Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար։
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես՝ հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով։ Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ։ Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել՝ ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով։ Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել։
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
|