ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 26 » Ներքաղաքական լարվածությունը մնում է /Քաղաքական տարբեր ուժեր իրենց վերաբերմունքն են արտահայտում/
11:06
Ներքաղաքական լարվածությունը մնում է /Քաղաքական տարբեր ուժեր իրենց վերաբերմունքն են արտահայտում/

Երեկ մի քանի քաղաքական ուժեր եւ գործիչներ հայտարարել են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։
Դրանցից գլխավորը թերեւս ՀՅԴ—ի հայտարարությունն էր, որում ասված էր.
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը։
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից։ Անցնող օրերի ընթացքում ՀՅ դաշնակցությունը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհության ձեւավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ։
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել։ Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում։
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին։
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝
ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,
բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,
գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով՝ երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,
դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Մինչ այդ շարժմանը միանալու մասին հայտարարել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Անդրանիկ Կարապետյանը։
Իսկ երեկ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կոչ է արել իր անդամներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում դուրս գալ փողոց։
«Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին»,—ասվում է «Բարգավաճ Հայաստան» ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունում։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը՝ որպես քաղաքական ամենամեծ ընդդիմադիր ուժ, ներկայացնելու է նաեւ իրենց մոտեցումները. «Մենք ունենք համընդհանուր մոտեցում Նիկոլ Փաշինյանի հետ, իշխանությունը պետք է հեռանա։ Իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել միայն իշխանության փոխանցման հարցը քննարկելու համար, այլ օրակարգ չի կարող լինել»։
Վարչապետի ընտրության վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ժողովրդի որոշումը պետք է հարգել, բայց հասկանալի է, որ ընտրությունը պետք է կայանա Ազգային ժողովում. «Իրավունքի ուժով մենք խորհրդարանում պետք է կատարենք ընտրություն...»։
Հարցին, եթե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջ քաշվի, ԲՀԿ—ն այն պաշտպանելո՞ւ է, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Մենք կքննարկենք վարչապետի միասնական թեկնածու ունենալու հարցը։ Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է, եւ ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն, բայց դրանք բոլորը քննարկման խնդիր են»։
Շարժմանը միանալու մասին հաղորդագրություն է տարածել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը։
«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,— ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ունենք մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո հանրապետական կուսակցությունը չի հեռանում, եւ որեւէ բան տեղից չի շարժվում։ 
«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, եւ մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,–ասել է նա եւ կարծիք հայտնել, թե նման հնարավորություն կա։
Հայտնենք, որ շարժմանն աջակցում են նաեւ արտախորհրդարանական ուժերը։
«Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանությանը կոչ է արել ընդունել շարժման առաջարկները, իսկ կուսակցականներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել համաժողովրդական ընդվզմանը։
Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը եւ ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին՝ հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն եւ ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին եւ շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության։
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կոչ է արել Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները՝ ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրեւ ժամանակավոր կառավարության ղեկավար։
Ռամկավար ազատական կուսակցությունն էլ հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։ Կուսակցությունում համոզված են, որ միայն կառուցողական բանակցությունների միջոցով է հնարավոր խուսափել իրավիճակի հետագա սրումից եւ անդառնալի կորուստներից։ Բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ուրվագծելու իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, ընդհուպ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է քաղաքական աննախադեպ նոր իրավիճակ։ Կուսակցությունը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, միջազգային հարթակներից հնչող կոչերն ու հորդորները՝ կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու առկա խնդիրները՝ ուղեցույց ունենալով ՀՀ Սահմանադրությունը»,–ասվում է հայտարարության մեջ։
ՌԱԿ—ը հույս է հայտնել, որ կողմերը հանդես կբերեն համապատասխան իմաստություն առկա խնդիրներին ողջախոհ լուծումներ տալու համար։
«Ժառանգություն» կուսակցությունը եւս հանդես է եկել հայտարարությամբ. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ։
Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին։
Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը եւ ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար»։
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են եւ անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը»,–այդ մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։
Նշենք, որ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը երեկ ԱԺ—ում խմբակցության նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների հարցը։
Նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա։
Նա հայտնել է, որ նիստում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարցով վերջնական որոշում չի կայացվել։
Ինչ վերաբերում է վարչապետի ժողովրդի թեկնածուի հարցին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ժողովրդի թեկնածու» ասվածը հարաբերական է։ Ամեն ինչ կարվի Սահմանադրությամբ, եւ Սահմանադրությունը չենք խախտելու»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ—ից կողմ քվեարկեն ընդդիմության վարչապետի թեկնածուին, նա ասել է, որ ՀՀԿ—ն միասնական է։
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ իրենց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը գործընթացին որեւէ կերպ չի մասնակցում։ «Սերժ Սարգսյանն իր հրաժարականով ամեն ինչ ասել է»,–նշել է նա։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանի պայքարին միանալու հարցին, Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Մեր օրակարգում կա այդ հարցը, եւ դա նույնպես կքննարկենք»։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 403 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024