ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին» /Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով Բելգիայի Թագավորությունում է/
12:26
«Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին» /Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով Բելգիայի Թագավորությունում է/

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի Թագավորություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում եւ զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ։ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին։
Վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն։
Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվարի մեկը կմատակարարվեն 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ, եւ կիրականացվի տեխնիկական աջակցություն։
Գերժամանակակից կենտրոնը հիմնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում եւ կողմերի համագործակցությամբ։ Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունք. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։
Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը։
Կենտրոնի կառավարումը վստահվել է «Global Medical Solutions» ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ GMS—ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում։
Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական—մասնավոր համագործակցությամբ։ Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո։
Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ։ Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը։ Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի։ Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.՝185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի։
Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը։
Նույն օրը Տիգրան Սարգսյանն այցելել է եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS) եւ հանդես եկել ելույթով։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին եւ առաջիկա ծրագրերին, Հարավային Կովկասում առկա իրավիճակին եւ այլն։ Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալու հնարավորության համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող դարաշրջանում։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, աշխարհում տեղի ունեցող լայնածավալ փոփոխություններն ստիպում են վերանայել մեր անցած ուղին եւ մշակել բարեփոխումների նոր օրակարգ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր հասարակությունը փոփոխությունների կարիք ունի։ Ինչպես պատմությունից հայտնի է, ոչ բոլոր փոփոխություններն են հանգեցնում ցանկալի արդյունքի։ Ես հավատացած եմ, որ հիմնարար փոփոխությունների հաջողությունը կախված է նպատակները համատեղ ձեւավորելու եւ մարդկանց այդ նպատակներին հասնելու գործընթացում ներգրավելու կարողությունից»։
Վարչապետի խոսքով՝ եվրոպական պետությունների փորձը հստակ մատնանշում է վերոնշյալի իրականացման գործում ժողովրդավարական կառույցների արդյունավետությունը, միաժամանակ հարգելով խոսքի ազատության հիմնարար իրավունքը եւ հասարակական բանավեճերի եւ բազմազանության կարեւորությունը։ «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին։ Մեր ընտրությունը պայմանավորված է մեր ժառանգության քրիստոնեական արմատներով եւ նախկինում ունեցած բռնապետական ռեժիմների հետքերից ազատվելու որոշմամբ։ Օսմանյան կայսրության եւ Խորհրդային Միության դարավոր ժառանգությունը հիմնովին ձեւախեղել է մեր սոցիալական պատկերը։ Ժողովրդավարական բարեփոխումներն ունեն վարքագիծը փոխելու ներուժ, եւ դրանք սկսվում են ընտրական գործընթացի բարեփոխումից՝ ուժեղացնելով սեփականության իրավունքների պաշտպանությունը, ապահովելով դատական անկախություն եւ խթանելով միջին խավի ձեւավորմանը։ Խավ, որը տնտեսապես եւ սոցիալապես պատասխանատու է ընտրողներին եւ քաղաքացիներին»,–նշել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ 2012թ. մայիսի 6–ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում։ «Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն՝ այս ընտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին։ Չնայած նշանակալի փոփոխություններին, դեռեւս մեծ ճեղք կա Հայաստանի կողմից հռչակված արժեքների եւ ձգտումների ու ներկայիս իրավիճակի միջեւ։ Այսօրվա աշխարհում փոփոխությունները կատարվում են ավելի արագ, քան երբեւէ։ Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացումը։ Ակնհայտ է, որ արագ եւ էական առաջընթաց ապահովելու համար կենսական է Եվրոպական միության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը»,–ասել է վարչապետը։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության կողմից առաջարկվող արեւելյան գործընկերությունը կենսական գործիք է, որը կարող է աջակցել բարեփոխումների գործընթացին։ Կրկին անգամ երախտագիտություն հայտնելով այս առաջարկի համար՝ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը հետագայում եւս զարգացնելու տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիան Եվրոպական միության հետ։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ԵՄ–ի հետ ասոցիացման համաձայնագրի շուրջ։ «Եվրոպական հանձնաժողովը բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցել։ ԵՄ–ի հետ արդեն բանակցությություններ ենք սկսել վիզաների ռեժիմի դյուրացման շուրջ։ Երկու շաբաթից կմեկնարկեն բանակցությունները խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, որին նախորդել է մի շարք ոլորտներում լուրջ բարեփոխումների իրականացման երկարատեւ նախապատրաստական շրջանը։ Եթե այս ձեռքբերումներին ավելացնենք այն, որ Հայաստանի երեք քաղաքական կուսակցություններ վերջերս դարձան ԵԺԿ անդամ, ապա կարելի է ասել, որ մենք մտնում ենք ԵՄ–ի հետ հարաբերությունների որակական նոր փուլ»,–նշել է վարչապետ Սարգսյանը։ 
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ԽՀԱԱՀ–ի բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը եւ այն քայլերի ձեռնարկումը, որոնք ապահովեցին մեր պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրությունների իրականացումը, ապացուցեցին ԵՄ–ի հետ երկարաժամկետ համակարգված համագործակցություն ծավալելու Հայաստանի կառավարության վճռականությունը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ–ի ցուցաբերած արդյունավետ աջակցությամբ մեր երկիրն արդեն իրականացրել է մի շարք կարեւոր բարեփոխումներ. «Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ուժեղ եւ անկախ համակարգ։ Մենք Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր կառույցներում ներդրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ եւ կրճատել ենք հարկերի վճարման հաճախականությունը, որը կարեւոր գործիք է բիզնես միջավայրի բարելավման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացում։ Կոռուպցիան եւ անարդյունավետ հանրային կառավարումը լուրջ խոչընդոտ են մեր բարեփոխումների ճանապարհին։ Այդ իսկ պատճառով մենք մշակել եւ իրականացնում ենք հակակոռուպցիոն ռազմավարություն։ Պարզեցրել ենք պետության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայությունները։ Պետական կառավարման համակարգի աշխատանքը դարձրել ենք թափանցիկ։ Ներդրել ենք «Ինտերակտիվ բյուջե» առցանց համակարգը։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալու, թե ի՛նչ նպատակով, ի՛նչ ուղղությամբ եւ ինչպե՛ս են ծախսվում ՀՀ պետական բյուջեի գումարները»։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքացիները հնարավորություն են ստացել հետեւել պետական մարմիններ ներկայացրած իրենց դիմումների ընթացքին, հրապարակային է դարձվել գնումների գործընթացները, իսկ ՀՀ կառավարության նիստերի օրակարգերը նախապես հրապարակելու եւ նիստերը հեռարձակելու միջոցով հասարակությունը ներգրավվել է ՀՀ կառավարության որոշումների ընդունման կայացման գործընթացում։ Վարչապետը տեղեկացրել է, որ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը կոչված է հրապարակային լսումների միջոցով քննարկման առարկա դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը եւ շահերի բախման հնարավոր դեպքերը, ընդունվել է նաեւ օրենսդրություն, համաձայն որի՝ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են իրենց եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր, ինչը եւս հանրությանը հասանելի է լինելու առցանց։ Ըդունվել է կենսաթոշակի կուտակային համակարգ, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին։ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն կստիպի, որպեսզի մեր երկրի քաղաքացիներն առավել մեծ պատասխանատվություն զգան իրենց ապագայի նկատմամբ եւ նշել, որ դա, միջին խավի ձեւավորման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։
Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին՝ վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են համալիր քայլեր։ Համաշխարհային բանկի «doing business»–ի վերաբերյալ զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 կետով։ Մեր երկիրը ճանաչվել է որպես 2010 թվականի մայիս ամսից մինչեւ 2011–ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ բարեփոխումներ իրականացրած երկիրը։ 2011–ին 6 կետով Հայաստանն առաջադիմել է նաեւ «Global Competitiveness Index»–ով։ «Ժողովրդավարական ամուր հաստատությունները, խոսքի ազատությունը, ինչպես նաեւ հավասար ու արդար ներկայացվածությունը կենսական նշանակություն ունեն երկրի քաղաքական կայունության համար։ Այս առումով կարեւորագույն հանգրվան էր մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունները։ Մրցակցային հավասար պայմանների եւ ԶԼՄ–ների հավասար հասանելիության շնորհիվ դրանք բեկումնային առաջընթաց արձանագրեցին մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ մեր բարեփոխումների վկայությունն է նաեւ «World Press Freedom Index»–ի 2012 թվականի զեկույցը։ Համաձայն վերջինիս, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով զգալի առաջընթաց է գրանցել։ Այն այսօր աշխարհի 180 երկրների շարքում 77–րդ տեղն է զբաղեցնում՝ ետ թողնելով անգամ ԵՄ անդամ եւ ԵՄ անդամակցության թեկնածու հանդիսացող որոշ երկրների»,–ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետի խոսքերով՝ մյուս կողմից, մեր երկրի բարեփոխումների ներուժը լրջորեն նվազում է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական վտանգների հետեւանքով։ Առաջին, Ադրբեջանի արհեստական եւ ոչ կառավարելի ռազմական ծախսերը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջինիս վճռական որոշումը մեծացնում են քաղաքական լարվածությունը տարածաշրջանում։ «Երկրորդ, Հայաստանի շարունակվող շրջափակումը Թուրքիայի կողմից էապես նվազեցնում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունը։ Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա՝ նպաստելով հարցի լուծման հետաձգմանը։    Մտադրություն չունենալով կասկածի տակ դնել Եվրոպական միության ջանքերը աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման գործում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են հանդիսանում մեր տնտեսության համար։ Իրանից բացի, միակ ուղին, որ կապում է Հայաստանը աշխարհի մնացած մասի հետ, հանդիսանում է Վրաստանը»,–ընդգծել է վարչապետը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2008թ. օգոստոսին մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը, որի պատճառը միակ տրանսպորտային միջանցքից մեր տնտեսության չափազանց մեծ կախվածությունն էր։ Այդ օրերին մեր պետությունն իր կենսական սպառման ապրանքների փոխադրումն իրականացնում էր Իրանի տարածքով։ Գործադիրի ղեկավարն ասել է, որ պատժամիջոցների կիրառումն էապես նվազեցնում է այդ միջանցքի հասանելիությունը, մինչդեռ Թուրքիայի հետ մեր սահմանը բացելուն ուղղված Եվրոպական միության համատեղ ջանքերը դեռեւս ձախողվում են։ Վարչապետը նշել է, որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման հնարավորությունը կարող է միայն նվազեցվել արժեքների համընդհանուր պլատֆորմ կառուցելու միջոցով։
«Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը գտնվում են եվրոպական զարգացման ուղու վրա։ Մենք քաջ գիտակցում ենք, որ այս ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը։ Մեր տարածաշրջանի երկրների համար միակ ճիշտ տարբերակն է հիմնվել այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը եւ համերաշխությունը, որոնք հանդիսանում են ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերը»,–ընդգծել է Տիգրան Սարգսյանը։ 
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի հայտ է բերել մեր երկրի հիմնական խնդիրները, դրանք են՝ տնտեսության ոչ ճիշտ դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ եւ մրցակցային ոչ հավասար պայմաններ։ Վարչապետի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամը նպաստել է նաեւ աղքատության աճին, արտաքին պարտքի մեծացմանը եւ ինֆլյացիայի բարձր տոկոսին։ Նշելով, որ բոլոր այս գործոնները կրճատել են բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ–ն զգալի աջակցություն է ցուցաբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու հարցում։
«Հարգելի գործընկերներ, մեր բարեփոխումների գաղափարախոսության հիմքում դրված է կայացած ժողովրդավարական հասարակության ստեղծման նպատակը։ Դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը, ըստ մեզ, միջին խավի ձեւավորման մեջ է»,–նշել է վարչապետը եւ եվրոպացի գործընկերներին ներկայացրել Հայաստանում իրականացվելիք հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Մասնավորապես, գործադիրի ղեկավարն ասել է, որ կրթական ոլորտի բարեփոխումները մտավոր ներուժի մեծացման եւ սոցիալական պատկերը փոխելու ամենաարդյունավետ ուղին են հանդիսանում, եւ ժամանակակից հասարակությունը չի կարող կառուցվել առանց ժամանակակից համալսարանների։ Վարչապետն ասել է, որ անկախ դատական համակարգը կարող է երաշխիք հանդիսանալ ժողովրդավարական իրավունքների եւ ձեռնարկատիրության զարգացման համար։ Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունվել է երկրի արտահանման խթանմանն ուղղված նոր ռազմավարություն, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր եւ հաստատել պետություն–մասնավոր հատված համագործակցություն։ «Մեր առաջնահերթություններից է հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Այս նպատակին հասնելու հիմնական գործոնը հանդիսանում է մենաշնորհի վերացումը։ Միեւնույն ժամանակ, մրցակցությունը հնարավոր չէ ապահովել առանց հարկային եւ մաքսային բարեփոխումների։ Մենք քաջ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը հանգեցնում է մեր կառավարության նկատմամբ վստահության նվազման։ Ես վստահ եմ, որ Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը հնարավորություն կընձեռի համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Այն մեզ հնարավորություն կընձեռի կառավարել ռիսկերը եւ ապահովել մակրոտնտեսական կայունություն»,–նշել է Տիգրան Սարգսյանը։ 
Ընդհանրացնելով իր խոսքը՝ վարչապետն ասել է, որ մեր ներկայիս իրավիճակը պահանջում է արմատական փոփոխություններ եւ համարձակ նախաձեռնություններ։ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ԵՄ–ն կարեւոր դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործում՝ տարածարշրջանում բարեփոխումների աջակցության հարցում ավելի ակտիվ ներգրավվածության միջոցով։ «Հայաստանը դոնոր հանրության ֆինանսական եւ մտավոր աջակցության կարիքն ունի մեր բարեփոխումների ներուժի եւ հռչակված արժեքների միջեւ առկա ճեղքը լրացնելու համար։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ արագացնելու բարեփոխումների գործընթացը։ Այսպիսով, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ մեր հետագա ակտիվ եւ արդյունավետ համագործակցությանը»,–եզրափակել է Տիգրան Սարգսյանը։
Այնուհետեւ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների միջեւ հաստատված երկկողմ համագործակցությունը։


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 472 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024