Վարչապետ
Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային
մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ ամերիկյան «Global Medical Solutions»
ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են
ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Global Medical Solutions»
ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը, հայտնում են ՀՀ
կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
վարչությունից։
ԱՄՀ–ի եւ Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ
Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման
գերժամանակակից կենտրոն։ Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական
բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների
սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը
չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում
հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա,
որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։ Կենտրոնում
հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել
ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական
հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների
նվազմանը։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար
ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային
բժշկության զարգացմանը։
Կենտրոնի կառավարումը վստահվել է «Global Medical Solutions» ընկերությանը,
քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ GMS–ի
գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում,
Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ
Թայլանդում։
Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական–մասնավոր համագործակցությամբ։ Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո։
Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների
հիվանդություններից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար
700 մարդ։ Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն
դրամը։ Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում
այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի։ Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով
1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.՝ 185 դեպք, ապա
այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի։
|