ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 12 » Նավերն այնուամենայնիվ բարձրացել են հայկական լեռները
10:15
Նավերն այնուամենայնիվ բարձրացել են հայկական լեռները

Անգլիացի զինվորական Հուբերտ Հուկի՝ «Թայմսի» խմբագրին ուղղված նամակի հետքերով

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները որոշիչ դեր են ունեցել եւ ունեն ոչ միայն Հայաստանի եւ հարեւան երկրների, այլեւ Արեւմուտքի եւ Արեւելքի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նոր աշխարհակարգի հիմքն էր դրվում, մասնավորապես Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների փլուզման արդյունքում առաջացան Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները, որոնց միջեւ հարաբերությունները խիստ լարված էին։
Ժամանակաշրջանը եւ տարածաշրջանային զարգացումները հասկանալու համար հետաքրքիր եւ արժեքավոր կարող է լինել «դրսից» հայացքը, այդպիսին կարելի է համարել անգլիացի գեներալ—լեյտենանտ Հուբերտ Հուկի դեռեւս 1919թ. ապրիլի 17—ին «Թայմս» թերթի խմբագրին գրած նամակը, որտեղ վերջինս անդրադառնում է երեք նորաստեղծ պետություններում տիրող իրադրությանը եւ Անտանտի, մասնավորապես Անգլիայի հետաքրքրություններին։ Նամակի ամբողջական տեքստի մեքենագիր պատճենը հայերեն պահվում է Հայաստանի ազգային արխիվի Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆոնդում (ֆոնդ 200 ց 2 գ 203)։ 
Նամակից պարզ է դառնում, որ մինչ այդ Անդրկովկաս էր այցելել թերթի թղթակիցը, ում դիտարկումները հրապարակվել էին «Թայմսի» ապրիլի 14—ի համարում՝ «Կամավորական բանակը» վերնագրով։ Թղթակցի արտահայտած մտքերին մեծամասամբ համամիտ էր նաեւ անգլիացի զինվորականը։
Հուբերտ Հուկը ահազանգում էր, որ Անդրկովկասում տիրող դրությունը պահանջում է «շուտափույթ եւ անմիջական որոշում», քանի որ երեք հանրապետություններն իրար այնքան են ատում, որ եթե անգլիական ներկայությունը չլիներ, «կշարունակեին իրար կոկորդ բռնել»։ «Արեւմտյան մասում վրացիներն են՝ Թիֆլիս մայրաքաղաքով, արեւելյան մասում՝ Կասպից ծովի ափերին, մահմեդական—թաթարական Ադրբեջան պետությունն է, որի մայրաքաղաքը Բաքուն է, եւ հարավային կողմում՝ սեպաձեւ ընկած այս երկու պետությունների մեջ, հայկական պետությունն է՝ Երեւան մայրաքաղաքով։ Այս վերջին պետությունը ցանկանում է լինել եւ կլինի հավանաբար Մեծ Հայաստան, որը պետք է կազմվի հին տաճկական կայսրությունից»,–գրում է Հ. Հուկը։ Ուշագրավ է, որ անգլիացի զինվորականի համար Ադրբեջան պետությունը չէր նույնանում արհեստականորեն ստեղծված «ադրբեջանցի» անվանման հետ, այլ հստակ նշում է, որ դրանք մահմեդական թաթարներն էին։
Այս տարածաշրջանում տեղի ունեցող բախումները, կոնֆլիտային իրավիճակները Հ. Հուկը գնահատում էր որպես անմիջական վտանգ Արեւմուտքի խաղաղության եւ կայունության համար, իսկ լուծումը մեկն է՝ այնպիսի մակարդակի հասցնել այս պետություններին, որ վերջիններս կարողանան արդյունավետ ինքնակառավարում իրականացնել։ Ահա թե ինչ է գրում նա. «Եթե Մեծ Բրիտանիան իր զորքը հետ քաշի այս երկրից, այն նորից կընկնի բարբարոսության մեջ եւ երկար ժամանակ չի անցնի, որ այս երկրի գործերը եվրոպական խառնակության եւ պատերազմի պատճառ կդառնան, որին Անգլիան ստիպված պիտի լինի միջամտել։ Մյուս կողմից՝ մարդկանց կամ ֆինանսավորման առումով Անգլիան մեծ բան չի կորցնի, եթե բավական մեծ ուժ պահի Անդրկովկասում՝ լավ կառավարություն ստեղծելու եւ բարոյական, մտավոր ու ֆինանսական առաջադիմությունը զարգացնելու համար։ Մոտավորապես երկու դիվիզիա անգլիական կամ հնդկական զորք 1—2 տարվա համար բավական կլինի, եւ միեւնույն ժամանակ տեղում կարելի է կազմակերպել ոստիկանական ուժ»։ Երկիրն աղքատությունից հանելու համար առկա էին օբյեկտիվ հիմքեր. «Անդրկովկասն այնքան բնական հարստության աղբյուրներ ունի, ինչպես, օրինակ, նավթի հանքերը, որ եթե երկիրը կառավարվի ազատամիտ սկզբունքով եւ կարգուկանոն հաստատվի, ապա այն կբարգավաճի, մեծ հարստություն կդիզվի, որի մեծ մասը կգնա ժողովրդի գրպանը»։ Բացի երկրի բարգավաճումից, նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բրիտանական եւ եվրոպական կապիտալն արդեն իսկ մուտք է գործել այս տարածաշրջան։ Կարող ենք փաստել, որ Անտանտը Անդրկովկասը, ի դեմս երեք հանրապետությունների, դիտարկում էր որպես մեկ միասնական, բայց ոչ երբեք առանձին քաղաքական միավոր։ Նման մոտեցումը կարելի է նկատել նաեւ մեր ժամանակներում, երբ ԵՄ—ի եւ ԱՄՆ—ի կողմից քաղաքական, տնտեսական եւ մշակութային քաղաքականությունն իրականացնելիս Անդրկովկասի երեք հանրապետություններին ձգտում են միասին ներգրավվել տարբեր գործընթացների մեջ։
Անդրկովկասում խաղաղություն եւ բարեկեցություն ապահովելը բխում էր Արեւմուտքի շահերից եւ այդ նպատակին հասնելու համար գեներալ—լեյտենանտը նպատակահարմար էր գտնում, որպեսզի որեւէ երկիր որոշ ժամանակով ստանձնի այս տարածաշրջանի մանդատը։ Արդյունքի հասնելու համար, նրա կարծիքով, բավարար կլիներ 10 տարվա «ֆեդերատիվ» համակարգով կառավարումը, ինչը թույլ կտար յուրաքանչյուր պետության զարգացնել եւ կայունացնել պետական համակարգը։ «Այդ ժամանակաշրջանը վերջանալուց հետո պետք է նորից նայել ընդհանուր դրությանը եւ եթե Ռուսաստանն այդ ժամանակաշրջանում արդեն կազմակերպված կլինի, եւ եթե երեք տեղական կառավարությունները ցանկանում են, այն ժամանակ կարող են կցվել մեծ Ռուսաստանին ֆեդերատիվ սկզբունքներով»։ 
Այսօրվա քաղաքական զարգացումների, ինչու չէ նաեւ ամբողջ խորհրդային իշխանության ժամանակաշրջանը հաշվի առնելով՝ տարակուսանք կարող է առաջացնել այն հանգամանքը, որ Անտանտի կողմից ընդունելի կարող էր լինել մեր տարածաշրջանը Ռուսաստանին հանձնելու ցանկությունը։ Սակայն չպետք է աչքաթող անենք այն, որ միայն «լիբերալ եւ դեմոկրատիկ Ռուսաստանի ուժեղ կառավարությանն» են նպատակահարմար գտնում փոխանցել տարածաշրջանի կառավարումը։ Սա կարող ենք դիտարկել որպես քաղաքական, արժեհամակարգային, տնտեսական միասնական համակարգ ստեղծելու տեսլական, այսօրվա տերմինաբանությամբ՝ գլոբալիզացիայի տանող գործընթաց։
Հարյուր տարվա հեռավորությունից կարող ենք փաստել, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, երբ դրանից ճիշտ դասեր չեն քաղում։ Մեր կարծիքով, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող պետությունների բացթողումն այն է, որ Հայաստանը եւ հայկական քաղաքակրթությունը դիտարկվում է Ադրբեջան պետության հետ մեկ հարթության մեջ։ Որքան էլ պատմական արդարություն ասվածը չհամընկնի քաղաքական եւ տնտեսական շահերի հետ, այնուամենայնիվ միայն արդարության հիմքի վրա կառուցված աշխարհակարգը կարող է երկարատեւ կայունություն ապահովել ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024