Աշխատանքային այցով Փարիզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Դասո» ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
***
Նախագահը Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»—ի ղեկավարության հետ։
Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10—ին նախատեսվող գործարար համաժողովին։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին։
***
Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ «Orano» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։
***
ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։
***
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի «Sodial» ընկերության ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը եւ արտահանման հեռանկարները։
Խոսելով մեր երկրի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։