«1994 թվականի զինադադարի պայմանագրից հետո եթե մինչեւ օրս ղարաբաղյան խնդրի համար քաղաքական լուծում չի գտնվել, նշանակում է, որ հակամարտող կողմերն ու կարգավորման գործընթացով հետաքրքրվող միջազգային դերակատարները դեռեւս չեն գտել բոլոր կողմերին բավարարող քաղաքական լուծում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ—ում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։ Ղարաբաղը դարձել է կովկասյան տարածաշրջանի համար քաղաքական լանդշաֆտ, որը ապրում է բոլոր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական գործընթացներին համահունչ, եւ այլեւս անդրկովկասյան որեւէ խնդիր առանց ԼՂՀ—ի մասնակցության չի կարող քննարկվել։ «Քանի դեռ ԼՂՀ—ն բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումները եւ այցելությունները կրելու են խորհրդակցական բնույթ, քանի որ Հայաստանը ԼՂՀ—ի կողքին է, բայց նրա փոխարեն չէ»,–ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքով է պայմանավորված Կազանի հանդիպման ձախողումը։ Հայաստանում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված երկու հիմնական տեսակետ կա։ Առաջինը, որը գործել է մինչեւ 1994 թվականի զինադադարը, այն էր, որ եթե հայկական կողմը գնար որոշակի զիջումների, դա Ադրբեջանի մոտ ցանկություն կառաջացներ նույն կերպ վարվել, եւ այդ ճանապարհով հնարավոր կլիներ խնդիրը լուծել, եւ, ըստ երկրորդ տեսակետի, զիջման ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել։ Գ. Իսագուլյանը համոզված է, որ առաջին տեսակետը ճիշտ չէ, քանի որ ցանկացած զիջման պարագայում, ինչպես ցույց է տվել փորձը, Ադրբեջանի դիրքորոշումն ավելի է կոշտացել։ «Մենք զիջում արել ենք մինչեւ 1995 թվականը, 1998—ին եւ հետագա տարիներին եւ այսօր նորից գնալ զիջումների՝ հույս ունենալով, որ դրանից հետո Ադրբեջանը դիրքորոշումը կփոխի, ճիշտ չէ»,–ասաց նախագահի ներկայացուցիչը, ապա պարզաբանեց, թե որոնք են եղել վերոնշյալ զիջումները։ Առաջինը, որ թեպետ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂ—ն ընդգրկվեց Հայաստանի կազմում, բայց ԼՂ տարածքից ընտրված պատգամավորները չընդգրկվեցին Հայաստանի ԳԽ—ում, այնուհետեւ նաեւ 1995 թվականի ՀՀ Ազգային ժողովի կազմում, սակայն այս զիջումը, ինչպես երեւում է, չմեղմացրեց Ադրբեջանի դիրքորոշումը եւ չհանգեցրեց խնդրի լուծմանը, դրանից հետո՝ 1998 թվականին, Հայաստանը երկրորդ անգամ գնաց զիջման։ Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար որոշվեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ընթացող բանակցություններում ԼՂ—ն կարող է չմասնակցել, այլ ներկայացված լինել ՀՀ—ի կողմից։ Գ. Իսագուլյանի խոսքերով, հույս կար, որ սրանից հետո Ադրբեջանը ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի, սակայն այս անգամ էլ ոչինչ չստացվեց. Ադրբեջանը սկսեց Հայաստանը ներկայացնել միջազգային հանրությանը որպես ագրեսոր, որպես հակամարտության կողմ՝ մոռանալով, որ հակամարտության հիմնական կողմը ԼՂՀ—ն է։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽ ԽՎ—ում ելույթը նույնպես զիջում էր, քանի որ ելույթում նշվում էր, որ Հայաստանը, անսալով միջազգային կառույցների հորդորներին, իր հասարակությանը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին նախապատրաստում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, մեծ զիջում է նաեւ ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ն չճանաչելը։ Ըստ Գ. Իսագուլյանի, սրանք են բոլոր այն ոչ ռազմավարական զիջումները, որոնց Հայաստանը այս տարիների ընթացքում կարող էր գնալ եւ գնացել է, եւ Ադրբեջանի կողմից բանակցությունների ձգձգումը եւ կոշտ դիրքորոշումը որեւէ արդյունք չեն տա հավելյալ զիջումներ կորզելու հարցում, քանզի Հայաստանը չի գնա միակողմանի եւ արդեն ռազմավարական բնույթ կրող զիջումների։ «Հասել ենք մի սահմանի, որից հետո, զիջումներ կատարելով, մենք ուղղակի հարցականի տակ կդնենք ԼՂ գոյությունը»,–շեշտեց նախագահի ներկայացուցիչը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ բանախոսը դա քիչ հավանական համարեց, քանի որ համոզված է, որ Ադրբեջանը ցանկացած պարագայում դատապարտված է պարտության։ «Ադրբեջանը պատերազմում անպայման պետք է հաղթի, այլապես կկործանվի։ Իսկ հայկական կողմին հաղթելը բացառվում է։ Եվ, ինչպես նշել էր նախագահը իր ելույթում, պատերազմի դեպքում Ադրբեջանը «լացելու» է նոր տարածքների կորստի համար, քանի որ հայկական բանակը ոչնչով չի զիջում ադրբեջանական բանակին։ Թեպետ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ավելի շատ զինամթերք ստացավ, քան Հայաստանը, Ղարաբաղը եւ Վրաստանը միասին, սակայն պատերազմում պարտություն կրեց»,– նկատեց Գ. Իսագուլյանը։ Խոսելով ներքաղաքական հարցերի մասին՝ Գ. Իսագուլյանը անդրադարձավ ՀԱԿ—ի՝ իշխանության հետ պատվիրակություններով բանակցելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, համոզմունք հայտնելով, որ դա անհնար է, քանի որ ՀԱԿ—ը պարզապես ցանկանում է որպես ընտրությունների նախաձեռնող հանդես գալ, իսկ ինչ վերաբերում է պատվիրակություններով բանակցելուն, ապա դա ընդունելի չէ երկրի ներսում, եւ բացի այդ, եթե տեղի ունենան այդ ձեւաչափով բանակցություններ, ապա կնշանակի, որ միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ—ն է եւ այդպիսով մյուսները կանտեսվեն։