ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 23 » Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
15:51
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր

Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների շուրջ։
Հանդիպումներ Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի եւ Եգիպտոսի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատեւ հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի եւ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի։ 
Նրանք բարձր են գնահատել հայ—բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը եւ նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարեւորությունը։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Քսավյե Բեթելը կարեւորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջեւ հարաբերությունների ակտիվացման եւ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում՝ գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Մուստաֆա Մադբուլին ընդգծել են բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, որոնց ընթացքում գործնականում կքննարկվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները։ Զրուցակիցները կարեւորել են Եվրասիական տնտեսական միության եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը։ Մուստաֆա Մադբուլին նշել է, որ այդ գործում ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը։


Պատրաստ են օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ։Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ—ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել դրա հետագա ընդլայնումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների եւ տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության եւ այլ ուղղություններով։ Վարչապետը կարեւորել է ՎԶԵԲ—ի կողմից մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը եւ հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, եւ այդ առումով ՎԶԵԲ—ի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ։
Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ—ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում։ ՎԶԵԲ–ի նախագահը նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաեւ ՓՄՁ—ների համար ծրագրերին։ Պարոն Չակրաբարտին անձամբ իր եւ ՎԶԵԲ—ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում։ Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ։ 
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ—ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ այլ բնագավառներում։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱԶԲ—ի միջեւ սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման եւ մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում։
Կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ—ի կողմից մեր երկրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման եւ ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ։


Փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնել եւ համագործակցության նոր ուղղություններ նախանշել
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Երեկ առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ։
Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ եւ մեր երկրում վերջինիս հնարավոր գործունեությամբ։ Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, եւ այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ եւ իրական փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, եւ այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիսի» գործունեությունը կարող է լինել հեռանկարային։
Քրիստինա Ահմաջյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր եւ համագործակցություն հաստատելու գործում։ Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան։
Նիկոլ Փաշինյանը եւ Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA—ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաեւ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA—ի հետ եւ պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու եւ համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար։
Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։ Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA—ի փորձագիտական խումբը՝ փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով։ Զրուցակիցները կարեւորել են նաեւ Ճապոնիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ։ Վարչապետը կարեւորել է ինտերնետ—աճուրդային ընկերության գործունեությունը եւ նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային։ 
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ—առեւտրի, էլեկտրոնային վճարումների եւ հեռահաղորդակցության ոլորտում «eBay»—ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում եւ կարեւորել է Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը։
Վարչապետը հավելել է նաեւ, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը եւ «eBay» ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը։ 
Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ մեր երկրում «eBay»—ի գործունեության հեռանկարները եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 391 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024