ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 2 » Կապիտալ ներդրումներ համայնքներում /Կառավարությունը այդ նպատակով մոտ 170 մլն դրամ կհատկացնի /
09:26
Կապիտալ ներդրումներ համայնքներում /Կառավարությունը այդ նպատակով մոտ 170 մլն դրամ կհատկացնի /

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ համայնքներին 2018թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 167 մլն 954 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզպետարաններին։ Հիմնավորման համաձայն՝ 2018թ. առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ համայնքների ներկայացրած 230 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել 173—ը։ Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ մասնավորապես, փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ, եւ մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւից տուժած բնակիչներին, կվերանորոգվի դպրոցի տանիքը։ Ըստ հիմնավորման՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10—ին տեղատարափ անձրեւից եւ կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները, զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին կհատկացվի 24,764.0 հազ. դրամ։


Նվազեցվել է սակագինը
 

Նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ եւ «Ռենկո» Ս.պ.Ա—ի միջեւ կնքվող՝ Երեւանի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու եւ պահպանելու վերաբերյալ փոփոխված եւ վերաշարադրված շրջանակային համաձայնագրին։ 
Հիմնավորման համաձայն՝ 2018թ. օգոստոս—սեպտեմբեր ամիսներին նոր կառավարության պահանջով կողմերի միջեւ վերաբանակցվել է շրջանակային համաձայնագրի հավելված 5—ով սահմանված սակագնային պլանը։ 2017թ. կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված սակագինը կազմում էր 6,02 ցենտ՝ առանց ԱԱՀ—ի։ Վերաբանակցման արդյունքում գործող համաձայնագրում նախատեսված սակագինը կկազմի 5,7 ցենտ։ Ըստ այդմ, հիմնական փոփոխություններով, մասնավորապես, սահմանվել են «Վարկատուի անբարենպաստ պայմանի իրադարձություն» հասկացությունը, «Վարկատուի կանխավճարի գումար» հասկացությունը եւ կետանցի դեպքի գնման գնի դիմաց կայանը եւ ծրագրի տարածքը գնելու փոխարեն կառավարության կողմից վարկատուի կանխավճարի գումարը վճարելու հայեցողական իրավունքը։ Վերանայվել են չվիճարկվող գումարների վճարման՝ կառավարության պարտավորության կատարման ժամկետները։ Նախատեսվել են նաեւ ֆինանսավորման կողմերի պահանջների նկատմամբ կառավարության պահանջների ստորադասում եւ հաշվանցի իրավունքի սահմանափակում։ Փոփոխվել է սակագնային պլանը՝ բնական գազի գինը լիարժեք հաշվի առնելու նպատակով, որպեսզի երաշխավորվի, որ կողմերից որեւէ մեկը չի շահի կամ վնասվի գազի գնի տատանման արդյունքում, հստակեցվել է վեճերի կարգավորման ընթացակարգը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Սա մեր կառավարության ձեւավորման օրվանից ի վեր ամենաակտիվ բանակցվող եւ ամենաբարդ թեմաներից էր, եւ բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ։ Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձեւավորումից առաջ՝ 2017 թվականին, եւ ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր։ Առաջին հարցը, որ քննարկվել է, հետեւյալն է՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի։ Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը։ Համենայն դեպս, ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել»։
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ խնդիրը կապված է սակագնի հետ։ «Մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, եւ բանակցությունների ընթացքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, այսինքն՝ նվազեց։ Տվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն՝ եթե նորմալ ռեժիմով օգտագործում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի վրա նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, այլ, ընդհակառակը, թեթեւացնող ազդեցություն կունենա»,—ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ խնդիրը, վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ, կապված է նախկինում սկսված մի քանի ներդրումային ծրագրերի հետ. «Քաղաքական առումով շատ կարեւոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետեւ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք։ Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար եւ այս իմաստով նույնպես կարեւոր նշանակություն կունենա։ Ծրագրով նախատեսվում է 1200 նոր աշխատատեղի ստեղծում, «ինչը նույնպես կարեւոր է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որը մտահոգիչ էր եւ բանակցությունների ընթացքում ընդհանրապես հանվել է պայմանագրից։ «Մեր պարագայում, իհարկե, ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ՝ ինչո՞ւ ոչ մրցութային կարգով, եւ ինչո՞ւ բանակցությունների եղանակով։ Իհարկե, միշտ էլ նախընտրելի է մրցութային կարգով անել ամեն ինչ, բայց տվյալ դեպքում քանի որ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություն, մենք մտածեցինք, որ վերաբանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաեւ այս տարբերակը, մանավանդ տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը ցույց տվեց, որ նույն մրցութային տարբերակով Վրաստանում կառուցվել է նմանատիպ էլեկտրակայան, եւ փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել։
Այստեղ նաեւ որոշակի ժամկետներով կաշկանդված լինելու խնդիր կար, եւ ժամկետների մեջ տեղավորվել—չտեղավորվելը նշանակում է, ըստ էության, պայմանագիրը խզել կամ չխզել։ Այս ընտրանքը վերջնական կատարելու համար եւս 5—6 օր ժամանակ ունենք, որը պետք է օգտագործենք վերջին նյուանսները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու եւ քննելու համար։ Դրանից հետո, երբ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը եւ փոխվարչապետը ինձ տեղյակ կպահեն քննարկումների եւ դրանց արդյունքների մասին, իմ հանձնարարականը ստանալուց հետո միայն կստորագրվի այդ համաձայնագիրը։ Սա է այս որոշման համատեքստը եւ պայմանը»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։


Փոփոխություն՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգում
 

Երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավաությունն ընդունել է՝ համապարասխան որոշում։ Փոփոխություն է կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու եւ վճարելու, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգում։ Բանկերի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2017թ. բոլոր բանկերում գտնվող ընտանեկան դրամագլխի գումարներից (այդ թվում՝ նախորդ տարիներին փոխանցված) օգտագործվել է 3.6 մլրդ դրամ, որի 1.9 տոկոսը կամ 127.9 մլն դրամը՝ հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, 3.5 տոկոսը կամ 103.6 մլն դրամը՝ ուսման վարձի համար, 4.8 տոկոսը կամ 337.8 մլն դրամը՝ գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, 0.4 տոկոսը կամ 35.7 մլն դրամը՝ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար, իսկ 83.2 տոկոսը կամ շուրջ 3 մլրդ դրամը՝ ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով։ Այսինքն՝ 2017թ. ընտանեկան դրամագլխի գումարը հիմնականում օգտագործվել է ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով։ Պատկերը նույնն է նաեւ 2016թ.։ Այսինքն՝ գործնականում ընտանեկան դրամագլխի գումարը տնօրինվում է ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով։ Ըստ այդմ՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով ամսական առավելագույնը 50000 դրամ պարբերական վճարումներ կատարելու միջոցով ընտանեկան դրամագլխի գումարը տնօրինելու ուղղությունը կկիրառվի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ պաշտոնական հրապարակման հաջորդ օրը, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից։ Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դրամագլխի միջոցները նշված նպատակով օգտագործելու համար պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը։ Մեկ անգամ դիմելով բանկ՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը կարող է հանձնարարական տալ բանկին պարբերական վճարումներ կատարել հետագա ամիսների համար։


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծերի ընդունմամբ, մասնավորապես, կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը։ Մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգումը լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման եւ պատժի նպատակներին հասնելու համար։ Լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն նաեւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու կանոնի վերացման հիմքով կբարձրացվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը։ Նախատեսվում է նաեւ, որ կալանավորված ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծերի փաթեթին, նշել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, քանի որ Հայաստանը տարբեր հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում կիրառել համաներման ինստիտուտը։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը հնարավորություն կտա ցուցաբերել անհատական մոտեցում։ «Համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն, իր նկարագիրը, պահվածքը, ընտանեկան վիճակը եւ այլն»,—ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն իրապես պետք է գործարկել։ «Այդ պարագայում, համոզված եմ, հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետեւ դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Ինչ վերաբերում է տեսակցության ինստիտուտի այսպիսի բարեփոխմանը, այն բովանդակային առումով դրական է, բայց համոզված չեմ, որ պրակտիկայում կիրառվելու է այնպես, ինչպես պետք է, որովհետեւ մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ կան ե՛ւ դատապարտված անձինք ե՛ւ կալանավորված անձինք։ Հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ քրեակատարողական հիմնարկներն ունե՞ն անհրաժեշտ կենցաղային պայմաններ, որ ե՛ւ դատապարտվածների, ե՛ւ կալանավորվածների համար ապահովեն, օրինակ՝ երկարատեւ տեսակցություններ, որովհետեւ առնվազն որոշ դեպքերում նույնիսկ դատապարտվածների իրավունքը պատշաճ ձեւով ապահովելու խնդիր է առաջանում։ Օրինակ՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կան սահմանափակ թվով երկարատեւ տեսակցության սենյակներ, որոնք գործնականում միշտ զբաղված են լինում»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով կոռուպցիոն որոշակի ռիսկերի ավելացման հավանականությունը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկների ոչ բարվոք վիճակին։ «Նույնիսկ խցային, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են։ Մեր եւ ՄԻՊ—ի համատեղ ջանքերով պետք է փորձենք նաեւ ձեռք բերել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ—ներից։ Չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ—ն էլ, ցավոք, չի փայլում իր պայմաններով»,–ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։ 
Հավանության է արժանացել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Օրինագծով նախատեսվում է պարզեցնել վարչարարությունը եւ օրենքով նախատեսվող երկու թույլտվությունների համար նախատեսել մեկ թույլտվություն։ Նախագծով նախատեսվում է թույլտվության տրամադրման կարգի, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը։ Վերանայվել են նաեւ վարչական պատասխանատվության չափերը, եւ նախատեսվել է նոր վարչական պատասխանատվություն թույլտվությամբ տրամադրված երթուղուց շեղման եւ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքերում։ 
Հավանություն է տրվել «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի պահանջներին։ Օրենքի նախագծով սահմանվել են՝ բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու դեպքերը, վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը եւ վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը։
Հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հիփոթեքային բոլոր վարկերի եւ 3 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը սահմանափակել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի 50 տոկոսի չափով։ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից, քանի որ առաջարկվող կարգավորումը կարող է խնդրահարույց լինել՝ մի շարք հիմնավորումներով։ Մասնավորապես, նախագծով առկա չէ հիմնավորում կամ որեւէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ։


Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը
 

Գործադիրը բավարարել է «Արգա—յուրոսթիլ» ՍՊԸ—ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է չժանգոտվող պողպատից խոհանոցային պարագաների արտադրության մեջ՝ իրականացնելով 685 732 500 ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 350 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը 2019թ. կկազմի 100 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում (66,5 մլն ՀՀ դրամ), իսկ մյուս մասը՝ ԵԱՏՄ այլ անդամ—երկրներում (33,5 մլն ՀՀ դրամ), 2020թ. արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 175 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (89,9 մլն ՀՀ դրամ) կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը (56,3 մլն ՀՀ դրամ) ԵԱՏՄ այլ անդամ—երկրներում, իսկ մնացածը (28,8 մլն ՀՀ դրամ) երրորդ երկրների տարածքում։
Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «Վերտեքս գրուպ» ՍՊԸ—ն։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ինքնակպչուն ժապավենների արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 140 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 530 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել եւս 3 նոր աշխատատեղ՝ 123 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 900 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։


«Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը
 

Գործադիրը հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ «Ինժեներական քաղաք»—ի ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը՝ խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության եւ արտադրողականության մակարդակի բարձրացումը։ Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն եւ կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները։ Ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ Հայաստանը դարձնել ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի եւ ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաեւ տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների համար։ Ծրագիրն իրականացվելու է պետություն—մասնավոր համագործակցությամբ։ Նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն եւ կիրագործեն նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով։ Արդյունքում՝ հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձեւավորմանը, ոլորտի նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը՝ խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել եւ ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2 ավտոմեքենա եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024