Վարչապետի դավոսյան հանդիպումներն ու քննարկումները շարունակվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաեւ համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո։ Դրա շրջանակում զեկույցներով հանդես են եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների եւ կազմակերպությունների առաջնորդների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը։ Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը։
Հայաստանի եւ Նիդերլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։
Կողմերն անդրադարձել են նաեւ բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը եւ Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության, արդարադատության եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ—ԵՄ համագործակցության զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը եւ Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում։ Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատում Շվեյցարիայի փորձը եւ Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ։ Իր հերթին, Ուելի Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ եւս սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ։
Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ եւս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը։
Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է «Թումո» կենտրոնի հաջողված գործունեության մասին, եւ իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ։
Իր հերթին վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը։ Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երեւանում անցկացված գագաթնաժողովը եւ նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ—լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան—ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA—ի վավերացումը եւ շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին՝ երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որեւէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել։ Վարչապետի խոսքով՝ ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը փաստել են նաեւ միջազգային դիտորդական կազմակերպությունները։
Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը՝ միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում։
Վարչապետ Փաշինյանը Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ—սլովակյան հարաբերությունների զարգացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը կարեւորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը՝ առեւտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով։
Պետեր Պելեգրինին նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը եւս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը։ Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում, եւ այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ։
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով առեւտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին՝ մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ։ Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ—լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Նիկոլ Փաշինյանը եւ Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաեւ բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ եւ հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ երկրների կողմից CEPA—ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը։
Մատեուշ Մորավեցկին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները եւ նշել, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը եւ բարեփոխումներին օժանդակելու գործում։ Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով։ Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան՝ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ եւ նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար։ Վարչապետը կարեւորել է տնտեսական կապերի խորացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետեւողական զարգացումը, գործարարների միջեւ փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին եւ անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը։
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների՝ կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի եւ վերամշակված այլ մթերքների՝ Սինգապուր արտահանելու հնարավորությունները։
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները։ Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի՝ Սինգապուր այցելելու հրավերը եւ նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով։ Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ եւ ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում։ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը։
Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես եւ կարեւորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ զբոսաշրջության, բնապահպանության եւ ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատեւ հանդիպումներ է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի եւ Վրաստանի վարչապետներ՝ Պեդրո Սանչեսի, Մամուկա Բախտաձեի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
|