Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել է. այն կվերսկսվի 2019 թվականին։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում առկախումը պատճառաբանեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով։
«Երբ ավարտենք նախորդ խոշորացումների թերությունների ուսումնասիրումը, գործընթացը կշարունակվի։ Համայնքների խոշորացումը գործիք է, որպեսզի բնակիչներին մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ։ Եթե մենք մինչ խոշորացման գործընթացն ունեինք 915 համայնք, ապա հիմա ունենք 502։ 52 խոշորացված համայնքներում ընդգրկվել է նախկին 465 համայնք»,–ասաց նա։
Գիլոյանի խոսքով՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը կարելի է համարել ավարտված։ «Խոշորացման գործընթացում համայնքների կողմից հնչած դժգոհությունները մասամբ սուբյեկտիվ են, մասամբ՝ օբյեկտիվ։ Մենք ընդունում ենք, որ իրազեկման գործընթացում միգուցե թերացել ենք, բայց ռեֆորմը ինքնըստինքյան որեւէ թերություն չունի»,–նշեց նա։
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետն ընդգծեց, որ 52 արդեն խոշորացված համայնքներում, ճիշտ է, մոտ 1000 աշխատատեղ է կրճատվել, բայց դրա փոխարեն ավելացել է 803 նոր հաստիք։ «Դրանք հիմնականում ավելացել են ծառայություններ մատուցող հիմնարկներում։ Օրինակ՝ մանկապարտեզներում նոր խմբեր են բացվել, խոշորացված համայնքներում անասնաբույժի հաստիքներ են ավելացել, եւ այլն։ Ինչքանո՞վ է օբյեկտիվ, որ փոքր կամ միջին համայնքները տարեկան իրենց հասանելիք ընդհանուր բյուջեով պահում էին հաշվապահ, քարտուղար։ Այդ վարչական հաստիքները կրճատվել են, կարելի է ասել՝ վերաիմաստավորվել են ավելի լայն ծառայություն մատուցող հաստիքների։ Հետո տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական հիմնարկ չէ, այն պետք է աջակցի համայնքում աշխատատեղեր ստեղծելուն»,–ասաց նա։
Պատասխանատուները վստահեցնում են. համայնքներում խոշորացման գործընթացը ավարտին է հասնելու։ Աշոտ Գիլոյանն ասաց, որ բարեփոխումը պետք է իրականացնել, որպեսզի հետո հնարավոր լինի ապակենտրոնացման գործընթացն իրականություն դարձնել։ «Չենք կարող երկրի կեսը միավորել, մյուս կեսը մնա նախկինի պես։ Մեզ քննադատում են, որ մենք ապակենտրոնացում չենք անում։ Հիմա ուզում ենք մարզպետարանների լիազորությունները փոխանցել համայնքներին։ Այնքան լիազորություն կա, որ կարելի է համայնքին փոխանցել՝ գումարի հետ միասին, այդ համայնքն էլ ծառայությունն ավելի որակյալ կմատուցի՝ ավելի մոտ լինելով բնակչին»,–հավելեց նա։
Աշոտ Գիլոյանը փաստեց, որ երբ խոշորացման գործընթացը շարունակություն ունենա, իրենք կայցելեն համայնքներ, ավելի ակտիվ կլինեն։ «Այս կարգի ռեֆորմներն ամբողջ աշխարհում մեկ օրում են անում։ Մեր հարեւան Վրաստանում համայնքների խոշորացման գործընթացը կատարվել է մեկ գիշերվա մեջ։ Մեզ մոտ միշտ միավորվելը վատ են ընկալում, դրա համար էլ քաղաքական ղեկավարությունը որոշեց գործընթացը պիլոտային եղանակով իրականություն դարձնել»,–ասաց նա՝ հավելելով, որ հազվագյուտ համայնքի ղեկավարներ կան, ովքեր կողմ են գործընթացին։ «Գրեթե բոլորը դեմ են, քանի որ մենք գործընթացի արդյունքում համայնքների աշխատակազմերը միավորելուց հետո օրենքի պահանջով բոլորին ազատում ենք, ապա մրցույթով ընդունում։ Համայնքի ղեկավարներն էլ հենց հաճախ տարածում են տեղեկատվությունը, որ խոշորացումը վատ բան է։ Սակայն բնակիչներին իրազեկելուց հետո այս կասկածները փարատվում են»,–ասաց նա։
2006 թվականից սկսած ՀՀ կառավարությունը եւ տարածքային կառավարման նախարարությունը GIZ—ի համագործակցությամբ քայլեր են ձեռնարկել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների հայեցակարգային մոտեցումների ձեւավորման ուղղությամբ։ Հայեցակարգի համաձայն՝ համայնքների խոշորացումը պետք է հանգեցնի հետեւյալ արդյունքներին. մարդկային ռեսուրսների համախմբում, ենթակառուցվածքների համախմբում եւ ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ֆինանսական կարողությունների ուժեղացում եւ իրականացվող լիազորությունների շրջանակի ընդլայնում, գյուղատնտեսության զարգացման համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծում, համայնքների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հեշտացում, արդյունավետության բարձրացում եւ այդ ուղղությամբ իրականացվող ծախսերի նվազեցում։ hhpress.am
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆ
|