Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների
Երկիր մոլորակի բնակչության թվի եւ նրա առաջնային պահանջմունքների երկրաչափական պրոգրեսիայով աճն անխուսափելիորեն բերում է բնական ռեսուրսների օգտագործման ծավալների ավելացման։ Բայց մարդու կենսական պահանջների համար անհրաժեշտ բնական ռեսուրսներն անսպառ չեն։ Օգտագործվող բնական ռեսուրսների զգալի մասը վերականգնվող չէ։ Վերջին շրջանում մարդկությունն ավելի հաճախ է առերեսվում բնական ռեսուրսների ողջամիտ եւ արդարացի օգտագործման հիմնահարցի հետ, որի լուծումից մեծապես կախված է գալիք սերունդների ճակատագիրը՝ ոչ միայն ռեսուրսների, այլեւ էկոլոգիապես մաքուր միջավայրի առումով։
Վերոհիշյալ խնդիրը մոլորակի երկրներին ստիպեց իրենց տնտեսությունների զարգացման հիմքում դնել ոչ թե ուղղակի տնտեսական աճի ապահովումը, այլ տնտեսության կայուն զարգացման մոդելը։ Մինչ այդ զարգացած արդյունաբերական երկրները մրցավազքի էին դուրս եկել՝ տասնամյակներ շարունակ ապահովելով տնտեսության երկնիշ աճ՝ շատ դեպքերում բնական միջավայրի անխնա շահագործման հաշվին։ Ներկայումս որդեգրվող կայուն զարգացման մոդելը հավասար հարթության վրա է դնում տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչները։ Մարդկությունը օրեցօր ավելի է մոտենում այն գիտակցմանը, որ պետության հարատեւությունը եւ զարգացումը չեն կարող լինել առանց վերոհիշյալ երեք բաղադրիչի հավասարաչափ եւ հավասարակշռված գործակցման։ Կայուն զարգացման մեխանիզմների եւ սկզբունքների ներդրումը շատ կարեւոր է սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար։
Պետությունը տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար պետք է մշակի ու արդյունավետ կիրառի համարժեք իրավական գործիքներ, որոնք պետք է ուղղված լինեն բնական ռեսուրսների գերշահագործում թույլ չտալու եւ սերունդների համար արժանապատիվ ապագա ապահովելու խնդիրների լուծմանը։ Դրա համար կարեւոր է տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչների համաչափ զարգացումը՝ առանց դրանցից որեւէ մեկի գերակայության։ Այդ ճանապարհին դժվար լուծվող հարց է դառնում տնտեսության զարգացման ապահովումը՝ առանց բնական ռեսուրսների գերշահագործման։ Բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման սկզբունքը գրված է նաեւ հանրապետության գլխավոր օրենքում՝ Սահմանադրությունում։ Բնությունից վերցվող ռեսուրսների գերշահագործումը եւ ապօրինի օգտագործումը կանխելու, հնարավորության դեպքում նաեւ վերականգնելու համար այս տարիների ընթացքում հանրապետությունում ձեւավորվել էր համապատասխան օրենսդրական դաշտ։ Նորանկախ Հայաստանում իրավական կարգավորումները միտված էին անկում ապրած տնտեսության՝ հնարավորինս արագ վերականգնման առաջնային խնդրի լուծմանը։ Սա էր պատճառը, որ իրավական նորմերով բավականին մեղմ դրույթներ էին սահմանված բնական ռեսուրսների օգտագործման, մասնավորապես՝ տնտեսության առաջատար ճյուղ համարվող հանքարդյունաբերության ոլորտների համար։ Համամարդկային նոր մարտահրավերները թելադրում են նոր պահանջներ, որոնք բխում են առաջին հերթին պետությունների շահերից, եւ կենսունակ կլինեն ու կգոյատեւեն այն ժողովուրդները, որոնք կկարողանան արագ ու համարժեք արձագանքել արդի մարտահրավերներին։
Ասվածի տրամաբանության մեջ են պետության հռչակած նոր առաջնահերթությունները եւ դրանք ապահովող օրենսդրական բարեփոխումները։ Շրջակա միջավայրի նախարարությունը վարվող քաղաքականության համատեքստում ձեռնարկել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հիմնարար քայլ։ Առաջարկվող կարգավորումները կապահովեն անհրաժեշտ իրավական միջոցներ՝ հանրապետության բնական ռեսուրսները ողջամիտ եւ խնայողաբար օգտագործելու համար։ Հանրային քննարկման դրված օրենքի նախագծով բարձրացվում են հանրապետությունում օգտագործվող բոլոր տեսակի բնական ռեսուրսների գերշահագործման կամ հարկման բազային չափաքանակները գերազանցելու դեպքերում բնապահպանական եւ բնօգտագործման հարկերի չափերը։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսված է անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի չափաքանակները գերազանցող փաստացի արտանետված ծավալների համար բնապահպանական հարկերի բազային չափաքանակների համար նախկինում սահմանված դրույքաչափերի կրկնապատկում։ Համապատասխան խստացում ենթադրող փոփոխություններ են արվել նաեւ շարժական աղբյուրներից արտանետումների համար. այս դեպքերում հաշվարկն արվում է ըստ մեքենաների շարժիչների աշխատանքային ծավալների։ Համարժեք կարգավորումներ են տրվել նաեւ ջրային ռեսուրս, անմիջապես կամ կենտրոնացված ջրահեռացման ցանցեր եւ ջրային համակարգեր վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքերի համար հաշվարկված բնապահպանական հարկման սահմանված բազայի չափաքանակները գերազանցելու դեպքերի համար։
Լիազոր գերատեսչությունը խստացրել է ընդերքօգտագործման, արտադրության եւ սպառման թափոնների՝ հատուկ հատկացված տեղերում տեղադրումը եւ դրանց ծավալների գերազանցման դեպքում գանձվող բնապահպանական հարկերը։ Առաջարկվող նախագծով բնապահպանական հարկ է նախատեսվում հողածածկերի քանդման եւ շինարարության հետեւանքով առաջացած նաեւ ոչ վտանգավոր թափոնների տեղադրման համար։ Վերջին գործունեությունը նախկինում երբեւէ չէր հարկվում, որը թույլ էր տալիս տնտեսական գործունեություն ծավալողներին նման թափոնները տեղադրել ցանկացած վայրում։ Այդ գործողություններն անխուսափելիորեն բացասական ազդեցություն էին թողնում շրջակա միջավայրի վրա՝ հատկապես հաշվի առնելով դրանց զգալի ծավալները։
Նույն տրամաբանությամբ կրկնապատկվել են նաեւ սահմանված ծավալները գերազանցելու դեպքում մեկ այլ հարկատեսակի՝ բնօգտագործման վճարների բազային չափերը գերազանցելու դեպքում գանձվող գումարները։ Դրանք 10—20— ապատիկ ավելացվել են մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ, հանքային ջրերի եւ աղի արտահանման թույլատրելի ծավալները գերազանցելու դեպքերում։ Ամենաբարձր բնօգտագործման վճարներ են սահմանվել կենսապաշարների եւ պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների նախատեսված ծավալներից ավելի օգտագործելու դեպքերի համար։
Խախտումների դիմաց առաջարկվող հարկային լուծումները, ենթադրելով մեծ չափերի ֆինանսական տույժեր, կնպաստեն ոչ միայն բնական ռեսուրսների ողջամիտ, նպատակային ու կայուն օգտագործմանը, այլեւ ապօրինությունների եւ գերշահագործման կանխարգելման կարեւորագույն խնդիրը կլուծեն, ինչը լիովին համահունչ է պետության որդեգրած տնտեսական նոր քաղաքականությանը։ hhpress.am
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
|