Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով եւ նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը։ Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը նաեւ ասել է, թե՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը՝ լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»։
Հանրապետության նախագահը, Ամենայն հայոց հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը անդրադարձել են վերջին օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ։
Հայոց հայրապետները ողջունել են հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը։
|