Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24—25—ը Փարիզ կատարած մասնավոր այցի շրջանակում հանդիպում է ունեցել ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»—ի, «Channel»—ի, «Credit Agricole» բանկի, «Aeroport de Paris»—ի, «Lactalis group»—ի, «CNIM»—ի, «Egis—Group»—ի, «Surys»—ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո։ Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ։
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը։
|