ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում վարչապետը բանաձեւ է առաջարկել.
Գործունեության ցանկացած բնագավառում եթե չկա լավատեսություն, հավատ սեփական ուժերի, գաղափարների, նպատակների հանդեպ, ապա ստացվող արդյունքը անհամեմատ անգամ փոքր է, քան կարելի է ակնկալել։ Ասվածը առավել քան ակներեւ է դառնում շատ մոտիկ անցյալին հետադարձ հայացք ձգելիս։ Այն, որ հասարակության մեջ թեւածող հոռետեսությունը արդեն վերածվել էր ազգային անվտանգության սպառնալիքի, կասկածից վեր է։
Հետեւաբար նոր Հայաստանում ձեւավորված մթնոլորտը թույլ է տալիս ոչ միայն տոգորվել լավատեսությամբ, այլեւ ծրագրեր կազմելիս, քայլեր նախաձեռնելիս անհրաժեշտություն է դարձնում իրատես լինել, ավելորդ էյֆորիայի գիրկը չընկնելը։ Եվ հակառակը՝ գործունեության ելակետը պետք է լինի ոչ միայն իրատեսությունը, այլեւ դրված նպատակին հասնելու լավատեսությունը։ Սրանք փոխկապակցված հասկացություններ են, որոնք միասին դառնում են ավելի հզոր առաջ մղող ուժ՝ ներառելով հասարակության սպասումները, համազգային ձգտումները։
Այս համատեքստում ավելի քան տեղին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը կառավարության անդամներին՝ ճիշտ գնահատելու ցանկությունների ու հնարավորությունների սահմանները. «Հայաստանում սովորաբար լավատեսությունը եւ իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր եւ ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ»։
Վարչապետն այս մասին ասել է երեկ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում։ Քննարկվել են ՀՀ—ում 2019–2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները եւ հարկաբյուջետային շրջանակը։
|