ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 7 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/
12:39
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/

Ստեղծված իրավիճակը զարմանք եւ խոր զայրույթ առաջ բերեց ոչ միայն անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ եւ վրացի անդամների, այլեւ գերմանացիների շրջանում։ Թուրքիայի այդ նկրտումները, ինչպես վերը նշվեց, հակասում էր նաեւ Գերմանիայի աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերին երկրամասում։ Երբ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ծանոթացավ դաշնագրի նախագծի հոդվածներին եւ հավելվածներին, սկսվեց երկու պատվիրակությունների միջեւ հուշագրերի եւ նոտաների փոխանակման անպտուղ գործընթացը, որը շարունակվեց մինչեւ անկախ անդրկովկասյան պետության կազմալուծումը։
Մայիսի 13—ին ֆոն Լոսովի խորհրդով ու աջակցությամբ Ա. Չխենկելին հուշագիր ներկայացրեց Հալիլ բեյին, որտեղ հիմնավորում էր անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության պահանջները. թուրքերը առաջին հերթին պետք է հրաժարվեին Անդրկովկասում իրենց ծավալապաշտական ծրագրերից։ Պատվիրակության պահանջները որքան էլ համոզիչ ու արդարացի էին, բայց եւ այնպես խիստ ուշացած էին եւ չէին համապատասխանում ստեղծված իրավիճակին։ Թուրքերը լավ էին հասկանում, որ դրության տերն են։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության առաջարկությունները զանց առնելու համար նրանք շարունակեցին իրենց ռազմական գործողությունները՝ Անդրկովկասից նոր տարածքներ զավթելով, ճնշում գործադրելով բանակցությունների վրա, ստեղծելով դիվանագիտական ծուղակներ, սպառնալով պարտադրել դաշնագրի նախագծի պահանջները վերջնագրի լեզվով։ Փաստորեն այդ նույն օրերին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը այն նույն վիճակում էր, որի մեջ հայտնվել էր Տրապիզոնի դիվանագիտական բանակցությունների ընթացքում։
Նույն օրը՝ առավոտյան, Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին ֆոն Լոսովի հետ երկժամյա զրույցի ժամանակ վերջինիս մանրամասնորեն ներկայացրին հայության ծանր վիճակը ստեղծված նոր իրադրության պայմաններում։ «Լոսովն ամեն ինչ լավ հասկացավ,–գրում էր Ալ. Խատիսյանը,–եւ ասաց, որ այդ մասին կհայտնի իր կառավարությանը, …սակայն արդեն 3—րդ օրն է՝ հեռագրային կապ չունի… դիտմամբ են նրան (ֆոն Լոսովին — Գ. Պ.) զրկել Բեռլինի հետ խոսելու հնարավորությունից»։
Կեսօրին ֆոն Լոսովի խորհրդով եւ միջնորդությամբ Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին հանդիպեցին նաեւ Հալիլ բեյին եւ Վեհիբ փաշային։ Շուրջ երեք ժամ տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվեցին հայկական տարածքային հարցերը։ 
Հայ պատվիրակները փորձում էին փոքր—ինչ մեղմել թուրքերի զավթողական ձգտումները։ Սակայն ապարդյուն. Հալիլ բեյը հայտարարեց. «Իհարկե, մեր պահանջները սարսափելի են, բայց հայերի արարքները Երեւանի եւ Բաքվի նահանգներում ստիպում են մեզ չեզոքացնել հայերի ազդեցությունը եւ մասնակցությունը անդրկովկասյան կառավարության ճակատագրում. այդպիսին է երիտթուրքական կոմիտեի վերջին որոշումը»։ Այնուհետեւ նա հիշեցրեց հայ պատվիրակներին, «Որ այս պատերազմում (Առաջին աշխարհամարտ — Գ. Պ.) հայերը ջախջախված են Ռուսաստանի հետ միասին։ Եվ դրա համար խորհուրդ ենք տալիս հայերին, որ դադարեցնեն հարձակումները եւ կոռեկտ պահեն իրենց»։ Վեհիբ փաշան նաեւ զգուշացնում էր՝ եթե հայերը մերժեն տրամադրել Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղին, ապա, միեւնույնն է, ոչինչ չի կարող խանգարել իրականացնելու իրեն տրված առաջադրանքը. «Եթէ ես նպատակ ունենայի գրաւել զօրքով Երեւանի նահանգը, բնաւ պէտք չունէի դիմել խաբէութեան, քանի որ կրնայի յայտնապէս նոյնը կատարել ուզած րոպէին, չվախնալով, թէ պիտի հանդիպէի ոեւէ լուրջ դիմադրութեան… Ձեր մերժումը կը բարդէ ու կը դժուարացնէ միայն խնդիրը, բայց չի կանգնեցներ իմ որոշումը, որովհետեւ եթէ դուք չհամաձայնէք յօժարակամ թոյլ տալ մեր զօրքի փոխադրութիւնը, այն ատեն պիտի կատարեմ ուժով, եթէ չտաք երկաթուղին, մենք կանցնենք հանդիսաւոր զօրանցքով»։
Ինչպես տեսնում ենք, թուրքերը ոչ միայն անզիջում էին, այլեւ անթաքույց սպառնում էին հայերին ռազմական ուժով։ Եվ այնուամենայնիվ Հովհ. Քաջազնունին ներկայացրեց հայ պատվիրակության տեսակետը. «Երբ դուք պահանջում եք Ախալքալաքը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը, Էջմիածինը եւ Սուրմալուն, երբ դուք պատրաստվում եք մահացու հարված հասցնել հայ ժողովրդի քաղաքական, գուցե եւ ֆիզիկական գոյությանը, մեր միջեւ չի կարող լինել ոչ մի համաձայնություն ոչ մի հարցի շուրջ։ Նախ պետք է որոշել սահմանների մասին հարցը, որի լուծումից կախված են մնացած հարցերը։ Ես գիտեմ, որ մերժման դեպքում դուք կգործադրեք ուժ, եւ դա մեզ սպառնում է պատճառել մեծ վնասներ։ Բայց եւ այնպես, եթե դուք չհրաժարվեք հավակնություններից, ձեր զորքերի անցման համաձայնությունը մենք չենք տա։ Իմ ընկերն (Ալ. Խատիսյան — Գ. Պ.) ասաց ձեզ, որ դա շատ դժվար է, ես ասում եմ, որ դա անհնար է»։
Նույն օրը՝ երեկոյան, տեղի ունեցավ նաեւ երկու պատվիրակությունների նախագահների հանդիպումը, որի ժամանակ Հալիլ բեյը դարձյալ նույն պատճառաբանությամբ համոզում էր, որ «Անգլիացիներն ուժեղացել են Իրանում, հետեւաբար պետք է շուտափույթ գրավեն Թավրիզը։ Այդ պատճառով էլ անմիջապես, առանց ոչ մի օր ժամանակ կորցնելու պետք է Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղով թուրքական զորքեր ուղարկել Թավրիզ։ Անդրկովկասյան կառավարությունը պետք է դա անմիջապես թույլ տա, քանի որ իրավիճակը կարող է ճգնաժամային դառնալ»։ Ա. Չխենկելին հակադարձեց Հալիլ բեյին, որ թուրքական զորքերի տարանցման համար ճանապարհ կբացեն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը։ Այդ առնչությամբ Ալ. Խատիսյանը գրում է. «Կարծիքն առայժմ այսպիսին է, որ եթե Գերմանիան երաշխավորում է Բրեստ—Լիտովսկի դաշնագիրը, ապա մենք զորքերի (թուրքական — Գ. Պ.) տեղափոխության թույլտվություն կտանք։ Լոսովն ինքն է այն կարծիքի, որ սկզբից պետք է լուծել տարածքային խնդիրները, հետո զորքերի տեղաշարժը թույլ տալ»։ Հալիլ բեյը հայտարարեց, որ ինքը հապաղում է Կոստանդնուպոլսին հարցում անել Բրեստ—Լիտովսկի դաշնագրի ճանաչման մասին, քանի որ իր կառավարությունն Անդրկովկասին կներկայացնի միաժամանակ երկու վերջնագիր. առաջին՝ տարածքները զիջելու, երկրորդ՝ թուրքական զորքերի համար ճանապարհ բացելու։
Ուշ գիշերին Հալիլ բեյը եւ Ա. Չխենկելին բաժանվեցին։ Վերջինս այն համոզումն ուներ, որ անդրկովկասյան կառավարությունը կարող է թուրքական զորքերի տեղափոխելու թույլտվություն տալ միայն այն պայմանով, եթե թուրքերը հրաժարվեն տարածքային պահանջներից. երկու կողմերն էլ պարտավորվեցին հարցում անել իրենց կառավարություններին։
Մայիսի 14—ին, ի պատասխան անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության (մայիսի 13) հուշագրի, Հալիլ բեյը նույն «հիմնավորումով» Ա. Չխենկելուն ուղղված հուշագրով պահանջեց Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղին տրամադրել թուրքական զինված ուժերին՝ տարանցելու՝ Իրանում անգլիացիների գործողություններին հակազդելու համար։ Իրականում այդ քողարկված տարանցումը միայն պատրվակ էր ամբողջ «Հայաստանը տիրելու», ապա ճանապարհ բացելով դեպի Թիֆլիս՝ այնտեղից անցնելու եւ տիրելու Բաքվի նավթին եւ վերջնականապես թուլացնելու Գերմանիայի ազդեցությունը Անդրկովկասում եւ այլն։
Մայիսի 15—ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանության միջոցով ֆոն Լոսովը հեռագիր հղեց Բեռլին՝ արտաքին գործերի նախարարությանը. «Զուտ հայկական տարածքներ հանդիսացող Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի եւ Երեւանի նկատմամբ Թուրքիայի չափից դուրս պահանջները ցույց են տալիս, որ նրանք ձգտում են գրավել Բրեստի դաշնագրով չնախատեսված տարածքներ՝ կողոպտել տնտեսապես եկամտաբեր Կովկասը եւ լիովին իրականացնել նաեւ հայերի բնաջնջումը Անդրկովկասում։
…Երեկոյան թուրքերը վերջնագրով պահանջեցին իրենց հանձնել Կարս—Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղին՝ այդ մասին նախօրոք չհայտնելով եւ չստանալով իմ համաձայնությունը։ Ես բողոքեցի դրա դեմ։ Կարեւորագույն եւ ամենահրատապ հարցերը մեկ ժամում կարելի է կարգավորել իմ միջնորդական առաջարկի հիման վրա, որ հետեւյալն է.
1. Թուրքերը պետք է Բրեստի դաշնագիրը ճանաչեն որպես հիմք,
2. Թուրքերի պահանջը զսպելու նպատակով՝ սահմանը ճշգրտելու պատրվակով Ախալցխայի մահմեդական շրջանը փոխանակել Բաթումից հյուսիս ընկած վրացական շրջանի եւ Կարսից արեւելք գտնվող զուտ հայկական մասի հետ, որով Կարս ամրոցը կմնա թուրքերին։
Առաջարկը ընդունվելուց հետո կարող է սկսվել թուրքական զորքերի տարանցումը Կարս—Ջուլֆա երթուղով, սակայն միայն Գերմանիայի ղեկավարությամբ եւ երաշխիքով։ Ուստի խնդրում եմ Ձեզ ուղարկել փոքր հանձնախումբ, որը կաշխատի ինձ հետ Թիֆլիսում, ինչպես նաեւ գերմանական գումարտակ, որը կստանձնի ապահովելու Ալեքսանդրապոլից մինչեւ Ջուլֆա ընկած երկաթուղու կայարանների պաշտպանական եւ կարգապահական ծառայությունը։ Դա անվերապահորեն պահանջում են կովկասցիները, քանի որ նրանք մեծ անվստահություն ունեն թուրքերի նկատմամբ։ Նրանք ամենայն վճռականությամբ մերժում են թուրքական ղեկավարության ազդեցությունը կովկասյան երկաթուղում»։ Ավելորդ է ասել, որ ֆոն Լոսովը Բաթումի հաշտության խորհրդաժողովում որպես Գերմանիայի ներկայացուցիչ մտահոգված էր ոչ թե հայերի եւ Հայաստանի հարցով, այլ իր երկրի շահերով Անդրկովկասում, չնայած երբեմն կրկնում էր այն միտքը, թե «Գերմանիան պատասխանատւութիւն ունի հայկական հարցում, եւ թէ անհրաժեշտ է հայերի նոր կոտորածների առաջն առնել»։
Ինչեւէ, ֆոն Լոսովի վերը նշված այդ հեռագրին կարեւորություն չտրվեց, եւ Գերմանիայի կառավարությունը գործնական քայլեր չձեռնարկեց՝ թուրքական ռազմական առաջընթացը կանխելու եւ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի պահանջները պահպանելու համար։ 
Սակայն անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ անդամները եւ հայ քաղաքական գործիչներն Անդրկովկասում ստեղծված չափազանց բարդ ու լարված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում չկարողացան արագ եւ ճիշտ գնահատել Գերմանիայի եւ նրա դաշնակից Թուրքիայի միջեւ խոր հակասությունների եւ շահերի բախումից սպասվող ոչ նպաստավոր պայմանները հայության համար։ Նրանք Վրաստանի օրինակով ընդունելով գերմանական կողմնորոշումը՝ շարունակեցին էլ ավելի ապավինել Գերմանիայի անպտուղ աջակցությանը։ Ալ. Խատիսյանի գնահատմամբ. «Այսպիսի պայմաններու մէջ, շրջապատուած ամէն կողմէ թշնամիներով, մեր միակ յոյսը կը մնար գերմանացիներու միջամտութիւնը։ Մենք քննութեան առնելով ստեղծուած կացութիւնը, եկանք այն եզրակացութեան, թէ ճիշդ է Հայոց Ազգային խորհուրդի տեսակէտը. պատրաստեցինք քարտէսներ, թուական տեղեկութիւններ եւ գրաւոր զեկուցում՝ որոշելով յանձնել զանոնք զօր. Լոսովին եւ ընթացք տալ Ազգային խորհուրդի հրահանգին անյապաղ։ Քաղաքականապէս մենք ուրիշ բան չէինք ըներ, բայց եթէ կը հետեւէինք վրացիներու օրինակին»։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 342 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024