ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտները հասուն են
11:06
Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտները հասուն են

 

Դա հույս է տալիս, որ կտեսնենք քաղաքական ուժերի միջեւ ծավալվող քաղաքակիրթ երկխոսություն

Իրադարձությունների վերաբերյալ գնահատական են տվել նաեւ օտարերկրացի եւ սփյուռքահայ տարբեր ոլորտների գործիչներ։ Նրանք հույս են հայտնել, որ ականատես կլինեն քաղաքական ուժերի միջեւ ծավալվող քաղաքակիրթ երկխոսության։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայերի համար կարեւոր արժեքները Հայաստան—Եվրամիություն համաձայնագրի հենքն են։ «Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծում տալուն։ Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,—ասել է Սվիտալսկին։
Նրա հավաստմամբ՝ ԵՄ—ն Հայաստանի եւ հայերի հետ կլինի ողջ ընթացքում։ Հարցին, թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան—ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանել է՝ ԵՄ—ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ եւ շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ. «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարեւոր են հայերի համար, կազմում են Հայաստան—ԵՄ համաձայնագրի հենքը։ Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար եւ եռանդով, քան նախկինում»։
ԵԽԽՎ պաշտոնական կայքը հայտնում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երեւանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ «Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը՝ հրաժարվել պաշտոնից երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով։ Հուսով ենք, որ այս ամենը կհանգեցնի նոր եւ կառուցողական երկխոսության երկրի բոլոր քաղաքական ուժերի միջեւ՝ նպատակ ունենալով գտնել տիրող իրավիճակի վերաբերյալ տեւական լուծում՝ համաձայն սահմանադրական համապատասխան դրույթների»,–ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն, պետք է լիակատար հարգանք ցուցաբերվի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին։ Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումների առնչությամբ՝ այն մասին, որ համացանցում ավելացել է անհատների դեմ ատելության խոսքն ու անգամ բռնության կոչերը՝ հորդորելով հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ջուզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան նշել են, որ շարունակելու են հետեւել Երեւանում տեղի ունեցող զարգացումներին։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ասել է. «Միացյալ Նահանգների կառավարության եւ ժողովրդի անունից ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդի հասցեին՝ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ ու արժանապատիվ կերպով իր բողոքի ակցիան իրականացնելու համար»։
Միլսը գովեստի խոսքեր է հնչեցրել նաեւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի, ոստիկանության եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների հասցեին։
ԱՄՆ դեսպանը հայտնել է իրենց հանձնառությունն ու պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի ժամանակավոր եւ նոր ձեւավորվելիք կառավարությունների հետ։ «Հիմա կարեւոր է, որ ժողովուրդը գա ընդհանուր հայտարարի այս խաղաղ միջավայրում եւ կարողանա որոշել իր հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը»,—ասել է Ռիչարդ Միլսը։
Կրեմլը գոհունակությամբ նշում է, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող է»,–հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է. «Այն ամենը, ինչ տեղի է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն է։ Այն շատ թանկ գործընկեր է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»։
Պեսկովը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական այն կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովրդին։ Դրա հետ մեկտեղ Պեսկովն ասել է, որ Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները համեմատելն անտեղի է. «Ես զուգահեռներ չէի անցկացնի, որովհետեւ իրադրությունը միանգամայն տարբեր է, եւ հազիվ թե այստեղ կարելի է ուղղակի զուգահեռներ անցկացնել»։
«Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում»,—հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ընդունելով Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։
«Ռուսական կողմից ընդգծվել է, որ Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրության զարգացմանը եւ դրա շուտափույթ կայունացում են մաղթում ի շահ եղբայրական հայ ժողովրդի բարօրության,–նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում։–Հուսով ենք, որ առկա բոլոր հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական դաշտում»։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ—ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ թեմաները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–հավելել են նախարարությունում։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը նշել է. «Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում երկրի քաղաքական ուժերի կողմից լուծվեց ինքնուրույն եւ սահմանադրական նորմերի պահպանմամբ, խոսում Է Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների հասունության մասին»։ Նրա կարծիքով՝ նման իրադրությունը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հասարակության մեջ առկա լուրջ հակասությունները լուծել իրավունքի եւ Սահմանադրության հիման վրա։
Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան տեղի ունեցող բոլոր զարգացումներից դրական ավարտ է ակնկալում երկրի համար. «Մենք երկու հանդիպում ենք ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ եւ կարծում եմ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ արձագանքելու մարդկանց, իսկ մարդիկ իրենց պահում են պատասխանատու»։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն եւ առաջնահերթ համարել երկխոսությունը։ Հայաստանի համար այս կարեւոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, ինչպես նաեւ պահպանել խաղաղությունն ու կայունությունը Հայաստանում եւ տարածաշրջանում։
«Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ՝ նաեւ լուսավոր ապագա»,–կարծում է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Նա հույս ունի, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը փոփոխությունների հնարավորություն կտա։
«Այդ փոփոխությունը, հույս ունեմ, ոչ միայն Հայաստանում կլինի, այլեւ այստեղից դուրս, քանի որ սփյուռքն ու Հայաստանը բավականին կապված են իրար հետ»,–ասել է նա՝ նկատելով, որ սպասում է ծանր ու երկարատեւ աշխատանք, հետեւաբար անհրաժեշտ են միասնականություն եւ իրար հանդեպ հարգանք։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտումներ: 326 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024