ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Կոմկուսի հանրահավաքներին երգուպար չի լինի /Փոխարենը կբացատրեն, թե ինչպես են ազգայնացնելու ռազմավարական նշանակության ոլորտները/
14:48
Կոմկուսի հանրահավաքներին երգուպար չի լինի /Փոխարենը կբացատրեն, թե ինչպես են ազգայնացնելու ռազմավարական նշանակության ոլորտները/

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հպարտանում է այն բանով, որ խորհրդային 70 տարիներին եղել է ժողովրդի կողքին, կրթել ու դաստիարակել։ Այսօր կուսակցությունը դժվարին օրեր է ապրում, չունի նախկին ուժն ու հնարավորությունները, սակայն դեմ չէ վերադառնալ նախկին հասարակարգին ու կացութաձեւին։
«Այն, թե ինչպես է ապրում այսօր ժողովուրդը, չի կարելի համեմատել խորհրդային տարիների ապրելակերպի հետ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Յուրաքանչյուր մարդ անվճար բնակարան էր ստանում, հնարավորություն ուներ անվճար սովորելու, բուժվելու»,— վերհիշեց կուսակցության առաջնորդը եւ հավելեց. «Հիմա ժողովուրդը աղքատ է, գործազրկություն եւ արտագաղթ կա»։ Նրա համոզմամբ խորհրդային անցյալը անդարձ կորած չէ, եւ հենց սոցիալիստական կարգերը ռեաբիլիտացնելու համար Կոմկուսը մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հույս ունի ստանալ բավականին շատ քվեներ. «Մենք վաղուց էինք պատրաստվում մասնակցել ԱԺ ընտրություններին։ Հայաստանի ժողովուրդը զգում է, որ Հայաստանի փրկությունը միայն կոմունիստական կուսակցությանը ձայն տալու մեջ է, եւ մեր հավակնությունները 15—17 տոկոս են»։
Եթե Կոմկուսին հաջողվի անցնել ԱԺ, ապա քննարկման կդնի մի շարք ծրագրային հարցեր, որոնցից մեկը երկրի հարստությունը՝ ռազմավարական ճյուղերը, ազգայնացնելու եւ ժողովրդին վերադարձնելու հարցն է։ «Կարծում եմ՝ բնության կողմից մեզ տրված հանքային հարստությունները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն, չպետք է լինեն օտարերկրացու ձեռքին, այլ վերահսկվեն պետության կողմից, որպեսզի կարողանա հոգալ տարբեր խավերի՝ թոշակառուների, պատերազմի, աշխատանքի վետերանների, անօթեւանների եւ այլոց կարիքները»,— ասաց նա։
Ռ. Թովմասյանը տեղեկացրեց, որ հանդիպել է պատերազմի, աշխատանքի վետերանների հետ. «Մարդիկ, ովքեր կառուցել էին Խորհրդային Հայաստանը, ովքեր կրծքով պաշտպանել էին Խորհրդային Հայաստանը եւ ԽՍՀՄ—ը։ Նրանք այսօր կուչ էին եկել եւ ոչ միայն տարիքի, այլեւ սոցիալական խնդիրների պատճառով։ Մենք գտնում ենք, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի այդ խավի վրա, հատկապես այն մարդկանց, որոնց ծնկները քայլելիս արդեն «ծալվում են»։
Շուկայական գները եւս չեն բավարարում Կոմկուսին։
Հայկոմկուսի ծրագրում մեծ տեղ է հատկացվել նաեւ գյուղի վիճակին։ Ծրագրի մի կետով նշված է, որ պետք է արգելել հողերի առքուվաճառքը։ Իսկ որպեսզի գյուղացին իր հողը չվաճառի, առաջարկում է 5 տարի գյուղացուն ազատել բոլոր հարկերից եւ դրա փոխարեն տալ վարկեր, որոնք կլինեն մատչելի՝ անտոկոս կամ չնչին տոկոսադրույքներով։ «Պետությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի գյուղատնտեսության եւ արդյունաբերության համատեղ գործելուն։ Արարատի մարզում 3 հազար տոննա խաղող մնացել է, հնարավորություն չի եղել իրացնելու»։  
Ծրագրում նաեւ առկա է Սահմանադրության վերանայման հարցը։ «Բավական է քսերոքսատիպ սահմանադրությամբ ղեկավարվել եւ այն փորձաքննության ուղարկել վենետիկներ։ Անհրաժեշտ է մշակել հիմնական օրենք, որը կբխի Հայաստանի իրականությունից»,–ասում է Ռ. Թովմասյանը։ Կոմկուսը վճռական է նաեւ մշակույթի ներկա վիճակը փոխելու մասին. «Վճռական հարված տալ այն արեւմտյան եւ եվրոպական բարքերին, որոնք հայ ժողովրդի համար խորթ են»։
Այս հարցերը Կոմկուսը 22 տարի բարձրացրել է։ «Բոլորը լսել են, մտածել եւ Կոմկուսի գաղափարախոսության դրույթները ներառել իրենց ծրագրերում՝ կապված բնակարանային, աշխատանքի, առողջապահական, կրթական եւ այլն խնդիրների լուծման հետ»,—արձանագրում է նա։
Կոմկուսը ամբողջ բնակչությանը իր ընտրազանգվածն է համարում. «Թող ժողովուրդը ինքը կորոշի՝ ում ձայն տա։ Եթե որոշի Կոմկուսին ձայն չտալ, ապա երբեք իր հարազատը արտերկրից չի վերադառնա, երբեք արտագաղթը չի կանգնի, երբեք աշխատատեղեր չեն ավելանա, եւ այլն»։ Կոմկուսի առաջնորդի կարծիքով, ընդհակառակը, այս ամենն ավելի է խորանալու, ճգնաժամային դառնալու, եւ հայ ժողովուրդը կորցնելու է իր դարավոր դեմքը. «Կոմունիստները առաջարկում են ծրագրեր, որոնք կբարելավեն ամբողջ ժողովրդի վիճակը եւ դաստիարակման հարցը։ «Ապե», «հելանք», «հոպար» եւ նմանատիպ այլ բառերը կվերանան»։
Իսկ ԱԺ—ում Կոմկուսը կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք կընտրեն ժողովրդին բարիք բերող ճանապարհը։ Նման ուժերի անուններ չկարողացավ նշել. «Հայտնի չէ, թե մեզ հետ ով կգնա դեպի սոցիալիստական գաղափարախոսություն»։
Կոմկուսը իր քարոզարշավի ընթացքում չի փորձի գնալ ընտրակաշառքների բաժանման, իսկ հանրահավաքներին էլ ծափ—ծիծաղ, քեֆ—ուրախություն չի լինի. «Ժողովուրդը բա չի ասի՝ ես քո ընտրողն եմ, քեզ նայիր եւ ինձ»։ Կոմկուսը պատրաստվում է իր ուժերի սահմաններում հանգիստ, համեստ հանրահավաքներ անցկացնել. «Մեր նպատակն է, որ ոչ թե ծափ ու ծիծաղը, այլ մեր խոսքը ժողովրդին հասցնել»։
Կուսակցությունը գրեթե բոլոր մարզերում ներկա է, ունի 45 շրջանային կուսակցական կազմակերպություններ, որոնք ունեն իրենց շտաբները. «Բոլորը պատրաստ են եւ արդեն սկսել են տեղերում մեր գաղափարախոսության համաձայն աշխատանքներ տանել»։ Համապատասխան նյութերը տպագրված եւ բաժանված են, տեսահոլովակները նկարահանված են, կա նաեւ Ռուբեն Թովմասյանի՝ ժողովրդին ուղղված խոսքը։
Քարոզարշավի մասնակցության գումարը Կոմկուսը դժվարությամբ է ձեռք բերել։ «Մենք բավականին դժվարություններ ունեինք ընտրագրավը մուծելու։ Այդ կապակցությամբ դիմեցինք հանրապետության մեր շրջանային կազմակերպություններին եւ անհատ մարդկանց, որոնք հանգանակություններ կատարեցին։ Այն ժամանակաշրջանում, երբ Մոսկվայում էի, եղա հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների տներում, այնտեղ էլ մեզ բավականին օգնեցին, կարողացանք ընտրագրավը մուծել եւ մի քիչ էլ մնաց, որը կարողացանք տրամադրել տպագրական նյութերին»,— ասաց Կոմկուսի ղեկավարը եւ նշեց, որ հանգանակությունները դեռ չեն ավարտվել, ցանկացողները կարող են փոխանցումներ անել նախընտրական ֆոնդում հատուկ բացված հաշվին։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024