Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ ԳՄ—ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված։ Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում։ Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, եւ մենք որպես գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին։ Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,–ասել է նա։
Նիստում նշվել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց նաեւ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ։
|