Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ
1988-ի փետրվարի 20-ին ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ—ին վերամիավորելու մասին» որոշման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների արձագանքը չուշացավ։ Այն, «իրավական» գնահատականից բացի, բնականաբար, արտահայտվեց միջնադարյան բարբարոսությանը բնորոշ հանցագործություններով, հակառակորդի զինված հարձակումներով եւ ջարդերով, ավերածություններով։ Պատմական որոշումն ընդունելուց ընդամենը մեկ օր անց Ստեփանակերտի վրա թուրք բաշիբոզուկների զանգվածային աննախադեպ հարձակման թիրախ դարձավ մայրուղու վրա գտնվող Ասկերան շրջկենտրոնը։
Հանդիպելով ժողովրդի ուժեղ դիմադրությանն ու ետ շպրտվելով քաղաքի (Ասկերանի) մատույցներից, ազերի իշխանություններն արցախյան շարժումը գլխատելու եւ իրենց նպատակին հասնելու համար հետագայում պիտի հրեշավոր նոր հանցագործություններ ծրագրեին՝ կազմակերպելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մինգեչաուրի եւ մյուս բնակավայրերում ապրող հայերի զանգվածային ջարդերը։
«Ասկերանի հերոսական դիմակայության վերաբերյալ հրապարակումներ, անշուշտ, եղել են, սակայն, իմ համոզմամբ, ուշագրավ շատ փաստեր ու մանրամասներ առայսօր անհայտ են մնում ընթերցողներին։ Մինչդեռ ժամանակն է, որպեսզի դրանք բացահայտվեն եւ «գաղտնազերծվեն»՝ լույս սփռելով այն իրողությունների վրա, որոնք Ադրբեջանի հայատյաց, թշնամական քաղաքականության պայմաններում անհնար էին դարձնում արցախցիների կեցությունը, նրանց հետագա գոյատեւումը»,–կարծում է արցախյան շարժման ակտիվ մասնակից Սլավիկ Առուշանյանը, ով Ասկերանի՝ փետրվարի 22—ի իրադարձությունների վերաբերյալ, որպես ականատես եւ վավերագիր, հայտնվելով բախումների կիզակետում, իր հիշողություններին է անդրադառնում՝ ամենեւին էլ չզարմանալով, որ մյուս հանցանքների թվում աղդամցիների «խաղաղ արշավին» այդպես էլ իրավական գնահատական չի տրվել։
Փետրվարի 21—ին, ուշ երեկոյան կուսշրջկոմի բյուրոյի անդամներին է զանգում Ասկերանի շրջկոմի երկրորդ քարտուղար Ալեքպեր Միքայիլովը եւ ասում, թե առավոտյան ժամը 11—ին բյուրոյի նիստ է հրավիրվելու։ Նման զանգերով սովորաբար հրահանգիչներն էին զբաղվում կամ էլ բաժինների վարիչները, ահա թե ինչու նրա զանգն անսպասելի էր ու անսովոր։ Պայմանավորված ժամին բացվեց կուսշրջկոմի բյուրոյի նիստը, որին մասնակցում էին նաեւ շրջկոմի եւ շրջգործկոմի այլ պատասխանատուներ։ Շրջկոմի առաջին քարտուղարի հետ տեղեր էին զբաղեցրել ԽՄԿԿ կենտկոմի ենթաբաժնի վարիչ Վ. Կոնդրատեւը, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Հ. Հասանովը եւ այլ պաշտոնյաներ։
Մոսկվայի բարձրաստիճան հյուրը, ինչ—որ թուղթ պարզելով, հաղորդեց, թե «ԽՄԿԿ կենտկոմը երեկ որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին, ու դատապարտում են մարզում կատարվող դեպքերը՝ այն որակելով մի խումբ ծայրահեղականների եւ ազգայնականների սադրանք»։ Վ. Կոնդրատեւն ընդգծեց, թե շրջկոմի բյուրոն պետք է հավանություն տա որոշմանը։ Շենքի պատուհանների տակ ստեպ—ստեպ վանկարկվող «Լենին—պարտիա—Գորբաչով» բազմաձայն կարգախոսի ներքո՝ գրությունն անհեթեթ էր թվում։ Մի՞թե 110 պատգամավոր, որ մարզի բնակչության կամքն են արտահայտել, ծայրահեղականներ են, ազգայնամոլներ։ Սա՞ է Մ. Գորբաչովի վերակառուցումը՝ վրդովմունքը չթաքցրին բյուրոյի անդամները։
Ինչպես Ս. Առուշանյանն է հիշում. «Մի խումբ «թունդ» կոմունիստներ ցանկություն հայտնեցին հավանություն տալ «հարազատ կուսակցության որոշմանը»։ Բնականաբար, ես դեմ էի քվեարկել։ Ինձ էին միացել Սոնյա Գյանջումյանն ու Մարալ Արզումանյանը։ Մեր «հյուրերը» դեռ նոր էին լքել շրջկենտրոնը, երբ այս ու այն կողմից հնչեցին կանանց ու երեխաների տագնապահար ճիչ—աղաղակները՝ «թուրքերը հարձակվել են Ասկերանի վրա»։
Տղաները շրջապատել էին Հ. Հասանովի մեքենան եւ նրանից բացատրություն էին պահանջում։ Վերջինս, հակառակ՝ իր ցեղակիցներին ընդառաջ գնալու խոստմանը, բռնեց Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հատկանշական է, որ այդ օրը Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրվել էր «Արյունոտ կիրակի» կինոնկարը, ինչը, Ս. Առուշանյանի համոզմամբ, պատահականություն չէր։ Նրա տեղեկացմամբ, այդ օրը միլիցիայի Ասկերանի եւ Ստեփանակերտի բաժիններում միայն ազգությամբ ադրբեջանցի ոստիկաններն էին հերթապահում։
«Թուրքերն իսկապես գալիս էին ինչպես պղտոր հեղեղ,–ասում է Ս. Առուշանյանը։–Նորաթուխ բաշիբոզուկների մի ստվար խումբ Կարկառի հունով խուժել էր նավթամթերքների ձեռնարկության տարածք, ավերել ամեն ինչ, ապա մտել խաղողի այգի ու տարեց այգեգործներին ոտնատակ տվել, շղթայաձեւ, ձեռք—ձեռքի շարժվել դեպի շրջկենտրոն։ Մի ուրիշ խումբ էլ, ավտոբուսներով եւ հետիոտն, թեքվել էր աջ, հանդամիջյան ճանապարհով բարձրացել դեպի Խնապատ, բայց գյուղամիջում դեմ առնելով տեղացիների ամուր պատին, հետ ծլկել։ Հիմնական զանգվածը շարժվում էր Աղդամ—Ասկերան մայրուղով՝ վիթխարի հրեշի նման կրակի մատնելով ցանկապատները, ճամփամերձ շինությունները (ալրաղաց, խանութ, ճաշարան եւ այլն)։ Ջարդուփշուր անելով պատահած մեքենաները, ծեծում, ջարդում էին ուղեւորներին։ Խուժանն անպատժելիությունից լպիրշացած առաջ էր շարժվում՝ կարգուկանոնի «պահապան» միլիցիոներների ուղեկցությամբ»։
Ի դեպ, նույն օրն ավազակային հարձակումների էին ենթարկվել նաեւ Մարտունի—Աղդամ, Մարտակերտ—Աղդամ ճանապարհներով երթեւեկող հայազգի մարդիկ, թալանվել ու ծաղրուծանակի ենթարկվել։ Իսկ Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում ազերի ավազակախմբերն ամուր փակել էին Հադրութի շրջանի ելքն ու մուտքը եւ պատրաստվում էին դաժան դատաստան տեսնել հայերի հետ։
«Դեպքերի անսպասելի զարգացումից կուսշրջկոմի աշխատողները մի պահ շփոթության էին մատնվել, երբ շրջանային թերթի աշխատակից Սլավիկ Միրզոյանը շրջկոմի երկրորդ քարտուղար Ա. Միքայիլովի դուռն էր նետվել՝ բացատրություն պահանջելու, վերջինս հավաքվածների ծակող հայացքների ուղեկցությամբ «գնաց դիմավորելու» ավազակախմբին ու երկար ժամանակ այդպես էլ չերեւաց,–հիշում է Ս. Առուշանյանը։–15 հազարանոց խուժանն արդեն շրջկենտրոնի շեմին էր։ Ու երբ դժվարությամբ հաջողվեց կապվել մարզկենտրոնում տեղակայված զինգնդի հրամանատարության հետ, համառորեն չէին ուզում հավատալ իրական դեպքերին։ Ավերելով ավտոտեսչության տնակը, գարեջրի գործարանը եւ հարակից մյուս շինությունները՝ թուրքերը գրեթե Ասկերան էին մտել։ Եվ կամրուջի վրա մերոնք ընդառաջ ելան՝ մահակով, կացնով... Թուրք խառնամբոխն անակնկալի եկավ ու կանգնեց։ Իսկ երբ որտեղից որտեղ մերոնց ձեռքին երկփողանի որսորդական հրացաններ հայտնվեցին եւ նախազգուշական կրակոցներ հնչեցին դեպի օդ, ազերիները զգաստացան»։
Շրջակա գյուղերից օգնության հասած երիտասարդների պաշտպանական խմբերը եւ մարզկենտրոնից ուղարկված զորաջոկատը ավազակախմբերին ստիպեցին նահանջել։ Դա արցախցիների առաջին ուժային դիմակայությունն էր հրոսակների դեմ։ Սակայն հակառակորդն անհրաժեշտ դասեր չքաղեց եւ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով պատրաստվում էր լայնածավալ հարձակման։
Հավաստի աղբյուրների համաձայն՝ «խաղաղ արշավի» արդյունքում Ասկերանին հասցված նյութական հսկայական վնասը չհաշված, ընդհարումների ժամանակ հայազգի 25 քաղաքացի դարձավ խեղանդամ։ Սակայն պաշտոնական հաղորդագրություններում գրեթե ոչինչ չասվեց այդ մասին։ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Կատուսեւը հաղորդագրության մեջ միայն շեշտեց, թե հայերի եւ ադրբեջանցիների ընդհարման ժամանակ սպանվել են երկու ադրբեջանցի երիտասարդ։ Ըստ որում, նա չնշեց, թե որտեղ, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ընդհարումը (հետագայում պիտի «պարզվեր», որ խուժաններից մեկը յուրայինի՝ թուրք միլիցիոների արձակած գնդակից է սպանվել, մյուսը՝ ավազակախմբի հրացանակիրներից մեկի անզգույշ կրակոցից)։ Եվ դա առիթ դարձավ, որ «ասպարեզ նետվի ադրբեջանական գործոնը, եւ օրեր անց մոլեգնեն հայկական ջարդերը»։ hhpress.am
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
|