Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12—ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաեւ հանրապետության ամբողջ տարածքում տեւական ջերմային բարձր ֆոնի եւ տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը եւ գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաեւ ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ։
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, եւ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց եւ կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ։ Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարեւոր աշխատանքներում։
Խորհրդակցության արդյունքներով հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ եւ պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Նշենք, որ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել էր այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12—ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաեւ մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության եւ պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաեւ մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված եւ ընթացիկ աշխատանքները։
|