ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 18 » Մի բախտորոշ ճակատամարտի հետքերով /Պատմական տեղանքում հնագիտական հետազոտությունների կարիք կա/
08:54
Մի բախտորոշ ճակատամարտի հետքերով /Պատմական տեղանքում հնագիտական հետազոտությունների կարիք կա/

1918 թվականի մայիսյան հերոսամարտերի պատմության էջերում մի բեկումնային իրադարձություն է հիշատակվում։ Արաքս կայարանից հյուսիս—արեւելք ընկած Չիմնի—ղըռ եւ Թյուլքի—թափա կոչվող բլուրների մերձակայքում ծավալված դեպքերի մասին է խոսքը։ Պատմական այս վայրերը ռազմական քարտեզներում առավել հայտնի են «440» եւ «449» բարձունքներ անուններով։ Շրջանցելով ժամանակաշրջանի կարեւորագույն դեպքերը՝ նշենք միայն, որ դեպի այս բլուրներն էր նահանջել ու համախմբում իր ուժերը Սարդարապատ գյուղից եւ կայարանի դիրքերից ետ շպրտված, մարշալ Հովհաննես Բաղրամյանի վկայությամբ, թուրքական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկը՝ 36—րդ հետեւակային «Գելիբոլու» դիվիզիան։ Այդ օրերի մասին վերհիշելիս՝ Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շենուրը պատմում է. «Թուրքերը հասցնելով հարմար խրամատավորվել, ամուր պահում էին սարերը... Ծանր վիճակ էր ստեղծվել։ Սարդարապատի խումբը հայտնվել էր կիսաօղակի մեջ, պահեստային ուժեր չկային։ Թուրքերը գրավել էին բարձունքները, մենք նրանց ներքեւում էինք...»։
Հայկական զորքերի առաջնային խնդիրն էր գրավել Թյուլքի—թափա լեռն ու հետ մղել թշնամուն իր համար այնքան նպաստավոր այդ դիրքերից։ Մի քանի «հախուռն եւ ձախողված» գրոհներից հետո, ինչպես իր հուշերում հիշատակում է 5—րդ հայկական հրաձգային («Մահապարտներ») գնդի 12—րդ վաշտի հրամանատար Մանասեր Մանասարյանը, հայկական ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, ծրագրում է մի խորամանկ պլան, ըստ որի՝ հայկական զորքերը, թեւանցելով «440» բարձունքն աջ կողմից, համատարած գնդացրային ու հրացանային համազարկով թիկունքից հարվածում են թշնամու զորքերին. «Ճակատով մեկ բարձր լսվում է «ուռա՜»—ն, եւ հասկանում ենք, որ դա մերո՛նք են, որ գրոհում են վեր՝ դեպի թուրքական դիրքերը։ Լսվում է նռնակների որոտը։ Եվս մի քանի րոպե, եւ ես տեսնում եմ, թե ինչպե՛ս է թուրքական դիրքերում իրարանցում սկսվում, ինչպե՛ս են նրանք դիրքերից դուրս թռչում, վազվզում այս ու այն կողմ։ Փախչում են, փախչում այն ամրություններից, որտեղից նրանք երեկ իրենց խաչաձեւ կրակով հսկայական կորուստ պատճառեցին մեզ։ Լցվում ենք նրանց դիրքերն ու տեսնում 10—ից ավելի ջարդված գնդացիրներ, փշուր—փշուր եղած հրացաններ, բազմաթիվ սպանվածներ եւ վիրավորներ, ցաքուցրիվ թափված՝ սարքին «քյուչուք չափլիներ» (թուրքական հրացաններ) ու փամփուշտներով լի արկղեր։ Այնքա՜ն շեշտակի ու սրընթաց էր մեր զենքի հարվածը եւ գրոհը, որ թշնամին ո՛չ միայն չէր կարողացել եփած ճաշն ուտել, այլեւ տանել զենքն ու վիրավորներին» (Մ. Մանասարյան՝ մեջբերումն արված է «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» գրքից)։ Այսպիսով, երկու օր տեւած համառ ու արյունահեղ պայքարից հետո, վերջապես, մայիսի 25—ին, հայկական զորքերին հաջողվում է կոտրել թուրքական կողմի դիմադրությունն ու գրավել «440» բարձունքը, հարակից բոլոր բլուրներն ու հարթավայրերը՝ մինչեւ Արաքսի ափերն ու Արագածի լանջերը։
Որքան էլ զարմանալի է, 100 տարի անց պատմական նշանակության այս բարձունքների շրջակայքում հնագիտական պեղումներ դեռեւս չեն իրականացվել։ Վերջերս տեղեկացանք, որ Սարդարապատի ճակատամարտի 100—ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում՝ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն ու Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնը, առաջարկում են ճակատամարտի առանցքային հատվածում կազմակերպել հնագիտական աշխատանքներ։ Այս առիթով՝ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում կարեւորելով բարձունքների նշանակությունը՝ ասաց, որ դրանք անգնահատելի դեր են ունեցել ընդհանուր հաղթանակի համատեքստում. «Թերեւս վատ գիտենք մայիսյան հերոսամարտերի պատմությունը։ Երեւի այդ պատճառով է, որ մինչ օրս որեւէ մեկը չի հետաքրքրվել այդ պեղումներով։ Երբ առաջին անգամ «440» բարձունքում բարձրացրին հայոց եռագույնը, թվում էր՝ այնտեղ 1918–ից հետո մարդու ոտք երբեւէ չէր եղել»։ Նրա հիշատակությամբ՝ այստեղ են ընկել քաջարի հերոսներ Վարդան Ջաղինյանը, Կարապետ Սարգսյանը, Երվանդ Տեր—Սիմոնյանը, Արամ Մանուկյանը, Արսեն Սարգսյանը, Նիկոլայ Թոփյանը, Շահեն, Գրիգոր Հակոբյանը, Արտաշես Շահնազարյանը, ուրիշներ։ Այստեղ են տեղի ունեցել հիմնական բեկումնային գործողությունները։ Խորացված պեղումների արդյունքում, կարծում է, որ միանշանակ կգտնվեն թանգարանային առարկաներ. «Անզեն աչքով արդեն իսկ գտանք կրակված եւ չկրակված փամփուշտներ, ձիու պայտ, հրացանի կտոր։ Ռազմական հնագիտության տեսանկյունից այդ դաշտը պետք է պահպանվի ու ամեն մի գտնված առարկա իր տեղում ցուցադրվի։ Սակայն ամենակարեւոր քայլը տարածքում հուշաքար կամ հուշասյուն կանգնեցնելն է։ Այն պետք է զատել, առանձնացնել հերոսամարտի դաշտը, մատնանշել, որ այստեղ են ընկել մեր հերոսները»։ Բարձունքները դուրս են գտնվում հուշահամալիրի տարածքից։ Արիստակեսյանի դիտարկմամբ, այն հարկավոր է ներառել պատմամշակութային հուշարձանների ցանկում, ինչպես նաեւ բարեկարգել եւ դարձնել զբոսաշրջային ուխտատեղի։
Ըստ հնագետ Արսեն Բոբոխյանի հետազոտական նախագծի, Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել ուղիղ գծով՝ Արարատի եւ Արագածի միջեւ ընկած հատվածում, դաշտավայրային եւ նախալեռնային գոտիների սահմանագծին։ Այս տարածքը, հնագետի խոսքերով, պատմության ողջ ընթացքում եղել է «կոնտակտային գոտի»։ Արագածի հարավային փեշերը, որպես թիկունք, իրենց ամրաշինական համակարգով ապահովել են երկրի քաղաքական կենտրոնի՝ Արարատյան դաշտի անվտանգությունը, մինչդեռ դրանց միջանկյալ շրջանը եղել է տեղական/պաշտպանվող եւ եկվոր/հարձակվող ուժերի շփման միջավայր. «Այս իմաստով «Սարդարապատի ֆենոմենը» ավելի ընկալելի է դառնում պատմական զարգացումների համատեքստում եւ բացահայտում է տարածքի (ռազմավարական) կազմակերպման օրինաչափությունները դարերի ընթացքում։ Ավելին, հայկական հիշողությունը (Մովսես Խորենացի) հայոց պետականության ծնունդը կապում է Արարատի եւ Արագածի միջեւ ընկած տարածքի հետ. փաստորեն նույն գոտին է հանդիսանում այդ պետականության վերածննդի առանցքը։ Այս տեսանկյունից «Սարդարապատի ֆենոմեն» ասելիս հասկանում ենք ոչ միայն «ազգային գերլարման»՝ 1918թ. մայիսյան մի քանի օրերը, այլեւ այն ընթացքը, որ հանգեցրել է դրան, եւ այն պատմական օրինաչափությունները, որոնց մեջ տեսանելի է Սարդարապատը»։ Առաջարկվող հնագիտական հետազոտության նպատակը, ըստ Բոբոխյանի, երկակի է՝ գիտական եւ հասարակական։ Առաջինի դեպքում գերխնդիր է համարում հնագիտական հետազոտության միջոցով ճշգրտումներ մտցնել Սարդարապատի ճակատամարտին վերաբերող պատմական հարցերում։ Օրինակ՝ պարզել ճակատամարտի իրական մակերեսը/տարածույթը, զինվորական պարագաները, զինատեսակները, ինչպես նաեւ ներկայացնել հետազոտվող ռազմական լանդշաֆտի պատմական ձեւափոխումները. «Հասարակական իմաստով նպատակ ունենք ներգրավել հանրությանը Հայաստանում երբեք չկիրառված մի միջոցառման, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի, հատկապես երիտասարդների շրջանում։ Հնագիտական հետազոտությամբ կմիաձուլվեն գիտությունը եւ «խաղը»՝ պատմական իրականության գիտակցման եւ, ամենակարեւորը, վերապրման նպատակով»։ Հնագետը կարծում է, որ գիտահասարակական տեսանկյունից այս ոճի աշխատանքը, կարող է ցույց տալ հումանիտար գիտության կարեւորությունը արդի հայ պետականության եւ ինքնության խնդիրների քննարկման համատեքստում՝ շեշտելով, որ ռացիոնալ ու գիտական միջազգային մակարդակին համապատասխանող մոտեցումը հայկական անցյալին կարող է ավելի արդյունավետ գտնվել, քան զուտ զգացականը։ «Այս երեք հարցադրումների հիման վրա առաջարկվող հետազոտությունը, ըստ նախաձեռնող խմբի, կարող է հիմքեր նախապատրաստել մարտադաշտի գոտին հիշարժան վայր եւ ակտիվ բացօթյա թանգարանային ցուցադրական տարածք դարձնելու համար։ Համապատասխանաբար կնախապատրաստվի կառավարության որոշում՝ տարածքին արգելոցի կարգավիճակ շնորհելու մասին։ Սա մեզանում ժառանգության բացահայտման, պահպանության եւ մեկնաբանման նոր տիպի խնդիր է, որը կարող է հիմնավորվել որպես կրթական եւ զբոսաշրջային կարեւոր ռեսուրս»,—շեշտում է Բոբոխյանը։ Ամբողջապես, քայլ առ քայլ նկարագրելով բարձունքներում կատարվելիք հնագիտական աշխատանքների ընթացքը, նա ընդգծում է, որ գիտական ու հասարակական նշանակություն են ունենալու նաեւ այդ աշխատանքների արդյունքները։ Դրանց հիման վրա, ըստ հնագետի, կարելի է իրականացնել տարատեսակ գիտական վերակազմություններ, ձեռքբերումները ներկայացնել տարբեր մոտեցումներով՝ վերարտադրելով ճակատամարտի մանրամասները։ Բացի այդ, արված աշխատանքի հիման վրա հնարավոր է հրատարակել գիտական կամ գիտահանրամատչելի աշխատություն, որը կունենա «Սարդարապատի ճակատամարտի հնագիտություն» վերնագիրը եւ կազմված կլինի ստացված արդյունքների նկարագրությունից ու վերլուծությունից։ Այս նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման աշխատանքները դեռեւս ընթացքում են։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024