ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 10 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/
11:01
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/

Իրականում հայերի օգտին Գերմանիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական նախազգուշացումները Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը ընդամենը դիվանագիտական խաղ էր, որով փորձում էին ձերբազատվել Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության մեղսակցության փաստից։ Եվ պատահական չէր, որ Գերմանիան իր «Օգնության դիմաց հայկական պատվիրակություններին (Բեռլինում եւ այլուր — Գ. Պ.) պատասխանում էր, թե իրենց օգնությունից առաջ հայերը պետք է հրաժարվեն Գերմանիայի մեղսակցության շուրջ ծավալած քարոզչությունից»։ Հարկ է նշել, որ Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը անթաքույց հասկացնում էր նաեւ Բաթումի եւ Բեռլինի հայ պատվիրակներին, որ երկրամասում ստեղծված բարդ ու հակասական իրադրության պայմաններում չեն կարող հանուն հայերի վտանգել իրենց հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։
Ինչպես վերը նշվեց, մայիսի 14—ին Հալիլ բեյը նույն «հիմնավորումով» պնդեց եւ պահանջեց թույլատրել Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղով զորքերի տարանցումը Իրան, սակայն այդ մասին Ա. Չխենկելին գրավոր տեղեկացվել էր հաջորդ օրը՝ մայիսի 15—ին, ժամը 6—ին, երբ նախօրոք Վեհիբ փաշան երեք ժամ ժամանակ էր տվել հայկական կողմին Ալեքսանդրապոլը դատարկելու համար, սակայն առանց սպասելու պատասխանի նրանց զորքերը անցան Արփաչայը (Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրով որոշված սահմանագիծը) եւ հայկական ուժերի մի քանի ժամ տեւած անկանոն դիմադրությունից հետո գրավեցին Ալեքսանդրապոլը եւ շարժվեցին դեպի Ղարաքիլիսա։ Հայկական զորքերն ստիպված եղան անկանոն նահանջել. մի մասը՝ դեպի Ջաջուռ, իսկ մյուս մասը՝ երկաթուղու ուղղությամբ դեպի Արարատյան դաշտ՝ հակառակորդին թողնելով մարտական ողջ տեխնիկան եւ պարենը։ 
Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե—ն հեռագիր հղեց Բաթում հայ պատվիրակներին, որում մասնավորապես ասվում էր. «Խնդրում եմ ամենքին ներկա դեպքերի եւ պատերազմական գործողությունների ժամանակ պաշտպանել ամբողջ Կովկասի խաղաղ ազգաբնակչությանը, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների շրջանում եւ այլ վայրերում գտնվող հայ ժողովուրդը կոտորածներից, նաեւ հինավուրց պատմական Էջմիածնի վանքը ու մեր նախնիների գահը, բոլոր նվիրական հուշարձաններով պահպանել ավերումից ու թալանից»։
Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի, Բաթումի, Կարսի, Արդահանի, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլի գրավումը ոչ միայն Թուրքիայի ռազմական գործողությունների առաջընթացի իրականացման, այլ նաեւ դիվանագիտական փակուղիների, միջազգային մի շարք նորմերի, իրավունքների ու զինադադարի պայմանների ոտնահարում էր։
Բաթումում Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության թաթար անդամները մեծ ցնծությամբ ընդունեցին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավումը, որը քայլ առ քայլ ճանապարհ էր բացում դեպի Բաքու։ Այդ առնչությամբ թուրք հեղինակ Ս. Սյուրմելին գրում է. «Թաթարները ցանկանում էին միավորվել Թուրքիայի հետ։ Նրանց համար ազգակցական կապը բոլոր տեսակի կապերից վեր էր։ Բացի դրանից՝ Բաքուն գտնվում էր բոլշեւիկների ձեռքում, եւ այդ վտանգից ազատվելու համար անհրաժեշտ էր Թուրքիայի օգնությունը»։ Ստեղծված պայմաններում «Տանջալի են նաեւ մեր զրույցները կուլիսներում։ Թաթարները ճզմում են մեզ Թուրքիայի սպառնալիքով»,–գրում է Ալ. Խատիսյանը։
Անդրկովկասյան Սեյմի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խմբակցության անունից Խ. Կարճիկյանը հեռագիր հղեց Բաթումում գտնվող խաղաղարար պատվիրակությանը, որ խնդրեն ֆոն Լոսովին՝ միջնորդի՝ թուրքական ռազմական առաջընթացը կանգնեցնելու։ Պետք էր առաջ քաշել հետեւյալ երեք պահանջները. 1. գերմանացիները պաշտպանեն Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղին, 2. հայկական զորքերը մնան իրենց դիրքերում՝ երկաթուղու երկու կողմերի վրա, 3. խաղաղարար պատվիրակության այդ երաշխիքները ստանալուց հետո կոչ հղեն ժողովրդին՝ հանգիստ մնալ իրենց տեղերում։
Մայիսի 19—ին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ եւ վրացի անդամները անմիջապես դիմեցին ֆոն Լոսովին եւ Հալիլ բեյին՝ այդ երեք պահանջները իրագործելու խնդրանքով։ Սակայն ֆոն Լոսովը հայտնեց խաղաղարար պատվիրակության անդամներին, թե վստահ չէ, որ թուրքերը կհարգեն իր միջնորդությունը, բայց եւ այնպես այդ մասին կտեղեկացնի նաեւ իր կառավարությանը։ Չուշացավ նաեւ Հալիլ բեյի եւ Վեհիբ փաշայի արձագանքը. դիմելով խաղաղարար պատվիրակութանը՝ հայտնեցին, թե «Ի՞նչի են պէտք ձեզ գերմանացիները։ Մենք ինքներս կարող ենք ձեզ հետ համաձայնութեան գալ։ Թող բնակչութիւնը մնայ իր տեղը»։ Ինչպես երեւում է, նրանց կողմից այդ պահանջները իրականացնելու որեւէ երաշխիք չտրվեց, եւ խաղաղարար պատվիրակությունը ստիպված այլեւս որեւէ կոչ չուղղեց ժողովրդին։ Ավելին, Ալեքսանդրապոլի գրավումից հետո թուրքական զորքերը շարունակեցին իրենց ռազմական գործողությունները՝ այն վերածելով թուրք—հայկական պատերազմի։
Ստեղծված չափազանց բարդ ու լարված պայմաններում Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը մայիսի 17—ին Բաթում էր գործուղել նոր պատվիրակություն (Հ. Օհանջանյան, Մ. Պապաջանյան)՝ պաշտոնապես դիմելու Գերմանիայի կառավարությանը՝ սատարելու Հայաստանին ֆոն Լոսովի միջոցով։ Մայիսի 19—ին Ալ. Խատիսյանի, Հովհ. Քաջազնունու եւ Բաթում ժամանած նոր պատվիրակության անդամների խնդրանքով ֆոն Լոսովը զրուցել էր Հալիլ բեյի հետ՝ նախ պարզաբանում ստանալու Ալեքսանդրապոլի անսպասելի հրետակոծության, այն գրավելու, ապա ներկայացված երեք պահանջներն իրականացնելու վերաբերյալ։ Սակայն Հալիլ բեյը նույն պատասխանն էր տվել, ինչ օրեր առաջ ասել էր Բաթումում Ալ. Խատիսյանի եւ Հովհ. Քաջազ—նունու հետ հանդիպման ժամանակ. «Հայերը պարտվել են ու պետք է հնազանդվեն։ …Հայերի գործերը շատ վատ են»։
Հայաստանի տարածքով թուրքական զորքերի առաջխաղացումը մեծ սպառնալիք էր ստեղծել նաեւ Վրաստանի համար, որը պահանջում էր հայ—վրացական միացյալ ճակատ կազմել՝ Թուրքիայի ռազմական առաջխաղացումը կանգնեցնելու համար. «Բայց արդեն ուշ էր։ Անվերջ ընդհարումների հետեւանքով,–գրում է Վ. Մինախորյանը,–հայերը այլեւս հիւծուած էին։ Որով՝ եթէ կարելի էր նրանց դեռ վրացական ազգային շահեր պաշտպանելու համար օգտագործել, բնաւ հնարաւոր չէր նրանց հետ քաղաքականօրէն բախտ կապել։ Ահա այդպիսի պայմանական ներդաշնակ ընթացք ստացան այդ օրերին հայ—վրացական յարաբերութիւնները»։
Մինչդեռ Բաթումի դիվանագիտական բանակցությունների կուլիսներում այդ նույն օրերին ոչ միայն հայ, այլ նաեւ վրաց պատվիրակության անդամները հայտնվել էին կատարված փակուղու առջեւ, որից միայն «երկու ելք կար,–շարունակում է Վ. Մինախորյանը,–կամ վերջ տալ դիւանագիտական խաղերին եւ խզելով յարաբերութիւնները գոնե վերջին պահին երկրի մէջ կամք ու շարժում ստեղծել՝ թշնամու դէմ պաշտպանելու համար, կամ զիջումների ճամբան բռնել։
Աւելորդ է ասել, որ վերջին ուղղությամբ էլ գնաց Չխենկելիի քաղաքականութիւնը, մինչեւ սպառուեցին զիջումներ անելու իրական հնարաւորութիւնները»։ 
Այդ մասին է հաստատում Ա. Չխենկելիի մայիսի 18—ի նամակը՝ ուղղված Հալիլ բեյին. «Անդրկովկասի հանրապետության պատվիրակությունը անհրաժեշտ է համարել որքան կարելի է թեթեւացնել ստեղծված լուրջ կացությունը եւ ձեռք է առել միջոցներ, որպեսզի թուրքական զորքերի Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղով Իրան տեղի ունենալիք փոխադրումը արգելքների չհանդիպի»։ Իրողությունն այն էր, որ այդ զիջումներն իրականացվեցին հայկական տարածքների եւ Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղու հաշվին։ Ի դեպ, թուրքերը, օգտվելով հայ–վրացական միացյալ ճակատ ստեղծելու անհնարինությունից (թուրքերին հայտնի էր, որ վրացիները ի վիճակի չեն պատերազմ մղելու) եւ ռազմաճակատի անպաշտպանությունից, նրանց զորամասերը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ—Ապարանի ուղղությամբ, որտեղ դրսեւորվեցին օսմանյան թուրքերի դեմ մեն—մենակ մնացած հայ ժողովրդի միասնական կամքը եւ հայկական զինված ուժերի հերոսամարտերը։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024