Օգոստոսի 17—ին տարբեր տեղեկություններով մոտ մեկուկես տասնյակ մարդ է զոհվել եւ 130—ը վնասվածքներ ստացել Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Լա Ռամբլայի ճեմուղում, երբ «Տալենտո Ֆիատ» մակնիշի մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Իսպանիայի իշխանությունները հայտարարում են, որ կանխել են մեկ այլ ահաբեկչական գործողություն, որը պետք է հաջորդեր Բարսելոնայի հարձակմանը։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 ահաբեկչի է ոչնչացրել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում եւ հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։ Այստեղ տուժածներից մեկը մահացել է սառը զենքից ստացված վերքերից։
«El Pais» թերթը, հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրների, հայտնում է, որ Բարսելոնայում եւ Կամբրիլսում ահաբեկչական գործողություններ կատարողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ էին։ Նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, չորսը ներկայումս ձերբակալված են, եւս երեքն ազատության մեջ են։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան է պահանջում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
«Հայ համայնքը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ընդհանուր առմամբ հանգիստ է»,–«Tert.am»—ի հետ զրույցում ասել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ նշելով, որ, իհարկե, հայերը, ինչպես Բարսելոնայի մնացած բնակիչները, ունեն նույն անհանգստություններն ու վախը, որ հնարավոր է՝ ահաբեկչությունը կրկնվի։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել ե՛ւ համայնքի, ե՛ւ տեղական իշխանությունների հետ, պարզել ենք, որ տուժածների մեջ հայեր չկան»,–ասել է նա։
Ա. Ադոնցը նշել է, որ կարծում է՝ շուտով համայնքը կվերադառնա իր բնականոն կյանքին, հայր սուրբը իր պատարագը կանի, համայնքը կհավաքվի։ Իսպանիայում ՀՀ դեսպանը նաեւ նշել է, որ իրենք հիմա էլ պարբերաբար հայ համայնքի հետ կապի մեջ են՝ օրը մի քանի անգամ. «Դեսպանությունն աշխատում է հերթապահության ռեժիմով, մասնավորապես այս օրերին։ Եվ ընդհանրապես ամռանը, հատկապես հուլիս–օգոստոս ամիսներին, հյուպատոսական ծառայությունն աշխատում է էլ ավելի երկար, քանի որ Իսպանիան զբոսաշրջային երկիր է, եւ Հայաստանից էլ են շատ քաղաքացիներ գալիս»։
Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետեւանքով տուժել են շուրջ 25 երկրների քաղաքացիներ։
Պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ է հայտարարված։ Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում օգոստոսի 18—ին, տեղական ժամանակով ժամը 12։00—ին (Երեւանի ժամանակով ժամը 14։00—ին) լռության րոպե է հայտարարվել ահաբեկչության զոհերի հիշատակին։
Իսպանիայի թագավոր Ֆելիպեն Մարիանո Ռախոյի ու Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնտի հետ մասնակցել է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեին։
Ինչպես նշում է «The Daily Mail»—ը, միջոցառմանը մասնակցողները լռության րոպեից հետո բղավել են՝ «Մենք չե՛նք վախենում»։
Բացի այդ, Իսպանիայի թագավորական ընտանիքը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ ահաբեկչությունն իրագործողները «մարդասպաններ են, հանցագործներ, որոնց չի հաջողվի ահաբեկել մարդկանց»։
«Ամբողջ Իսպանիան Բարսելոնայի հետ է»,–ասել է թագավորը։
Իսպանիային ցավակցության եւ ահաբեկչության դեմ պայքարում լիակատար աջակցության խոսքերով հանդես են եկել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ԵՀ—ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել է «բարբարոսական ու վախկոտ» ահաբեկչությունը։
Խոնարհված են Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի եւ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանների շենքերի դրոշները ի նշան սգո Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ։
«Մենք թույլ չենք տա այդ մարդասպաններին փոխել մեր կենսակերպը։ Ահաբեկչությունը կարող է շատ տխուր պահեր բերել, սակայն չի կարող հաղթել մեզ»,–ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Ֆրանսիան մեծ գին է վճարել օգոստոսի 17—ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետեւանքով»,–այդ մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է «Twitter»—ում։ «Զորակցություն՝ զոհերին, նրանց ընտանիքներին ու մերձավորներին»,—ասված է Մակրոնի հաղորդագրության մեջ։
Համաշխարհային դեմքերը, ինչպիսիք են Շերը, Անտոնիո Բանդերասը, Բարաք Օբաման, Դեւիդ Բեքհեմը, Եվա Լոնգորիան, Քեթրին Զետա Ջոնսը, այլք ցավակցել են ահաբեկչությունից տուժածներին եւ իրենց զորակցությունը հայտնել։ hhpress.am
Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ
|