիգոր Զոհրապի նկատմամբ։ «Խատիսյանը, ըստ երեւույթին, ցավոտ տեղը կոխեց,–գրում է Զ. Ավալովը,–Ջեմալ փաշան լուրջ դեմք ընդունեց եւ խորհուրդ տվեց այդ հարցը չշոշափել»։ 
Իրողությունն այն էր, որ 1908թ. երիտթուրքական հեղաշրջման օրերին Հալիլի բեյը ձերբակալությունից խուսափելու համար պատսպարվել էր Գր. Զոհրապի բնակարանում։ «Բայց երբ,–գրում է Ալ. Խատիսյանը,–1915թ. Զոհրապի կինը յուսահատօրէն դիմած էր Խալիլ պէյին, խնդրելով պաշտպանել իր ամուսինը, ան կտրուկ կերպով մերժած էր որեւէ օգնութիւն ընծայել»։ 1915թ. Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության առաջին օրերին Գր. Զոհրապը ձերբակալվեց, իսկ մայիսի 20—ին սպանվեց աքսորի ճանապարհին։
Բանակցությունների սկսման նախօրեին Բաթումում ակտիվորեն շրջանառվեց թուրքերի օժանդակությամբ վրացական պետություն ստեղծելու մասին թեման։ «Էնվեր փաշան,–գրում է Ալ. Խատիսյանը,–խնդրել էր ցույց տալ վրաց իշխաններին, որոնք կարող են կազմավորել վրացական կառավարություն։ Նա ուզում էր անձամբ գնալ Քութայիսի, որպեսզի այնտեղ հռչակեր վրացական անկախ պետություն»։ Այդ նպատակով Թիֆլիս էր մեկնելու նաեւ Հալիլ բեյը։ Մայիսի 10—ին Բաթումում Ջեմալը, դիմելով վրաց պատվիրակության անդամներին, նշում էր. «Թուրքերը վրացիների հետ որեւէ խնդիր չունեն, այդ պատճառով էլ հաջողություն եմ մաղթում վրացական պետության կազմավորման գործում» եւ այլն։
Հարկ է նշել՝ դեռ Առաջին աշխարհամարտի սկզբին Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ կնքվել էր վրաց—թուրքական հակառուսական գաղտնի դաշնագիր, ըստ որի թուրքերը պարտավորվում էին օգնել վրացիներին՝ անջատվելու Ռուսաստանից։ Այդ նույն ժամանակ էլ Վրաստանի անկախության գործընթացն իրականացնելու նպատակով գաղտնաբար ստեղծվել էր «Վրաստանի ազատության կոմիտեն», որը վրաց ժողովրդին նախապատրաստելու էր անկախության։ Այդ գործընթացն ավելի ակտիվացավ 1917թ. Ռուսաստանում փետրվարյան հեղափոխության եւ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո։ Տրապիզոնի դիվանագիտական բանակցությունների ընթացքում թուրքական պատվիրակության նախագահ Ռաուֆ բեյն անգամ ակնարկում էր «Անդրկովկասը երեք մասի բաժանելու» մասին եւ այլն։
Առաջին հայացքից թվում էր, թե Վրաստանի անկախության նախադրյալները գրեթե ստեղծվել են, եւ թուրքերը փորձում են օժանդակել դրա իրականացմանը։ Սակայն հարց է առաջանում, թե ինչու թուրքերի համար դա դարձավ օրակարգային առանձնապես Բաթումի դիվանագիտական բանակցությունների նախօրեին, երբ ռազմաքաղաքական իրավիճակն արմատապես փոխվել էր երկրամասում։ Բանն այն է, որ թուրքերն արդեն բռնազավթել էին Բաթումը, Արդահանը, Կարսը եւ շարունակում էին իրենց ռազմական առաջխաղացումը՝ գրավելու ամբողջ Անդրկովկասը։ Մինչդեռ թուրքերի այդ տարածքային բռնազավթումներն ամբողջովին հակասում էին դաշնակից Գերմանիայի շահերին, եւ վերջինիս ճնշմամբ Կոստանդնուպոլսում, ինչպես վերը նշվեց, կնքվել էր գերմանա—թուրքական գաղտնի դաշնագիր (ապրիլի 27), որով Վրաստանն ու Ադրբեջանն անցնում էին Գերմանիայի ազդեցության ոլորտ։ Իսկ դա հանգիստ չէր տալիս Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետեւ այն հակասում էր վերջինիս աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերին։
Կարծում ենք՝ պատահական չէր, որ Վրաստանում Գերմանիայի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց վրացիների անկախացմամբ սեպ խրել եւ խափանել վրաց—գերմանական ձեւավորվող հարաբերությունները։ Դրանով Վրաստանը, կորցնելով Գերմանիայի հովանավորությունը, գրավվելու էր Թուրքիայի կողմից, իսկ Գերմանիան էլ կորցնելու էր իր ազդեցությունը ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ երկրամասում։ Թուրքերի կողմից այդ դիվանագիտական ծուղակի նախապատրաստումը չէր վրիպել վրացի եւ գերմանացի դիվանագետների ուշադրությունից, ուստի Բաթումում շարունակվեց նրանց էլ ավելի եռանդուն գաղտնի աշխատանքը։ Թուրքական վերջնագրից խուսափելու համար անհրաժեշտ էր մինչեւ այն ներկայացնելը «Թուրքական արշավանքին հակազդել Գերմանիայի աջակցությամբ անկախ Վրաստանով»։
Առաջ անցնելով նշենք, որ երբ մայիսի 26—ի երեկոյան Հալիլ բեյը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ վերջնագիր էր ներկայացրել Ա. Չխենկելիին՝ փոխանցելու անդրկովկասյան կառավարությանը, նա գրավոր պատասխանել էր, որ այլեւս հնարավոր չէ գրությունը հանձնել ըստ պատկանելության, որովհետեւ անկախ Անդրկովկասյան պետություն այլեւս գոյություն չունի. սեյմը լուծարվել է չորս ժամ առաջ, իսկ Վրաստանն էլ հռչակել է իր անկախությունը։ Այդ քայլը վրացի եւ գերմանացի դիվանագետները նախապատրաստել եւ իրականացրել էին Թուրքիայից գաղտնի։ «Մեր անդրկուլիսյան գաղտնի աշխատանքը,–գրում է Զ. Ավալովը,–անցավ աննկատ։ Թվում է՝ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է լինելու այսօր եւ վաղը»։ Թուրքերը հասկացան, որ խաբված են։ Թեեւ թուրք պատվիրակության համար այդ պահին անսպասելի էր անկախ Անդրկովկասի կազմալուծումը, բայց եւ այնպես դա նրանց հանկարծակիի չբերեց. նրանց վաղուց հայտնի էր, որ Անդրկովկասյան ազգերի միությունը արհեստածին է ու ժամանակավոր, հետեւաբար չէր կարող երկար գոյատեւել եւ իբրեւ բուֆերային պետություն պատնեշ ծառայել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ուստի պատահական չէր նաեւ, որ այդ հարցի լուծումը թուրքերը տեսնում էին ռազմական ուժով ամբողջ Անդրկովկասը գրավելու ճանապարհով։
Հարկ է նշել նաեւ, որ այդ օրերին՝ մինչեւ Անդրկովկասյան պետության կազմալուծումը, վրացական մամուլը շատ հետեւողականորեն նախապատրաստում էր հասարակական կարծիքը Վրաստանը անկախ պետություն հռչակելու վերաբերյալ։ Նման բնույթի հոդվածներ էին հրապարակվում սոցիալ—դեմոկրատների օրգան «Էրթոբայի», ազգային դեմոկրատների «Սաքարթվելոյի» եւ սոցիալիստ—ֆեդերալիստների «Սախալխո—Սաքմեի» էջերում։
Ինչեւիցե, ակնհայտ էր նաեւ, որ Անդրկովկասյան պետության լուծարումը եւ Վրաստանի անկախության հռչակումն իրականացվեցին նպաստավոր այն պահին, երբ Գերմանիայի եւ Վրաստանի միջեւ արդեն պատրաստ էին փոխշահավետ բնույթի մի քանի ռազմաքաղաքական, տնտեսական, ֆինանսական, անվտանգության եւ այլ համաձայնագրերի նախագծեր, որոնք գաղտնի ստորագրվելու էին Փոթիում։ Այդ առնչությամբ Զ. Ավալովը գրում է. «Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջությունն ապահովվում են Գերմանիայի կողմից։ …Ժամանակավոր համաձայնությունը Գերմանիայի հետ, որի վրա ջանադրորեն աշխատում ենք (ավելի ճիշտ՝ համաձայնություններ. մի քանի վավերագիր կլինի), …վրացական ժամանակավոր կառավարությունը Գերմանիային տրամադրում է օգտագործելու Վրաստանի նավահանգիստներում գտնվող բոլոր նավերը։
Եթե դաշնագիր կողմին հաճելի է, ինչու՞ չզիջել նրան այն, ինչ անգամ գոյություն չունի բնության մեջ։ Ինչպե՞ս։ Համաձայնություն վրաց նավերի մասին։ Գերմանիայի հետ։ …Եվ այսպես սեպը սեպով հանիր, բայց մենք թուրքերից պաշտպանվում ենք գերմանացիներով»։
Ի դեպ, մայիսի 28—ին Փոթիում ստորագրված վրաց—գերմանական գաղտնի համաձայնագրերը Բեռլինը չվավերացրեց, սակայն պատմական այդ վճռորոշ պահին գերմանական զինվորների ներկայությունը վրացական տարածքում գրավական էր Վրաստանի սահմանների անվտանգության Թուրքիայի ոտնձգություններից։ Շուտով Թիֆլիսում վրացական դրոշի կողքին բարձրացվեց նաեւ Գերմանիայի դրոշը։
Եվ, այնուամենայնիվ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը դաշնակից Գերմանիայի հետ սուր հակասությունների եւ բախումների պայմաններում համառորեն շարունակեց իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի իրականացմանը միտված քայլերը երկրամասում։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային 
հարաբերությունների ֆակուլտետի դեկան, 
պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024