ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 10 » Լեզվի մասին պատկերացումներն աղավաղված են //
10:03
Լեզվի մասին պատկերացումներն աղավաղված են //

Հայերենն «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով

Արդի հայերենի հիմնախնդիրների, մտահոգող թեմաների շարքում առանձնահատուկ քննվում են մասնավորապես բարբառները պահպանելու, գեղարվեստական խոսքի մակարդակը բարձրացնելու, խոսակցական լեզուն գրական հայերենից տարբերակելու հարցերը։
Գրական արեւելահայերենի ներկա վիճակը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ լրջագույն խնդիրներ կան լեզվաքաղաքականության, լեզվամտածողության, լեզվագործածության, լեզվի կանոնարկման, ուսումնասիրության եւ ուսուցման բնագավառներում։ «Լեզվի մասին այսօրվա պատկերացումներն աղավաղված եւ աղճատված են, եւ այս իմաստով մտահոգություններ միշտ էլ եղել են։ Հասարակությունը եւ նաեւ շատ մտավորականներ չգիտեն, որ լեզուն միակերպ երեւույթ չէ։ Այն դրսեւորվում է բազում եղանակներով։ Այդ եղանակներից լուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրն ու գործածության ոլորտը։ Օրինակ՝ գրական հայերենը հրապարակային խոսքի լեզուն է՝ նախատեսված մեծ հանդիսությունների, զանգվածների առջեւ ելույթ ունենալու համար։ Այն հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, կրթության լեզուն է, այլ կերպ ասած՝ պարտադիր չէ, որ այն ամենուր եւ ամեն տեղ գործածվի։ Փողոցում, շուկայում մարդը չպետք է ձգտի խոսել գրական հայերենով, երբ կարող է շփվել ազատ, խոսակցական հայերենով։ Իսկ խոսակցական հայերենի մեջ բացարձակապես մերժելի երեւույթ է ժարգոնային խոսքը։ Սա լրջագույն խնդիր է։ Հայերենը «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով, լեզվական սխալներով ու աղճատումներով, որոնք հաճախ մտնում են նաեւ գրական լեզվի ոլորտ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Վ. Կատվալյանը։
Գրական լեզվում մերժելի երեւույթ է համարում նաեւ «է»—ի փոխարեն որպես օժանդակ բայ «ա»—ի գործածումը, ինչը հաճախ է նկատվում հատկապես հեռուստաեթերներում. «Երբեմն շատ խիստ ժխտողական վերաբերմունք կարելի է տեսնել խոսակցական հայերենի նկատմամբ։ Բայց այն նույնպես գոյության իրավունք ունի, իր գործառության ոլորտներն ունի, սակայն այն չպետք է հայտնվի հեռուստատեսության մեջ, կինոյում, թատրոնում, հրապարակային խոսքում։ Շատ կարեւոր է, որ սա գիտակցի մեր հասարակությունը։ Գրական լեզվին ոչինչ էլ չի եղել։ Կոպիտ սխալ է, երբ խոսակցական լեզվի տարրերը անճաշակ, գռեհիկ եղանակով ներմուծում են գրական խոսքի ոլորտ, գեղարվեստական գրականություն։ Չի կարելի որպես օժանդակ բայ «ա» տառը բերել եւ ներմուծել հեռուստատեսություն։ Ամեն անգամ գռեհիկ ձեւով հաղորդավարներից մեկն այն օգտագործում է եւ կարծես թե դրանով պարտադրում իր զրուցակցին։ Սա վիրավորում է հեռուստադիտողին, ով եթերից սպասում է գեղեցիկ, գրագետ խոսք»։ Բոլոր լեզվավիճակներն էլ, Վ. Կատվալյանի կարծիքով, ունեն «մաքրության» եւ «անաղարտության» պահպանման խնդիր։ Ըստ նրա՝ անաղարտ է այն լեզվավիճակը, որը քերականորեն ճիշտ է, անհարկի փոխառություններ չունի եւ զերծ է մնում գռեհկաբանություններից։ Այսինքն՝ եթե ստեղծագործությունը գրական արեւելահայերենով է, չի լինի այնտեղ ներմուծել անհարկի օտարաբանություններ։ Գեղարվեստական պատկեր ստեղծելու համար, ասում է, հայոց լեզուն ունի բոլոր հնարավորությունները, կարելի է նույնիսկ ցածր երեւույթների մասին խոսել գեղեցիկ լեզվով։ Գրական հայերենը, ըստ լեզվաբանի, ճոխ լեզու է, ունի բազում ոճական հնարքներ եւ կարող է լիովին բավարարել մեր հաղոդակցական պահանջներն այնտեղ, որտեղ պետք է։ «Իսկ եթե կարիք կա հերոսի կերպար ստեղծել, մարմնավորել, յուրահատկությունը դրսեւորել, կարելի է նրա խոսքը երանգավորելու համար ինչ—ինչ տարրեր ներմուծել։ Ընդհանրության մեջ գրական լեզուն պետք է իր ոլորտում գերիշխի եւ մաքուր լինի։ Պարտադիր չէ տգեղ երեւույթները ներկայացվեն տգեղ լեզվով։ Ցավալի է, բայց այսօր գտնվում ենք լեզվի պատկերացումների աղավաղման մակարդակի վրա։ Մշակութային արժեքների անկում է նկատվում։ Մարդիկ փոխանակ մշակութային արժեքներ ստեղծեն եւ հասարակությանը բարձրացնեն վեր, մտածում են, թե ավելի ճիշտ կլինի նկարագրել առօրյա տգեղ իրողությունները, իբր իրական կյանքն են ներկայացնում։ Սերիալները ձեզ օրինակ»,—նկատեց լեզվի ինստիտուտի տնօրենը՝ շեշտելով, որ լեզուն հասարակությանը վեր բարձրացնելու միջոցներից մեկն է, մինչդեռ հեռուստատեսությամբ այսօր մատուցում են փողոցային կյանքի պատկերներ, գողություն, ավազակություն եւ սպանություններ ներկայացնող սերիալներ՝ դրանց մեջ ներդնելով համապատասխան լեզվավիճակներ։ Ըստ նրա՝ այսպես աղավաղվում է ե՛ւ սերնդի հոգեբանությունը, ե՛ւ ատելություն է «ներարկվում» հասարակության մեջ. «Խեղում են պատկերացումները։ Դպրոցահասակները նայելով՝ կարծում են, թե գրական լեզուն արդեն այդ է, եւ կարելի է խոսել նաեւ այդ լեզվով։ Մենք մոռանում ենք, որ գոյություն ունի ազնվականություն ասված երեւույթը։ Պետք է ձգտենք ազնվական լինել։ Այսօր ավելի հարգի է դարձել փողոցային, ցածր լինելը, մինչդեռ ազնիվ եւ վեհ բաները մնում են ստվերում։ Պետք է այնպես անել, որ հասարակությունը վերեւ բարձրանա, ոչ թե իջնի։ Երբ ամենը գեղեցիկ ձեւով է մատուցվում, ձեւավորվում է գեղեցիկ մտածողություն, գեղեցիկ հոգեկան ներաշխարհ»։
Խոսելով Հայաստանում այսօր տարածված բարբառների եւ դրանց կիրառությունների մասին՝ Կատվալյանը նշեց, որ դրանք ինչ—որ չափով վտանգված են։ Նրա մեկնաբանությամբ՝ բարբառային հայերենը հաճախ տուժում է քաղքենիական այն մտայնությունից, թե իբր բարբառները մերժելի, կիրթ մարդուն ոչ վայել իրողություններ են։ «Ժողովրդի մեջ սխալ պատկերացում է նկատվում նաեւ բարբառների շուրջ։ Կարծում են, թե խոսքի այս ձեւերը գռեհիկ երեւույթներ են, անգրագիտության հետեւանք են, եւ որ մարդիկ պետք է ձգտեն խոսել միայն ու միայն գրական լեզվով։ Մեր մտավորականներից շատերը խորշում են բարբառներից, մինչդեռ այն մեր լեզվի բնական, կենդանի վիճակն է, գրական լեզուն մշակված է։ Բարբառը «կաթն» է, գրական լեզուն «սերը», առանց կաթի սեր չի լինում»,—ընդգծեց լեզվի ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ բարբառը նույն մայրենի լեզուն է եւ իր մեջ մեծ «հարստություն» է պարունակում, կան բառեր, դարձվածքներ, ինչ—ինչ արտահայտություններ, որոնք գրական հայերենը չունի, բայց ունեն բարբառները։ Ասում է՝ մարդիկ ձգտում են խոսել գրական լեզվով, երբ հայտնվում են այլ միջավայրում, ինչը բնական է համարում, իսկ բարբառախոս բնակավայրում գտնում է, որ պետք է խոսել տեղի բարբառով։ Գեղեցիկ է համարում, երբ գրական խոսքում երբեմն զգացվում են բարբառային ատաղձը, հնչերանգը։ «Լոռեցիներն ինչքան էլ փորձեն գրական խոսել, միեւնույն է, շեշտը այլ տառի վրա են դնում։ Գեղարքունիքի մարզում շատ լավ հնչյուն ունենք՝ շրթնայնացած «ա»—ն է, որը «օ» է հնչում եւ դժվարությամբ է շտկվում։ Բայց պետք չէ, որ շտկվի, սա բոլորովին չի խանգարում, այն նույնպես հայերեն լեզվի հնչյուն է»,—նկատեց Վ. Կատվալյանը՝ հավելելով, որ երբեք չպետք է մոռանալ կամ քամահրանքով վերաբերել մեր բարբառներին։ hhpress.am

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024