Նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով։ Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով, մինչ այժմ ԵՄ անդամ—պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել։
«Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա)։ Սովորաբար բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2—2.5 տարի։ Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է։
Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին։ Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին։
Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան։ Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել»,—ասել է Սվիտալսկին։
Դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ—ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագծից, Սվիտալսկին արձագանքեց. «Հայաստանի կառավարությունը Եվրոպական միությանը ներկայացրել է ճանապարհային քարտեզի նախագիծը, եւ այն ներկայում ուսումնասիրվում է Բրյուսելում։ Մենք խոստացել ենք տրամադրել մեր մեկնաբանությունները մինչեւ հունվարի վերջը։ Այս պահին կարող եմ նշել, որ Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը շատ տպավորիչ է։ Այն ավելի քան 100 էջ է՝ բաղկացած 300 գործնական քայլերից, որոնք կառավարությունը նախատեսում է ձեռնարկել։
Միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է, եւ նախարարությունները լրջորեն մտածում են՝ ինչպես իրականացնել ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթները։
ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը շատ բարդ գործընթաց է լինելու։ ԵՄ—ն հատկացրել է մի քանի միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը համաձայնագրի իրագործման գործում։ 2018թ. ապրիլի եւ մայիսի իրադարձություններից հետո մենք նոր կառավարությունից ստանում ենք շատ հանձնառու հայտարարություններ առ այն, որ նրանք լրջորեն են տրամադրված եւ կարծում են, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստեղծում է լավ շրջանակ բարեփոխումների համար։
Ներկայումս մենք Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցում ենք արդյունք ունենալու համար, որը կլինի իրապես լավ եւ իրատեսական, բայց միաժամանակ հավակնոտ ճանապարհային քարտեզը։ Այն կընդունվի ավելի ուշ՝ հավանաբար գարնան սկզբին, բայց նույնիսկ հիմա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։
***
Եվրոպական միությունն ու Համաշխարհային բանկը պատրաստվում են ներդրումային մեծ ծրագիր իրականացնել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը։
Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագրով (Indicative trans—European Transport Network (TEN—T) Investment Action Plan) կհատկացվի շուրջ 13 միլիարդ եվրո այս երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու եւ տնտեսական աճը խթանելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մոտ 4800 կմ երկարությամբ ճանապարհ եւ երկաթգիծ, 6 նավահանգիստ եւ 11 լոգիստիկ (կազմակերպչական) կենտրոն։ Բացի դրանից՝ կվերանորոգվեն հին ճանապարհները, երկաթգծերը, նավահանգիստները, օդանավակայանները, լոգիստիկ կենտրոնները, սահմանային անցակետերը։
Ինչպես նշել է Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը՝ նոր ներդրումային ծրագրի նպատակն է «էական, շոշափելի արդյունքներ ապահովել Արեւելյան գործընկերության տարածաշրջանի բնակիչների համար»։ Իսկ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկի խոսքերով՝ Արեւելյան գործընկերության երկրներում, ինչպես նաեւ այս երկրների ու Եվրամիության միջեւ տրանսպորտային կապի բարելավումը տնտեսական աճը խթանելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունի։
Ներդրումային ծրագիրը ներառում է ինչպես կարճատեւ, այնպես էլ երկարատեւ նախագծեր, որոնց մի մասի իրագործման շնորհիվ տրանսպորտային կապի բարելավման առաքելությունն ավարտված կլինի 2020թ., իսկ մյուս մասի դեպքում՝ 2030 թվականի դրությամբ։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 730 մլն եվրո։ «Հյուսիս–հարավի» Արտաշատ—Ագարակ հատվածի շինարարության համար նախատեսվում է 450 մլն եվրո, Գյումրի—Բավրա ճանապարհի համար՝ 41 մլն եվրո, եւս 7,5 միլիոն՝ Երեւան—Վանաձոր ավտոճանապարհի վերանորոգման համար։ Շուրջ 15 մլն եվրո նախատեսվում է տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի համար։
|