Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա—Հայաստան առեւտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երեւանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, եւ իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաեւ դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում։ Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար՝ ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր։ Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը եւ պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր։
Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արեւային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը եւ ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ՝ այն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը՝ կազմված մի խումբ գործարարներից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության եւ մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Վարչապետը կարեւորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը եւ շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ եւ աշխատատեղերի ստեղծմամբ։
Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաեւ «Հին Երեւան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարեւորությունը եւ այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը։
|