Ինչ կարեւոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ—ի ելույթը
ՄԱԿ—ի ԳԱ—ն թերեւս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով եւ կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ։ Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը, քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշների մասին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ—ի ԳԱ 73—րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախեւառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։
Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում
Հաշվի առնելով թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը եւ լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ—ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից։ Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձեւավորմանը՝ որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող, վստահելի, կանխատեսելի եւ ժողովրդավար գործընկեր։
Արտաքին քաղաքական օրակարգը
Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններին առանձին անդրադարձ չկատարվեց, սակայն ընդհանրական գնահատականը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում չկան կտրուկ շրջադարձեր, արդեն իսկ հաստատում է, որ Հայաստանը շարունակելու է իր ռազմավարական գործընկերությունը ՌԴ հետ տարբեր ձեւաչափերով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, ամրապնդելու է համագործակցությունը ԵՄ հետ՝ հատկապես օգտվելով ՀՀ—ԵՄ նոր համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, զարգացնելու է հայ—ամերիկյան գործընկերությունը եւ ամրապնդելու է համագործակցային հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ։ Եվ, փաստորեն, ինչպես նշեց վարչապետը՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մյուսի հաշվին, ու Հայաստանը շարունակելու է կանխատեսելի եւ հուսալի գործընկեր լինել։
Ղարաբաղյան հակամարտությունը
Վարչապետն իր ելույթում եւս մեկ անգամ շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գերակա առաջնահերթություն է մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա ընդգծեց Ադրբեջանի կողմից Արցախի՝ որպես հակամարտության հիմնական սուբյեկտի հետ երկխոսություն վարելու կարեւորությունը՝ միաժամանակ նաեւ վերահաստատելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բավական հիմնավոր ներկայացվեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ուղղակի փոխկապակցված է Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրի հետ, եւ Նախիջեւանի փորձը ցույց է տալիս, որ Արցախը Բաքվի համար լոկ տարածք է, իսկ արցախցու ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում այդ երկրին։ Վարչապետի կողմից միջազգային այս հարթակում եւս մեկ անգամ բարձրաձայնվեց Հայաստանի կառուցողական դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում եւ ընդգծվեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու դրանից բխող ուղղակի սպառնալիքները տարածաշրջանային անվտանգության համար։
Հայաստանի ներգրավվածությունը հումանիտար գործողություններին
Վարչապետն անդրադարձ կատարեց ՀՀ ակտիվ ներգրավվածությանը տարբեր խաղաղապահ գործողություններում, ինչն, ըստ էության, ընդգծեց Հայաստանի՝ անվտանգություն սպառող երկրից անվտանգություն մատակարարող երկրի վերածվելը։ Կարեւոր էր հատկապես Սիրիային հումանիտար աջակցությունն ընդարձակելու պատրաստակամությունն ընդգծելը, ինչը հիմնավորվեց ոչ թե քաղաքական շահերով, այլ Սիրիայի հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։
Այսպիսով, ամփոփելով վարչապետի՝ ՄԱԿ—ի ԳԱ 73—րդ նստաշրջանի շրջանակներում ելույթը, կարող ենք նշել, որ այս բարձր հարթակից եւս մեկ անգամ բարձրաձայնվեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների հիմնական էությունը եւ արտաքին քաղաքականության շարունակականությունը, որոնք Հայաստանին կարող են առավել ընկալելի դարձնել միջազգային հանրության համար՝ որպես վստահելի եւ հուսալի գործընկեր։ HHpress.am
Իզաբել ՇԱՏՈՅԱՆ
|