Մայիսի 11—ին Բաթումի ակումբի շենքում տեղի ունեցավ հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր պաշտոնական բացումը։ Թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները ընթացան երկու փուլով.
I. մայիսի 11—26—ը՝ անկախ անդրկովկասյան հանրապետության հետ, մինչեւ վերջինիս լուծարումը,
II. մայիսի 30—ից հունիսի 4—ը՝ Անդրկովկասյան երեք անկախ հանրապետութ—յունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միաժամանակ, սակայն յու—րաքանչյուրի հետ առանձին—առանձին։
Հարկ է նշել, որ խորհրդաժողովի հանդիսավոր բացումից հետո մինչեւ մայիսի 26—ը պաշտոնական նիստեր այլեւս չգումարվեցին, թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները դարձյալ մտան փակուղի, բայց տեղի ունեցան ոչ պաշոնական անդրկուլիսյան փոխադարձ հանդիպումներ ու բանակցություններ։ Նիստը նախագահելու գործը ստանձնեց թուրքական պատվիրակության ղեկավար Հալիլ բեյը։ Նա իր ողջույնի խոսքն արտասանեց թուրքերենով՝ «Հիշելով Կովկասի գլխին ծագած «ազատության գեղեցիկ աստղը»։ Թուրքիայի փափագը, բարիդրացիություն հաստատելու մասին եւ այլն»։ Պատասխան խոսքով հանդես եկավ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին։
Դիվանագիտական բանակցությունները դեռ չսկսած՝ հայտնի դարձավ, որ երկու պատվիրակությունների միջեւ առկա են սկզբունքային տարաձայնություններ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրն իբրեւ բանակցությունների հիմք ընդունելու հարցի շուրջ։ Իրողությունն այն էր, որ այդ դաշնագիրը որպես բանակցությունների միակ հիմք ընդունելով՝ Անդրկովկասը հարկադրված չէր լինի տարածքային նոր զիջումներ անելու Թուրքիային՝ բացառությամբ այնտեղ նախատեսված Բաթումի, Արդահանի եւ Կարսի։ Այդ հանգամանքը կարեւորելով՝ Ա. Չխենկելին իր ելույթում հայտարարեց, որ սկսվող բանակցությունները պետք է դիտել որպես Տրապիզոնի բանակցությունների ուղղակի շարունակություն եւ Հալիլ բեյին հիշեցրեց, որ դեռեւս 1918թ. մարտի 28—ին (ապրիլի 10) Տրապիզոնում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը թուրքական վերջնագրին գրավոր հայտարարել է. «Ի պատասխան օսմանյան պատվիրակության նախագահի ապրիլի 6—ի 1918թ. գրության՝ պատիվ ունեմ հայտնելու, որ ընդունում եմ Բրեստ—Լիտովսկի դաշնագիրը եւ պատրաստ եմ հետագա բանակցությունները վարել այդ դաշնագրի հիման վրա։ Անդրկովկասյան պատվիրակության նախագահ, Արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելի»։
Խորհրդաժողովի նիստում Հալիլ բեյը կտրուկ մերժեց Ա. Չխենկելիի առաջարկած՝ բանակցությունները վարելու հիմքը եւ հրապարակեց օսմանյան կառավարության տեսակետը, ըստ որի՝ թուրքական կողմը հրաժարվում է Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի հիման վրա բանակցելու իր նախկին դիրքերից եւ առաջ է քաշում նոր պահանջներ։ Հալիլ բեյը Ա. Չխենկելիին նաեւ հիշեցրեց, որ Տրապիզոնի բանակցությունների ժամանակ նա նման հայտարարություն արել է կայսերական կառավարությանը, բայց դա չի վավերացվել անդրկովկասյան կառավարության կողմից, եւ հետ է կանչել իր պատվիրակությանը, որին հետեւել են դիվանագիտական բանակցությունների խզումը եւ ռազմական գործողությունների վերսկսումը Թուրքիայի եւ Անդրկովկասի միջեւ։ Հալիլ բեյը իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ «Թուրքական բանակը Բրեստ—Լիտովսկի դաշնագրից հետո ոչ թե ռուսական բանակի, այլ Անդրկովկասյան զորքերի դեմ է կռվել։ Եվ քանի որ այդ պատճառով երկու կառավարությունների փոխհարաբերությունների բնույթն այժմ փոխվել է, ես չեմ կարող ընդունել Բրեստ—Լիտովսկի դաշնագիրը որպես ներկա բանակցությունների միակ հիմք»։ Հալիլ բեյը կտրուկ հայտարարեց նաեւ, որ թուրքական կառավարությունն այլեւս չի կարող սահմանափակվել տարածքային այն ձեռքբերումներով, որոնք նախատեսված էին Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրով։ Այդ առնչությամբ ուշագրավ է Զ. Ավալովի գնահատականը. «Մենք շարունակում էինք հիմնվել նաեւ այս առարկության վրա, որ թուրքերը իրավունք չունեին պահանջելու Բրեստ—Լիտովսկի իրենց զիջումներից ավելին։ Այստեղ մեր դիրքը բավականին թույլ էր, բայց եւ այնպես ստիպված էինք համառել, որովհետեւ այդ էր Ա. Չխենկելու գլխավոր փաստարկը դեռեւս Տրապիզոնի խորհրդաժողովի վերջից սկսած։ Այս տեսակետը թուլացնում էր (այսինքն՝ չեն ծագել նոր հանգամանքներ, որ փոխեին մեր միջեւ եղած միջազգային դրությունը, ուստի չեն կարող լինել նաեւ նոր պահանջներ) շնորհիվ այնպիսի փաստերի, որպիսին էր սեյմի բարձրացրած ռազմահայրենասիրական ամբողջ աղմուկը՝ իբրեւ հետեւանք այն բանի, որ թուրքերը չէին ցանկանում հրաժարվել Բաթումից եւ Կարսից, Սեյմի ընդունած մի շարք ռազմաշունչ բանաձեւերը, պատվիրակությունը Տրապիզոնից հետ կանչելը եւ այլն։
Այս փաստարկների հետեւանքով թուրքերը հնարավորություն ստացան պնդելու, որ Չխենկելու՝ Տրապիզոնում արած հայտարարությունը Բրեստ—Լիտովսկի դաշնագիրը ընդունելու մասին «չեղյալ է հռչակված» Գեգեչկորու կառավարության կողմից, եւ որ Անդրկովկասյան հանրապետության կողմից պատերազմի վերսկսումը պատճառ եղավ միջազգային դրության փոփոխության, որը այժմ Թուրքիային իրավունք է տալիս նոր պահանջներ ներկայացնելու։ Մի խոսքով՝ այս կետում մեր ոտքի տակի հողը ամուր չէր»։
Ինչպես տեսնում ենք, Ա. Չխենկելիի դիվանագիտական ջանքերը որեւէ դրական արդյունք չտվեցին։ Իհարկե ավելորդ է ասել նաեւ, որ, միեւնույնն է, թուրքերը որեւէ այլ առիթ կգտնեին նախապես պատրաստված ռազմավարական հեռահար ծրագրերն իրականացնելու համար։
Ստեղծված իրավիճակում Հալիլ բեյն իրեն իրավունք վերապահեց բանակցությունների հիմք ընդունելու թուրքերի կողմից նախապես պատրաստված «Խաղաղության ու բարեկամության» մասին դաշնագրի նախագիծը, որտեղ, տարածքային պայմաններից զատ, ամրագրվում էին տնտեսական, առեւտրական, ռազմաքաղաքական եւ այլ չափազանց ծանր պահանջներ։ Իրողությունն այն էր, որ հարկադրական համաձայնությամբ Հալիլ բեյն անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանը հանձնեց մի կնքված ծրար, որում դաշնագրի նոր նախագիծն էր։ Եվ դրանով փակվեց հաշտության խորհրդաժողովի առաջին եւ վերջին լիագումար նիստը։ «Երեկոյան մենք իմացանք թուրքերի պահանջների մասին,–գրում է Ալ. Խատիսյանը,–եւ հուսահատության մեծ սարսափ ապրեցինք»։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության բոլոր հույսերն ի դերեւ ելան։ Նրանք հասկացան, որ խաբված են, բայց արդեն ուշ էր։
Ուշագրավ է այդ իրադարձություններին Հովհ. Քաջազնունու տված գնահատականը. «Բրեստ—Լիտօվսկի պայմանագիրը, որի մասին մի ամիս առաջ, Տրապիզոնում, լսել անգամ չէինք ուզում, այժմ դառել էր մեր միակ ու ամենամեծ իղձը։ Բայց թուրքերը մնում էին անողոք, պինդ բռնել էին մեր կոկորդից, բաց չէին թողնում»։
«Օսմանյան կայսերական կառավարության եւ Անդրկովկասյան Դաշնության հանրապետության խաղաղության ու բարեկամության դաշնագրի» թուրքական նախագիծը բաղկացած էր 12 հոդվածից եւ 3 հավելվածից։ «Փաստաթուղթը պարունակում է քաղաքական, տնտեսական, իրավական եւ ռազմական տեսակետներ, եւ որ ինքը (Հալիլ բեյ — Գ. Պ.) անձամբ Անդրկովկասյան պատվիրակության հետ վիճաբանություններ կսկսի քաղաքական հարցերի շուրջ… Այն հարցերը, որոնք վերաբերում են երկու երկրներին՝ կարծարծե՞ն երկու հետաքրքրվող կողմերը»։
Հալիլ բեյը ներկայացրեց անասելի ծանր նոր պահանջներ ամբողջ Անդրկովկասի համար ընդհանրապես եւ Հայաստանի ու հայության համար մասնավորապես։
Ըստ դաշնագրի նախագծի՝ Թուրքիան հավակնում էր տարածքային նոր բռնազավթումների. նրանք Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի ճշտված սահմաններից բացի, պահանջում էին Թիֆլիսի, Քութայիսի եւ Երեւանի նահանգների ընդարձակ տարածքները, որոնք հիմնականում բնակեցված էին հայերով։ Կարսի մարզից բացի՝ հավակնում էին նաեւ զավթել Ալեքսանդրապոլը, Էջմիածնի գավառի մեծ մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջեւանը, Կարս—Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղին։ Հայաստան փաստորեն չէր լինի. մնում էր միայն փոքր լեռնային տարածություն Արագածի եւ Սեւանա լճի միջեւ։ Մյուս կողմից՝ կովկասյան թաթարները, «Որոնց պաշտօնական պատւիրակներից զատ Բաթում էր եկել մի բազմամարդ պատգամաւորութիւն Սուլթանօվի գլխաւորութեամբ,–գրում է Ս. Վրացյանը,–պահանջում էին Ղարաբաղը, Զանգեզուրը, Դարալագեազն ու Բասարգէչարը, անգամ Երեւան քաղաքը՝ վեհանձնօրէն հայերին թողնելով Էջմիածինը իբրեւ մայրաքաղաք»։
Փաստորեն, թուրքական դաշնագրի նոր պահանջները լայն հնարավորություն էին ստեղծում Թուրքիայի համար՝ ապահովելու ոչ միայն իր ռազմաքաղաքական ազդեցությունն ամբողջ Անդրկովկասում, այլեւ սահմանակից էր դառնում Ադրբեջանի եւ Իրանի այն տարածքներին, որոնց բնակչությունը հիմնականում ծագումով թուրք էին ու թրքախոս։ Այդտեղից ճանապարհ էր բացվում նաեւ դեպի անդրկովկասյան եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ժողովուրդների երկրամասեր։ Այդ պահանջները դյուրացնում էին նաեւ Թուրքիայի ռազմական գործողությունների ծավալումը Հյուսիսային Իրանում՝ անգլիական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար։ Դա իրականացնելու նպատակով հաշվի էր առնվում նաեւ Անդրկովկասի երկաթուղով թուրքական զորքերի անարգել տարանցումը։
Նախագծի երկրորդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվում էր ռազմական օգնություն ցուցաբերել անդրկովկասյան կառավարությանը՝ երկրի ներսում կարգուկանոն ապահովելու եւ արտաքին հարձակումներից երկիրը պաշտպանելու համար։
Երրորդ հոդվածով անդրկովկասյան կառավարությունն իր հերթին պարտավորվում էր արմատախիլ անել իր տարածքում գործող զինված «բանդաները» եւ անհրաժեշտության պարագայում ապավինել Թուրքիայի աջակցությանը՝ զինաթափելու եւ ցրելու այդ կարգի բոլոր խմբավորումները։
Ինչպես տեսնում ենք, 2—րդ եւ 3—րդ հոդվածների նախագծերի համաձայն՝ Անդրկովկասը իրականում հայտնվում էր կործանման եզրին. զրկվում էր իր ինքնիշխանությունից ու երկրի անվտանգությունն ապահովելու հնարավորությունից։
«Թաթարները ցնծութեան մէջ էին այդ առթիւ,–գրում է Վ. Մինախորյանը։–Հայերը ահաբեկուած՝ թէ՛ հողային նոր կորուստների եւ թէ՛ «զինուած խմբերը» արմատախիլ անելու առթիւ։ Գալով վրացիներին, նրանց համար ոչ միայն խաչ էր դրւում Տրապիզոնի բանակցութիւններից ժառանգութիւն մնացած ակնկալութիւնների վրայ, այլ եւ չքանում էր Վրաստանի կենսական շահերը պաշտպանելու հնարաւորութիւնը»։
Շարունակելի
Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
|