
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը եւս բանակցում է ԵՄ—ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ լիագումար նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, թե արդյոք ԼՂ խնդրի լուծման համար նույն հռետորաբանությունն ու նույն մոտեցումնե՞րն են պահպանված նաեւ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթում։
Կարեն Նազարյանը, անդրադառնալով ԵՄ—Ադրբեջան բանակցություններին, նշեց, որ ԵՄ—ի միջազգային բանակցությունների պրակտիկան հուշում է, որ քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, ու դրանց բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը, քանի որ դա կարող է վտանգել կողմերի հանրային եւ պետական շահերը. «Բայցեւայնպես, տեղյակ ենք, որ ԵՄ—Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է հակամարտությունների կարգավորման խնդիրը, ինչպես ձեւակերպված է մեր համաձայնագրի պարագայում, եւ մենք ասել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային եւ առավել կարեւոր միասնական դիրքորոշում պահպանելու մասին։ Դա կարեւոր է հակամարտության կարգավորման ընթացքը լավագույնս ապահովելու համար, եւ մենք ունենք հավաստումներ, որ ԵՄ—ն կպահպանի իր հայտարարած մոտեցումը, հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով»։
ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ, դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հարցրեց. «Եթե Ադրբեջանի հետ նախատեսվող ԵՄ համաձայնագրի փաստաթղթում Արցախյան հիմնահարցի կարգավորման մասով տեղ գտնեն ձեւակերպումներ, որոնք կհակասեն մեր ունեցած փաստաթղթին, որո՞նք պետք է լինեն մեր գործողությունները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ»։
«Այսօր Հայաստանը բոլոր ուղղություններով աշխատում է, որպեսզի ստանա երաշխիքներ, որ հայկական պայմանագրում ամրագրված ձեւակերպումները տեղ գտնեն նաեւ ադրբեջանական փաստաթղթում»,–ասաց Արմեն Աշոտյանը։
Այնուամենայնիվ, նա «եթե»—ով սկսվող հատվածին չպատասխանեց՝ «հաշվի առնելով այն չափավոր եւ զգուշավոր լավատեսությունը, որ ՀՀ դիվանագիտությունն՝ իր ողջ թիմով ունի առ ԵՄ գործընկերների միատեսակ մոտեցմանը»։
Աշոտյանը ավելացրեց, որ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում Եվրամիությանը չի հաջողվի ամրագրել ժողովրդավարության հետ կապված բոլոր բարեփոխումները։ Նա ասաց, որ, համաձայն իր ունեցած տեղեկությունների, Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը կոչվում է համապարփակ՝ առանց երկրորդ բաղադրիչի։ Աշոտյանն ընդգծեց, որ համաձայնագրի քաղաքական հատվածն էականորեն տարբերվում է մեր ունեցած փաստաթղթում շարադրված հատվածից։ Նա վստահեցրեց, որ տնտեսական եւ սեկտորալ համագործակցությունը նույնպես լինելու է սահմանափակ։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|